Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը 2017 թ. ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ

Մայիս 10,2017 10:53

2017 թ. ապրիլի 2-ին թիվ 2 ընտրական տարածքում /Աջափնյակ վարչական շրջան/ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրականացրած դիտորդական առաքելության զեկույցը

Ամփոփում

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (այսուհետ` ԿԸՀ) հավատարմագրվելուց հետո 2017 թ. ապրիլի 2-ին անցկացված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում տեղական դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 2 ընտրական տարածքի թիվ 6 տարածքային ընտրական հանձնաժողովի ընտրական տեղամասերում` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում:

Ընտրական գործընթացը գնահատվում է` ելնելով ՀՀ օրենսդրությունից և ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներից: Սույն զեկույցը ներառում է քվեարկության օրվա (2017 թ. ապրիլի 2) դիտարկումների արդյունքներն ու գնահատականները: Դիտարկումն իրականացվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 52 տեղամասերում (6/01-6/52), առավոտյան ժամը 07:00-ից մինչև հանձնաժողովների արձանագրությունների կազմումը (յուրաքանչյուր տեղամասում` 2-ական դիտորդ` նախօրոք մշակված ժամանակացույցի համաձայն): Զեկույցը չի անդրադառնում նախընտրական շրջանի դիտարկումներին:

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունն ուղեկցվել է բազմաթիվ թերություններով, այդ թվում` վատ վարչարարությամբ և ՀՀ ընտրական օրենսգրքի խախտումներով: Արձանագրվել են ընտրողների ուղղորդումներ, քվեարկության վերահսկողություն, կրկնակի և բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր և փորձեր, կողմնակի անձանց ներկայություն տեղամասերում: Կիրառվել են ընտրողների ինքնությունը բացահայտող տարբեր մեթոդներ` սկսած ծրարներում դրված կտրտված թերթիկներից մինչև գունավոր գրիչների կիրառում:

Դիտարկված տեղամասերում հաճախ խախտվել են քվեարկության կարգը և գաղտնիությունը: Համատարած եղել են կուտակումներ ընտրական կենտրոնների շուրջ, մեքենաներով մարդկանց տեղափոխումներ ընտրական տեղամասեր: Բազմաթիվ ընտրատեղամասերում ներկա են եղել կողմնակի անձինք, որոնք իրականացրել են որևէ կուսակցության կամ կուսակցության դաշինքի, նրանց թեկնածուների շահերին ուղղորդված աշխատանքներ:

Ի սկզբանե մտահոգիչ է եղել այն հանգամանքը, որ ԿԸՀ-ի կողմից հավատարմագրվել են 49 տեղական կազմակերպություններից 28 հազար դիտորդներ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից դիտարկված տեղամասերում մի շարք տեղական կազմակերպություններից ներկայացված դիտորդները հետապնդել են կուսակցական շահեր («Ծառուկյան» դաշինք և ՀՀԿ), ուղղորդել ընտրողներին, օգնել քվեարկել, փորձել ցուցումներ տալ ՏԸՀ անդամներին, վերահսկել քվեարկության ընթացքը, զբաղվել բանավոր քարոզչությամբ և այլն: Այդ կազմակերպություններն են` «Լիարժեք կյանք», «Մարզային նախաձեռնությունների և ծրագրերի զարգացման կենտրոն», «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն», «Միացյալ առաջնորդների պալատ», «Եվրասիական ինտեգրացիա», «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ», «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ», «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»: Գրեթե բոլոր տեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) անդամները բավարար չափով չեն տիրապետել քվեարկության ընթացքի կարգին:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ստորև ներկայացնում է դիտորդության արդյունքները:

Դիտորդական առաքելության արդյունքները

1.   Ընտրական տեղամասերի հասանելիությունը, կահավորումը, տեխնիկական խնդիրներ

             Բազմաթիվ տեղամասեր մատչելի չեն եղել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար, բացակայել են տեսողության խնդիրներ ունեցող անձանց քվեարկության կազմակերպման համար նախատեսված հատուկ միջոցները, պատշաճ կահավորված չեն եղել քվեարկության սենյակները, ինչպես նաև գրեթե բոլոր տեղամասերում արձանագրվել են էլեկտրոնային գրանցման սարքերի խափանումներ:

  1. Տեղամասերի անհասանելիությունը հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար

Թիվ 01, 08, 09, 11, 12, 13, 17, 18, 19, 20, 24, 31, 32, 33, 35, 36, 38, 40, 45, 46, 49, 51, 52 տեղամասերը մատչելի չեն եղել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար, բացակայել են թեքահարթակները կամ դրանք ձևական են եղել և գործնականում կիրառելի չեն եղել:

 

  1. Տեսողության խնդիրներ ունեցող անձանց քվեարկության կազմակերպման համար հատուկ միջոցների բացակայությունը

Թիվ 01, 02, 12, 13, 29, 36, 45, 47 տեղամասերում բացակայել են տեսողության խնդիրներ ունեցող անձանց քվեարկության կազմակերպման համար նախատեսված հատուկ միջոցները:

