Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ռուս-ադրբեջանական դիվերսիա՝ ընդդեմ Հայաստանի եւ միջազգային անվտանգության

Մայիս 10,2017 22:00

Ռուսաստանի եւ Ադրբեջանի համատեղ խափանարար գործունեությունն
ընդդեմ Հայաստանի Հանրապետության շարունակվում է

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը փակվելու է: Տարածաշրջանում միակը մնացած գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը չլուծվեց Ադրբեջանի դիրքորոշման պատճառով. խափանվեց կոնսենսուսը: Այսքանը՝ ֆորմալ առումով: Հայտնի է, որ ԵԱՀԿ շրջանակներում որոշումն ընդունվում է միայն այն դեպքում, երբ դրան համաձայն են բոլոր անդամ-պետություններն առանց բացառության: Բաքվի դիրքորոշման բացատրություններով հանդես եկավ ԱԳ փոխնախարար Ազիմովը՝ ասելով, որ Ադրբեջանն ունի «լեգիտիմ անհանգստություն» առ այն, որպեսզի գրասենյակը գործունեություն չծավալի, այսպես կոչված, «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», բացի դրանից, «ոչ մի դեպքում» չշոշափի հայ-ադրբեջանական հակամարտության, ինչպես նաեւ նրա կարգավորման հարցերը, խնդրի լուծման քաղաքական, ռազմական, հումանիտար եւ տնտեսական ասպեկտները:

Նախ՝ Երեւանյան գրասենյակը գործել է միայն եւ բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ չկա որեւէ փաստ, որ այն գործունեություն է ծավալել Արցախի Հանրապետությունում: Բացի դրանից, գրասենյակը զբաղվել է զուտ Հայաստանի ներսի խնդիրներով, որոնք եթե կապ ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, ապա անուղղակի, եւ այդ խնդիրների լուծումը, որով եւ զբաղվում էր գրասենյակը, որեւէ կերպ ոչ միայն չե՛ն վնասում, այլեւ չեն էլ առնչվում Ադրբեջանին: Հետեւաբար «շան գլուխն» այլ տեղ է թաղված: Եվ դա ակնհայտ է դառնում, երբ հետեւելով միջազգային արձագանքին՝ տեսնում ենք, որ ի տարբերություն ԵԱՀԿ պաշտոնյաների եւ կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցչության՝ մեր «ռազմավարական դաշնակիցը» պահպանում է քար լռության ռեժիմը, մինչդեռ վերջին տարիներին ԵԱՀԿ կողմից կազմակերպության Երեւանյան գրասենյակի ղեկավար էր նշանակվում հե՛նց ռուսաստանցի դիվանագետ: Ի տարբերություն այլ իրավիճակների, երբ Մոսկվան ընկնում է հիստերիկ ցնցումների մեջ եւ սրան-նրան մեղադրում «ռուսատյացության» մեջ, այս դեպքում ռուսաստանցի դիվանագետը պիտի իր «իրերը հավաքի» եւ լքի Երեւանը, ինչ է թե՝ Բաքուն է այդպես ուզում, եւ բազմանշանակ լռում է:

Առաջին հայացքից այս ամենը կարող է թվալ չափազանց տարօրինակ, եթե հարցին նայենք Ռուսաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր համատեքստից կտրված: Սակայն ինչո՞ւ չնայենք հենց այդ ընդհանուր համատեքստում: Ի՞նչն է խանգարում պաշտոնական Երեւանին, որպեսզի հարցին հե՛նց այդպես էլ նայի եւ հետեւություններ անի նրանից, թե ինչպես եւ ինչու հերթական անգամ Մոսկվայի եւ Բաքվի համատեղ դիվերսիան ընդդեմ Հայաստանի Հանրապետության հասավ իր նպատակին:
Իսկ ընդհանուր համատեքստը շատ պարզ է դառնում, երբ հետեւում ես Ռուսաստանի քայլերի ալգորիթմին: Տարիներ առաջ իր «մտահոգություններն» առաջ տանելով՝ Մոսկվան փակել տվեց Թբիլիսիի ԵԱՀԿ գրասենյակը: Իսկ նրա իրական ռազմավարական դաշնակից Ալիեւի ռեժիմը երբ փակեց ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, ռուսները ոչ միայն որեւէ առարկությամբ հանդես չեկան, այլեւ մերձպաշտոնական շրջանակները մի բան էլ ողջունեցին «սուվերեն» Ադրբեջանի այդ քայլը: Հերթը հասավ Երեւանյան գրասենյակին:

Նախ՝ ռուսները հասան նրան, որ գրասենյակի ղեկավար նշանակվի ռուս դիվանագետ, եւ գոնե ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ Երեւանյան գրասենյակից երբեւէ սկզբունքային դիրքորոշում հայ հասարակությունը չի լսել: Իսկ այսօր Մոսկվայում արդեն դա էլ են համարում անբավարար, եւ միանշանակ տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան պարզապես պատերազմ է հայտարարել ԵԱՀԿ-ին եւ նրա կառույցներին ողջ հետխորհրդային տարածքում, եւ այդ պատերազմում նա «կռվում» է ուրիշի ձեռքերով. Արեւելյան Ուկրաինայում Մոսկվային ենթարկվող զինված խաժամուժը, որն ականի վրա պայթեցնում է դիտորդների ավտոմեքենան կամ կին-դիտորդի նկատմամբ սեռական ոտնձգություն թույլ տալիս, իսկ Հարավային Կովկասում՝ Ալիեւի ռեժիմի ձեռքերով:
Եվ ընդհանրապես, Մոսկվան, հայտարարելով հետխորհրդային տարածքն իր «բացառիկ շահերի գոտի», հստակ քաղաքականություն է վարում՝ ուղղված միջազգային ներկայության, ավելորդ «աչքերի եւ ականջների» վերացմանը, այդ թվում եւ հատկապես՝ Հայաստանում: Ռուսաստանը ձգտում է մոնոպոլիզացնել հակամարտությունների կարգավորման գործընթացը հետխորհրդային տարածքում եւ առաջին հերթին՝ իր «ամենասիրելի» հակամարտության պարագայում, որն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Իսկ Հայաստանի համար սա նշանակում է միջազգային մեկուսացում, Ռուսաստանից՝ առանց այն էլ աննորմալ կախվածության խորացում: Դա պարարտ հող է ստեղծում, որպեսզի իրականություն դառնա այն նախազգուշացումը, որը բարձրաձայնեց «Ֆրիդոմ Հաուսը». չկոնսոլիդացված ավտորիտար ռեժիմը դառնա կոնսոլիդացված: Սա կարող է ունենալ միայն մեկ հետեւանք. Հայոց պետականության եւ պետական քաղաքականության էրոզիա, կենսական աստիճանի վտանգ Արցախի գոյությանը եւ ընդհանրապես հայության գլխին ողջ Կովկասում:

Նույն այս տրամաբանության մեջ է տեղավորվում Ռուսաստանի կողմից անցյալ տարվա քառօրյա պատերազմին հաջորդած Վիեննայի հանդիպման արդյունքների վիժեցումը: Այո՛, Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի Ադրբեջանին փրկի շփման գծում ԵԱՀԿ մշտական մոնիթորինգի ռեժիմից: Ռուսաստանի այս քաղաքականությունը մեկին մեկ համապատասխանում է Ալիեւի ռեժիմի շահերին՝ կապված թե՛ Հայաստանի միջազգային մեկուսացման հետ, թե՛ Ռուսաստանից Հայաստանի կախվածության մեծացման հետ, թե՛ Հայաստանում ազատությունների գլխին կախված սպառնալիքն իրականություն դարձնելու հետ: Բաքվում շատ լավ են հասկանում, որ դրանք այն կարեւորագույն գործոններն են, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի Մոսկվան եւ Բաքուն հասնեն «Լավրովի պլան» կոչված հանցավոր գործարքի կյանքի կոչմանը: Ընդ որում, հենց դրա վերաբերյալ էր «բացատրական աշխատանք» տանում Բաքվում Կրեմլի «խոսացող ենթագիտակցությունը»՝ Ալեքսանդր Դուգինը՝ անելով հայտարարություններ, որոնք Կրեմլն այսօր իրեն թույլ չի տա անելու: Առայժմ:

Իհարկե, այս ամենն իրականություն չէր լինի, եթե պաշտոնական Երեւանն այս աստիճան աղետալի դիվանագիտություն չվարեր, եթե այս աստիճան անհաղորդ չլիներ դեպքերի նման վտանգավոր զարգացմանը, եթե իր պասիվ թողտվությամբ եւ ոչ ադեկվատությամբ չստեղծեր այն պարարտ հողը, որի վրա մեր ապագայի հաշվին բուռն աճ է ապրում այս ամբողջ «եվրասիական» մոլախոտը:

Իսկ քանի Երեւանը հապաղում է ռազմավարական վերանայման, սպառնալիքների վերագնահատման ուղղությամբ ադեկվատ քայլեր ձեռնարկելու գործում, ռուս-ադրբեջանական համատեղ դիվերսիաների շարքում քառօրյա պատերազմին, Վիեննայի պայմանավորվածությունների վիժեցմանը, Ադրբեջանին նավերով զրահատեխնիկայի մատակարարմանը գումարվեց նաեւ Հայաստանի համար կարեւորագույն միջազգային կազմակերպություններից մեկի՝ ԵԱՀԿ-ի գրասենյակի դուրսմղումը մեր երկրից եւ տարածաշրջանից: Այս ամենը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլեւ եվրոպական անվտանգությանը: Եվ ցավոք, սա չի արժանանում պատշաճ արձագանքի նաեւ քաղաքական դաշտի, քաղաքական ուժերի կողմից: Իսկ ո՞վ պետք է լինի պահանջողը, եթե ոչ Հայաստանը, պարոնա՛յք:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

10.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «Նախ՝ Երեւանյան գրասենյակը գործել է միայն եւ բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ չկա որեւէ փաստ, որ այն գործունեություն է ծավալել Արցախի Հանրապետությունում:»

    Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն ԵրԵՎանյան գրասենյակ
    – ականների ռիսկերից բնակչության անվտանգության ապահովման նպատակով՝ Հումանիտար
    ականազերծման և փորձագիտական կենտրոնին աջակցությամբ,
    https://www.osce.org/hy/yerevan/255711?download=true
    Եթե ես չեմ սխալվում՝ սա իրականացվել է Արցախում. և ավելի ճիշտ կլիներ դա նշելը և հումանիտար գործունեության խոչընդոտման վրա շեշտադրելը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031