  1. Էլեկտրոնային գրանցման սարքերի խափանումներ

Տեղամասերում համատարած արձանագրվել են էլեկտրոնային գրանցման սարքերի աշխատանքի հետ կապված խնդիրներ: Թիվ 01, 02, 04, 05, 06, 08, 09, 11, 13, 15, 17, 18, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 28, 29, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 42, 43, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52 տեղամասերում սարքը դժվարությամբ է ընթերցել ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը կամ մատնահետքերը, իսկ թիվ 06, 13, 19, 28, 29, 31, 43, 50 տեղամասերում սարքը խափանվել է կամ արգելափակվել:

  1. Քվեարկության սենյակի կահավորում

Թիվ 08, 13, 16, 17, 36, 38 տեղամասերում քվեախցիկների հետևում եղել է պատուհան, միջանցք, աստիճան կամ բացվող դուռ, որը ընտրողի քվեարկության գաղտնիության բացահայտման վտանգ է ստեղծել: Թիվ 08, 20 տեղամասերի քվեարկության սենյակների տարածքը փոքր է եղել և դժվարություններ առաջացրել քվեարկության բնականոն ընթացքը և քվեասենյակում գտնվելու իրավունք ունեցող անձանց գործունեությունն ապահովելու համար: Թիվ 14 և 15, 26 և 27, 38 և 39 տեղամասերը գտնվել են նույն վայրում` միմյանց հարևանությամբ, ինչի պատճառով հերթեր են գոյացել, տեղի է ունեցել տեղամասերի միջև անձանց անցուդարձ, իսկ ընտրողները հաճախ շփոթել են տեղամասերը[1]:

2.   Հանձնաժողովի անդամների կողմից գործառույթների ոչ պատշաճ կատարում

         Դիտարկված տեղամասերում ՏԸՀ ոչ բոլոր անդամներն են պատշաճ տիրապետել քվեարկության ընթացքի կարգին: Խնդիրը հիմնականում պայմանավորված է եղել քվեարկության ընթացակարգերի բարդությամբ (ԿԸՀ-ի կազմակերպած ուսուցողական դասընթացները բավարար չեն եղել ՏԸՀ-ների անդամների կողմից այդ ընթացակարգերը լիարժեք յուրացնելու համար[2]), սակայն բազմաթիվ դեպքերում ՏԸՀ անդամները գիտակցաբար խախտել են քվեարկության ընթացքի կարգը (օրինակ` քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ընթացքում ընդմիջում անելը[3]) կամ անտարբերություն դրսևորել քվեարկության ընթացքի կարգի նկատմամբ (օրինակ` վիճակահանությամբ սահմանված հանձնաժողովի անդամների հերթափոխի կարգի խախտումները[4]):

 

  1. Քվեաթերթիկների բացակայություն քվեախցիկների ներսում (մինչև քվեարկության սկսվելը):

Թիվ 01, 02, 06, 07, 14, 15, 18, 19, 20, 22, 23, 24, 25, 26, 29, 30, 34, 33, 35, 36, 41, 42, 44, 45, 47, 48 տեղամասերում մինչև քվեարկության սկսվելը քվեախցիկներում տեղադրված արկղերում չեն եղել չօգտագործված քվեաթերթիկներ[5]:

 

  1. Վիճակահանությամբ սահմանված հանձնաժողովի անդամների հերթափոխի կարգի խախտում:

Թիվ 10, 14, 16, 21 տեղամասերում ՏԸՀ անդամների գործառույթների փոփոխությունը ոչ միշտ է կատարվել ըստ վիճակահանությամբ սահմանված հերթափոխի:

 

  1. Կուտակումներ ընտրական տեղամասերում

Թիվ 02, 03, 06, 09, 11, 12, 13, 16, 17, 19, 20, 43, 46 տեղամասերում եղել են մարդկանց կուտակումներ, որոնց պատճառով վտանգվել է քվեարկության բնականոն ընթացքը: ՏԸՀ նախագահները ոչ միշտ են կարգավորել իրավիճակը[6]:

 

  1. Քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ընդհատումներ

Թիվ 02, 03, 04, 05, 11, 20, 21, 22, 26, 46 տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ընդմիջում են արել:

 

  1. Ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող անձանց օգնելը

Թիվ 03, 04, 05, 12, 13, 18, 19, 25, 26, 39, 42, 45, 49 տեղամասերում ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող անձանց օգնողների տվյալները չեն գրանցվել գրանցամատյանում: Թիվ 13, 14, 24, 25, 30, 50, 52 տեղամասերում ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող անձանց օգնել են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձինք:

Թիվ 6/4 տեղամասում ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող ընտրողին օգնել է «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» կազմակերպության դիտորդը:

Թիվ 6/42 տեղամասում ՏԸՀ նախագահն ինքն է փորձել օգնել ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող ընտրողներին:

 

  1. Քարոզչական նյութեր տեղամասերում

Թիվ 14, 15, 16, 17, 19 տեղամասերում փակցված են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ թիվ 16 տեղամասում` նաև նախկին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի լուսանկարները: Դիտորդների կողմից ՏԸՀ-ին դիմելուց հետո նկարները կա´մ ծածկվել են, կա´մ հեռացվել:

 

  1. Սահմանված թիվը գերազանցող թվով դիտորդների և վստահված անձանց ներկայություն, վկայականը կրելու կարգի խախտումներ

Դիտարկված տեղամասերում եղել են դեպքեր, երբ նույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից ներկա են եղել երկուսից ավելի վստահված անձինք, իսկ տեղական կազմակերպություններից` մեկից ավելի դիտորդներ[7]: Որոշ դիտորդներ և վստահված անձինք տեսանելի կերպով չեն կրել վկայականները[8]:

 Թիվ 6/05 տեղամասում միաժամանակ ներկա են եղել երկուսից ավելի ՀՀԿ վստահված անձինք:

Թիվ 6/08 տեղամասում «Լիարժեք կյանք» կազմակերպությունից ներկա է եղել 2 դիտորդ:

Թիվ 6/09 տեղամասում «Միացյալ առաջնորդների պալատ» կազմակերպությունից տեղամասային կենտրոնում միաժամանակ ներկա է եղել 3 դիտորդ: Երրորդ դիտորդը ՏԸՀ որոշմամբ հեռացվել է տեղամասային կենտրոնից:

Թիվ 6/10 տեղամասում «Վերականգնում» կազմակերպությունից տեղամասային կենտրոնում միաժամանակ ներկա է եղել 2 դիտորդ:

Թիվ 6/12 տեղամասում «Հայկական վերածնունդ» կուսակցության, «Ծառուկյան» դաշինքի վստահված անձինք, «Լիարժեք կյանք» և «Տնտեսական և սոցիալական իրավունք» կազմակերպությունների դիտորդները տեսանելի կերպով չեն կրել իրենց վկայականները:

Թիվ 6/14 տեղամասում «Միացյալ առաջնորդների պալատ» կազմակերպությունից միաժամանակ 2 դիտորդ է ներկա եղել: Քվեարկության ընթացքում ևս մեկն է միացել նրանց, ում վկայականը պատճենված է եղել, իսկ անունը բացակայել է: Զգուշացումից հետո նա հեռացել է և որոշ ժամանակ անց վերադարձել նոր, պատճենված «ԺԻՄԿ» կազմակերպության դիտորդի վկայականով (Նարեկ Դունոյան), սակայն չի կարողացել ներկայացնել կազմակերպության ամբողջական անվանումը: Հելսինկյան կոմիտեի դիտորդի ահազանգից հետո ՏԸՀ որոշմամբ հեռացվել է տեղամասից: Ավելի ուշ նույն անձը կրկին վերադարձել է, սակայն ՏԸՀ նախագահը նրան ուղղորդել է թիվ 6/15 ընտրատեղամաս (որը նույն շենքում էր), կազմվել է հեռացման մասին արձանագրություն:

 Թիվ 6/16 տեղամասում «Միացյալ առաջնորդների պալատ» կազմակերպությունից միաժամանակ երեք դիտորդ է եղել: ՏԸՀ-ի պահանջով երկուսը հեռացել են:

 Թիվ 6/20 տեղամասում միաժամանակ ներկա են եղել ՀՀԿ 3 վստահված անձինք:

Թիվ 6/25 տեղամասում ՀՅԴ և ՀՀԿ վստահված անձինք վկայականը տեսանելի կերպով չեն կրել, սակայն ՏԸՀ նախագահը ոչ մի քայլ չի ձեռնարկել:

Թիվ 6/27 տեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձինք տեսանելի կերպով չեն կրել վկայականները` անգամ ՏԸՀ նախագահի զգուշացումից հետո:

Թիվ 6/28 տեղամասում քվեարկության սենյակում ներկա են եղել երկուսից ավելի ՀՀԿ վստահված անձինք: Տեղամասում նաև ներկա են եղել «Ծառուկյան» դաշինքի երեք վստահված անձինք, երրորդը հեռացվել է:

Թիվ 6/39 տեղամասում «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» կազմակերպությունից ներկա են եղել մեկից ավելի դիտորդ, իսկ ՀՀԿից` 2-ից ավելի վստահված անձինք: ՏԸՀ որոշմամբ նրանք հեռացվել են տեղամասից:

Թիվ 6/45 տեղամասում «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» կազմակերպությունից միաժամանակ երկու դիտորդ է եղել: Հելսինկյան կոմիտեի դիտորդի զգուշացումից հետո նրանցից մեկը դուրս է եկել տեղամասից, ապա վերադարձել` փոխարինելու:

Թիվ 6/46 տեղամասում ՀՀԿի երկրորդ վստահված անձը ներկայացել էր տեղամասային կենտրոն չլրացված վկայականով:

  

  1. ՏԸՀ-ի կողմից թույլ տրված այլ անճշտություններ և խախտումներ

 Թիվ 6/08, 6/34, 6/45, 6/46 տեղամասերում քաղաքացու անվան դիմաց ցուցակում ստորագրված է եղել:

Թիվ 6/07, 6/14, 6/20, 6/24 տեղամասերում ՏԸՀ անդամները պարբերաբար հեռախոսով տեղեկություններ են փոխանցել ընտրությանը մասնակցած և չմասնակցած քաղաքացիների մասին:

Թիվ 6/12 տեղամասում ձայների հաշվարկի ժամանակ X և VV նշումներով երկու քվեաթերթիկ վավեր են համարվել:

Թիվ 6/21 տեղամասում քվեարկության սկզբում ընտրողների ցուցակում ստորագրությունների դիմաց գրվել են նաև ընտրողի անձնագրային տվյալները, իսկ ծրարների վրա բացի ինքնասոսնձվող դրոշմանիշից նաև կնիք է դրվել:

Թիվ 6/22 տեղամասում մի ընտրող մեկ այլ ընտրողի փոխարեն է ստորագրել:

Թիվ 6/25 տեղամասում ՏԸՀ-ն անճշտությունները շտկելու նպատակով իրականությանը չհամապատասխանող թվեր է գրանցել արձանագրությունում: Էլեկտրոնային գրանցման սարքի և ընտրողների ցուցակի թվերի հետ անհամապատասխանություն է եղել, թվերի տարբերությունը կազմել է 14: Հայտնաբերվել են ստորագրված, բայց չկնքված, կնքված չստորագրված և չկնքված կտրոններ:

Թիվ 6/34 տեղամասում հանձնաժողովի նախագահը չհրկիզվող պահարանը մշտապես բաց վիճակում է պահել:

Թիվ 6/40 տեղամասում քվեարկության ավարտից հետո էլեկտրոնային գրանցման սարքի ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանքը չի տրամադրել դիտորդներին և վստահված անձանց:

Թիվ 6/45 տեղամասում ՏԸՀ-ի քարտուղարն ինքն է լրացրել «Ժողովրդավարություն և իրավական գործընթացներ» կազմակերպության դիտորդների վկայականները:

Թիվ 6/48 տեղամասում ՏԸՀ նախագահը փորձել է օգնել ընտրողներից մեկին, սակայն դիտորդների զգուշացումից հետո հրաժարվել է օգնելուց:

Թիվ 6/52 տեղամասում ձայների հաշվարկի ընթացքում բացահայտվել է, որ ընտրողների ցուցակում մեկ անձի անվան դիմաց ստորագրված և կնքված չէ, սակայն տեխնիկական սարքի կողմից տպված և ՏԸՀ անդամի անհատական կնիքով կնքված կտրոնն առկա է: ԸԸՀ-ից կարգադրել են ցուցակում անձի անվան դիմաց նշում կատարել և հաշվարկել: Ձայների հաշվարկի ընթացքում թեկնածուի անվան առջև դրված + նշանով քվեաթերթիկը համարվել է վավեր:

Դիտարկված տեղամասերից չորսում քվեարկության արդյունքների արձանագրությունների քաղվածքների և ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների արդյունքների տվյալների միջև եղել են անհամապատասխանություններ`

Տեղամասի համարը Ըստ քվեարկության արդյունքների արձանագրության քաղվածքի Ըստ ԿԸՀ հրապարակած ընտրությունների արդյունքների
6/10 «Ելք» դաշինք – 73 ձայն «Ելք» դաշինք – 75 ձայն
6/39 «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» – 14 ձայն «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» – 17 ձայն
6/45 «Ծառուկյան» դաշինք – 455 ձայն «Ծառուկյան» դաշինք – 454
6/51 «Հայ հեղափոխական դաշնակցություն» – 41 ձայն «Հայ հեղափոխական դաշնակցություն» – 36 ձայն

 3.   Հանձնաժողովի անդամների գործառույթների նկատմամբ միջամտություններ

Տեղամասային կենտրոններում ներկա գտնվող որոշ վստահված անձինք և տեղական դիտորդներ փորձել են կարգավորել քվեարկության ընթացքը և ցուցումներ տալ ՏԸՀ անդամներին: Նկատվել են դեպքեր, որ նշված անձինք միջամտել են ՏԸՀ անդամի գործունեությանը, փոխարինել են նրանց, մասնակցել ձայների հաշվարկին և այլն:

Թիվ 6/03 տեղամասում շրջիկ արկղը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից բերվել է տեղամաս ժամը 18:20-ին: Ըստ ՏԸՀ նախագահի` հիվանդանոցում շրջիկ արկղը տեղափոխող ՏԸՀ անդամից վերցվել է, և տեղի է ունեցել քվեաթերթիկների լցոնում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին: Նշենք, որ համաձայն ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների արձանագրության քաղվածքի`այս տեղամասում ամենաշատ ձայներ դարձյալ ստացել է ՀՀԿ-ն (510), իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ստացած քվեներով (283) առաջ է անցել մեծ մասամբ երկրորդ արդյունք գրանցած «Ծառուկյան» դաշինքից (206 քվե):

Թիվ 6/04 տեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձը ցուցումներ է տվել քվեատուփի մոտ նստած ՏԸՀ անդամին:

Թիվ 6/05 տեղամասում «Մարզային նախաձեռնությունների և ծրագրերի զարգացման կենտրոն», «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» կազմակերպությունների դիտորդները պարբերաբար ցուցումներ են տվել ՏԸՀ անդամներին:

Թիվ 6/06 տեղամասում ներկա դիտորդը փոխարինել է ընդմիջման գնացող ՏԸՀ անդամին: ՀՀԿ վստահված անձինք մասնակցել են քվեաթերթիկների հաշվարկին և փորձել ՀՀԿ օգտին քվեարկված քվեաթերթիկները իրենց մոտ հավաքել:

Թիվ 6/07 տեղամասում ներկա գտնվող դիտորդը փոխարինել է ընդմիջման գնացող ՏԸՀ անդամին:

Թիվ 6/08 տեղամասում ձայների հաշվարկի ժամանակ ՀՀԿ վստահված անձինք պահանջել են ՏԸՀ նախագահից և քարտուղարից վավեր համարել որոշ քվեաթերթիկներ:

Թիվ 6/11 տեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձը անմիջականորեն մասնակցել է քվեաթերթիկների հաշվարկին: «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ վստահված անձինք փորձել են կարգադրություններ անել ՏԸՀ անդամներին:

Թիվ 6/12, 6/14 տեղամասերում ՀՀԿ վստահված անձը որոշ ժամանակ եղել է քվեատուփի մոտ և բացել-փակել է քվեատուփի ճեղքը, անմիջական մասնակցություն ունեցել ձայների հաշվարկին:

Թիվ 6/13 տեղամասում ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինքի վստահված անձինք փորձել են կարգադրություններ անել ՏԸՀ անդամներին:

Թիվ 6/16 տեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձինք անմիջական մասնակցություն են ունեցել ձայների հաշվարկին: Ոստիկանը մի քանի անգամ ՏԸՀ նախագահից պահանջել է ցույց տալ գրանցամատյանը:

Թիվ 6/17, 6/18 տեղամասերում «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» կազմակերպության դիտորդները քվեարկության ընթացքում փորձել են կարգադրություններ անել, իրենց վրա վերցնել ՏԸՀ նախագահի գործառույթները:

Թիվ 6/20 տեղամասում ՀՀԿ վստահված անձը և «Եվրասիական ինտեգրացիա» կազմակերպության դիտորդը փորձել են կարգադրություններ անել ՏԸՀ անդամներին, որի հետևանքով վիճաբանություն է սկսվել: «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» կազմակերպության դիտորդը նույնպես փորձել է կարգադրություններ անել, իր վրա վերցնել ՏԸՀ նախագահի գործառույթները: «Միջազգային առաջնորդների պալատ» կազմակերպության դիտորդը փորձել է օգնել ՏԸՀ նախագահին դուրս հանել քվեախցիկներում առկա չօգտագործված քվեաթերթիկները, ինչի համար նախագահի կողմից դիտողություն է ստացել: Տարբեր կազմակերպությունների դիտորդներ մասնակցել են քվեաթերթիկների հաշվարկի գործընթացին և հեռախոսով պարբերաբար տվյալներ փոխանցել: «Եվրասիական ինտեգրացիա» կազմակերպության դիտորդի պնդմամբ` ՀՀԿ-ի օգտին քվեարկած ակնհայտորեն անվավեր քվեաթերթիկը համարվել է վավեր (քվեաթերթիկում համապատասխան նշանի փոխարեն եղել է ստորագրություն):

Թիվ 6/22 տեղամասում ձայների հաշվարկի ժամանակ վստահված անձինք փորձել են միջամտել ՏԸՀ աշխատանքներին: «Ծառուկյան» դաշինքի վստահված անձը փորձել է կարգադրություններ անել ՏԸՀ անդամներին, սակայն ՏԸՀ նախագահը դիտողություն է արել և զգուշացրել, որ կհեռացվի:

4.   Դիտորդական առաքելության խոչընդոտներ և դիտորդի նկատմամբ ճնշումներ

Որոշ ընտրատեղամասերում խոչընդոտվել է դիտորդական առաքելության իրականացումը: Խոչընդոտները որոշ դեպքերում կապված են եղել ընտրությունների կարգի վերաբերյալ ՏԸՀ անդամների ոչ լիարժեք իրազեկվածության հետ, իսկ որոշ դեպքերում միտումնավոր սահմանափակվել են դիտորդների իրավունքները:

Թիվ 6/15 և 6/37 տեղամասերում խոչընդոտվել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների մուտքը տեղամասեր: ՏԸՀ նախագահները պատճառաբանել են, թե քանի որ տեղամասում արդեն կա մեկ տեղական դիտորդ, չեն կարող թույլատրել երկրորդ դիտորդի ներկայությունը: ԸԸՀ-ի հետ խորհրդակցելուց հետո միայն համապատասխան նախագահները թույլատրել են Հելսինկյան կոմիտեի դիտորդներին տեղամաս մտնել:

Թիվ 6/25 տեղամասում ՀՀԿ վստահված անձը սպառնացել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին: ՏԸՀ-ն դիտորդին չի տրամադրել գրանցամատյանում գրանցված ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող ընտրողների թիվը, պատասխանելով` «դրա ժամանակը չի»:

Թիվ 6/34 տեղամասում ՏԸՀ նախագահը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդից պահանջել է որակավորման վկայական:

Թիվ 6/45 տեղամասում Հելսինկյան կոմիտեի դիտորդին անհիմն մեղադրել են քվեարկության սենյակում նկարահանում կատարելու մեջ:
5.   Ընտրության վերահսկողություն, ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության բացահայտում

Բազմաթիվ տեղամասային կենտրոնների հարակից տարածքներում (մինչև 50 մետր շառավղով) եղել են մարդկանց և ավտոմեքենաների կուտակումներ (ընդհանուր` 25 տեղամաս): Հավաքված անձինք դիմավորել են քվեարկության եկող ընտրողներին, խմբերով կամ առանձին-առանձին ուղեկցել տեղամասային կենտրոններ: Նրանցից շատերը պարբերաբար հաղորդակցվել են տեղամասային կենտրոնում գտնվող ՀՀԿ կամ «Ծառուկյան» դաշինքի վստահված անձանց կամ տեղական մի շարք կազմակերպությունների դիտորդների հետ: Նշված տեղական կազմակերպությունների դիտորդները ներկայացրել են կուսակցական շահեր` որոշ դեպքերում բացահայտ խոստովանելով դրա մասին: Քվեարկության եկող քաղաքացիները հաճախ բացահայտում էին իրենց կատարած ընտրությունը` քվեաթերթիկը ցուցադրաբար դնելով ծրարի մեջ քվեախցիկից դուրս կամ բարձրաձայն հայտարարելով կատարված ընտրության մասին: Բազմաթիվ են եղել ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողներին նույն անձանց կողմից օգնելու, ինչպես նաև մի քանի անձի կողմից միաժամանակ քվեարկության խցիկ մուտք գործելու դեպքերը: Թիվ 09, 27, 30, 52 տեղամասերում տեղի են ունեցել կրկնակի քվեարկության փորձեր:

  1. Մեկից ավելի անձանց մուտքը քվեախցիկ

Գրեթե բոլոր տեղամասերում տեղի են ունեցել միաժամանակ մեկից ավելի անձանց կողմից քվեախցիկ մուտք գործելու դեպքեր (թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 18, 19, 20, 21, 24, 29, 33, 34, 35, 36, 37, 38, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52 տեղամասերում): Ընտրողի հետ հաճախ քվեախցիկ են մտել ընտանիքի անդամները կամ ընտրողին ուղեկցող կողմնակի անձինք:

 

  1. Քվեաթերթիկի լուսանկարահանում

Թիվ 06, 08, 19, 31, 32 տեղամասերում ընտրողները քվեախցիկում լուսանկարահանել են իրենց լրացրած քվեաթերթիկները (Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդները լսել են լուսանկարահանման ձայնը կամ նկատել տեսախցիկի արձակած լույսը):

 

  1. Քվեաթերթիկներում տարբերվող գույնի գրիչներով կատարված նշումներ, ծրարներում առկա կողմնակի առարկաներ

Թիվ 03, 05, 07, 11, 14, 20 տեղամասերում ձայների հաշվարկի ընթացքում եղել են կապույտից տարբերվող գույնի թանաքով լրացված քվեաթերթիկներ` քվեարկված ՀՀԿ օգտին (թիվ 03 և 05 տեղամասերում` ՀՀԿ թեկնածու Արման Գալուստի Սահակյանի օգտին): Թիվ 11 տեղամասում կանաչ գույնով քվեարկված են եղել ՀՀԿ, իսկ կարմիրով` «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկները: Թիվ 02, 03 տեղամասերում ձայների հաշվարկի ժամանակ ծրարներում առկա են եղել թղթի կտորներ:

 

  1. Բաց քվեարկություն

Թիվ 02, 05, 06, 07, 09, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 19, 20, 22, 23, 26, 27, 28, 29, 31, 30, 34, 35, 37, 38, 39, 41, 42, 44, 46, 47, 50, 51, 52 տեղամասերում եղել են քվեաթերթիկը քվեախցիկից դուրս լրացնելու դեպքեր: Բազմաթիվ ընտրողներ լրացրել կամ լրացված քվեաթերթիկները ծրարի մեջ են դրել քվեախցիկից դուրս: Շատ դեպքերում ընտրողները կատարած քվեարկության մասին տեղեկացրել են տեղամասային կենտրոնում գտնվող վստահված անձանց, տեղական դիտորդներին, ՏԸՀ անդամներին, կողմնակի անձանց կամ բարձրաձայն հայտարարել կատարած ընտրության կամ նախընտրած քաղաքական ուժի մասին:

Թիվ 6/05 տեղամասում բազմաթիվ ընտրողներ իրենց ընտրության մասին տեղեկացրել են «Մարզային նախաձեռնությունների և ծրագրերի զարգացման կենտրոն», «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» կազմակերպության դիտորդներին (Արամ Շահբազյան, Համլետ Խալաթյան):

Թիվ 6/06 տեղամասում արձանագրվել են դեպքեր, երբ ընտրողները իրենց ընտրության մասին տեղեկացրել են ՀՀԿ վստահված անձանց:

Թիվ 6/07 տեղամասում որոշ ընտրողներ բացահայտ ցուցադրել են իրենց լրացրած քվեաթերթիկները:

Թիվ 6/11 տեղամասում ընտրողները իրենց կատարած ընտրության մասին հաճախ տեղեկացրել են «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ վստահված անձանց կամ բարձրաձայն հայտարարել:

Թիվ 6/12 տեղամասում որոշ ընտրողներ քվեարկելուց հետո գլխով հավանության նշան են արել վստահված անձանց:

Թիվ 6/13 տեղամասում եղել են ընտրողներ, ովքեր քվեարկելիս միմյանց հետ զրույցի են բռնվել և բարձրաձայն հայտնել իրենց ընտրության մասին:

Թիվ 6/14 տեղամասում բազմաթիվ ընտրողներ բարձրաձայնել են իրենց կատարած ընտրության մասին: Ըտրողներից մեկը ընտրատեղամաս է եկել քվեաթերթիկի նմուշի օրինակով` «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մեկի դիմաց նշումով: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը զգուշացրել է ՏԸՀ նախագահին, նմուշը վերցվել է: ՏԸՀ անդամը քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների տվյալներ է հայտնել այլ անձանց:

Թիվ 6/15 տեղամասում տարեց քաղաքացին քվեախցիկից զանգել է և բարձրաձայն հարցրել, թե ո´ւմ պետք է ընտրի:

Թիվ 6/16 տեղամասում բազմաթիվ ընտրողներ բարձրաձայն հայտարարել են իրենց կատարած ընտրության մասին: Մի կին քվեախցիկից դուրս է քվեարկել ՀՀԿ-ի օգտին, սակայն ՏԸՀ նախագահը գրանցամատյանում արձնագրություն չի կազմել, պատճառաբանելով, թե «չի ցանկանում ավելորդ խնդիր ունենալ»: Մեկ այլ քաղաքացի զրույցի ընթացքում ասել է, որ ՀՀԿ-ին է ընտրելու, «քանի որ իրեն դրսում սպասում են, որ գումար տան»:

Թիվ 6/17 տեղամասում ընտրողը քվեախցիկից դուրս բացահայտ քվեարկելով ՀՀԿ-ի օգտին վեճի է բռնվել ՏԸՀ անդամների հետ: Հաճախ ընտրողները քվեարկելուց հետո իրենց ընտրության մասին տեղեկացրել են «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» կազմակերպության դիտորդին, որը պարբերաբար դուրս է եկել ընտրատեղամասից և զրուցել տեղամասի մուտքի մոտ կանգնած 7-8 կողմնակի անձանց հետ:

Թիվ 6/19 տեղամասում մի տարեց կին բարձրաձայն հարցրել է, թե «ինչպե՞ս պետք է քվեարկել ՀՀԿ-ի օգտին»:

Թիվ 6/21 տեղամասում քվեախցիկ մտնելուց առաջ բազմաթիվ ընտրողներ, վերցնելով քվեաթերթիկները, բացահայտ առանձնացրել են 6-րդ համարի (ՀՀԿ) քվեաթերթիկը:

Թիվ 6/21 տեղամասում որոշ ընտրողներ քվեարկելուց հետո քվեարկության մասին տեղեկացրել են դիտորդներին: Ընտրողները հաճախ քվեաթերթիկները դուրս են բերել քվեախցիկից և հարցրել ՏԸՀ նախագահին` արդյոք ճի՞շտ են ընտրել:

Թիվ 6/22 տեղամասում եղել են դեպքեր, երբ ընտրողները բարձրաձայնել են իրենց կատարած ընտրության մասին:

Թիվ 6/24 տեղամասում եղել են դեպքեր, երբ ընտրողները հայացքով կամ շշուկով իրենց կատարած ընտրության մասին տեղեկացրել են ՏԸՀ անդամներին կամ վստահված անձանց:

Թիվ 6/25 տեղամասում մի քանի քաղաքացիներ իրենց կատարած ընտրության մասին տեղեկացրել են ՀՀԿ վստահված անձին:

Թիվ 6/26 տեղամասում եղել են դեպքեր, երբ ընտրողները «Լիարժեք կյանք» կազմակերպության դիտորդներին տեղեկացրել են իրենց ընտրության մասին, ասելով` «6-ի 10-ը»: Մի կին 4-րդ համարի քվեաթերթիկը առանց ծրարի մեջ դնելու փորձել է ցուցադրաբար գցել քվեատուփի մեջ:

Թիվ 6/28 տեղամասում եղել են դեպքեր, երբ ընտրողները մինչև քվեախցիկ մտնելը բարձրաձայնել են, թե ում են ընտրելու:

Թիվ 6/29 տեղամասում բազմաթիվ ընտրողներ բարձրաձայնել են իրենց կատարած ընտրության մասին:

Թիվ 6/30 տեղամասում որոշ դեպքերում ընտրողները բարձրաձայնել են իրենց կատարած ընտրության մասին:

Թիվ 6/31 տեղամասում որոշ դեպքերում ընտրողները (հիմնականում տարեցներ) բարձրաձայնել են իրենց կատարած ընտրության մասին:

Թիվ 6/36 տեղամասում եղել են դեպքեր, երբ ընտրողները քվեարկելուց հետո ՏԸՀ անդամներին կամ վստահված անձանց ցածրաձայն տեղեկացրել են իրենց կատարած քվեարկության մասին:

Թիվ 6/37 տեղամասում ընտրողները քվեարկելուց հետո հաճախ ՏԸՀ անդամների կամ վստահված անձանց մոտ բարձրաձայնել են իրենց քվեարկության մասին:

Թիվ 6/39 տեղամասում եղել են դեպքեր, երբ ընտրողները քվեարկելուց հետո ՏԸՀ անդամներին կամ վստահված անձանց ասել են` «ոնց պայմանավորվել էինք»:

Թիվ 6/41 տեղամասում եղել են դեպքեր, երբ ընտրողները քվեարկելուց հետո բացահայտել են իրենց ընտրությունը «Ծառուկյան» դաշինքի վստահված անձանց:

Թիվ 6/48 տեղամասում եղել են դեպքեր, երբ ընտրողները բարձրաձայն հայտարարել են իրենց ընտրած կուսակցության կամ թեկնածուի մասին:

  1. Ուղղորդումներ, բանավոր քարոզչություն

Դիտարկված տեղամասերում տարածված է եղել ընտրողների ուղղորդումը: Ընտրողների խմբերին կամ առանձին ընտրողներին ուղեկցել են վստահված անձինք, տեղական դիտորդները կամ կողմնակի անձինք: Նշված անձինք քաղաքացիների հետ միասին մտել են քվեախցիկ` պատճառաբանելով, թե օգնում են, ապա ընտրողին ուղեկցել տեղամասից դուրս, հուշումներ արել ընտրողներին, զբաղվել բանավոր քարոզչությամբ: Թիվ 01, 02, 04, 05, 06, 07, 08, 11, 12, 13, 14, 15, 17, 18, 19, 20, 24, 25, 27, 32, 35, 38, 44, 45, 46, 47, 51, 52 տեղամասերից մինչև 50 մետր շառավղով հարող տարածքում եղել են մարդկանց և ավտոմեքենաների կուտակումներ, որտեղից ուղղորդել են ընտրողներին:

Թիվ 6/02 տեղամասի մուտքի մոտ գտնվող կողմնակի անձինք քաղաքացիների խմբերին ուղղորդել են ընտրության: ՏԸՀ նախագահը միայն մի դեպքում է ուղղորդող անձին դուրս հրավիրել: Ժամը 18:08-ին ընտրողներից մեկը հայտնել է, թե տեսողության խնդիր ունի և իր հետ քվեախցիկ է տարել կողմնակի անձի, որը հաճախ էր կանգնում քվեարկության սենյակի դռան մոտ: Ընտրողը մինչ այդ ազատորեն ստորագրել էր ընտրողների ցուցակում:

Թիվ 6/04 տեղամասի մուտքի մոտ գտնվող կողմնակի անձինք քաղաքացիների խմբերին ուղղորդել են ընտրության: Որոշ անձինք, ովքեր օգնել էին ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող անձանց, հետագայում տեղամաս են ներկայացել որպես դիտորդ: Տեղամասային կենտրոնում ներկա են եղել կողմնակի անձինք, որոնք պարբերաբար ուղղորդել են ընտրողներին և օգնել քվեարկելու (հիմնականում տարեց քաղաքացիներին):

Թիվ 6/05 տեղամասում մշտապես ներկա են եղել կողմնակի անձինք, որոնք պարբերաբար հաղորդակցվում էին «Մարզային նախաձեռնությունների և ծրագրերի զարգացման կենտրոն», «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» կազմակերպությունների դիտորդների, «Ծառուկյան» դաշինքի վստահված անձի հետ, օգնում ընտրողներին: «Միացյալ առաջնորդների պալատ» կազմակերպության դիտորդի (Էդիկ Պետրոսյան) թղթապանակում գտնվող թղթերից մեկի վրա գրված էր «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Մելիք Սաֆարյանի անունը: «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» կազմակերպության դիտորդն ուղղորդել է քաղաքացիներին, ասելով` «6-ի 10-ը նշի»:

Թիվ 6/06 տեղամասում պարբերաբար ներկա են եղել կողմնակի անձինք: ՀՀԿ վստահված անձինք պարբերաբար ուղղորդել են ընտրողներին և ցուցումներ տվել ՏԸՀ անդամներին, ծանոթացել ընտրողների ստորագրած ցուցակներին, այնուհետև հեռախոսով զանգել և պահանջել ընտրության գալ:

Թիվ 6/07 տեղամասում ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինքի վստահված անձինք ուղղորդել են ընտրողներին: Տեղամասային կենտրոնում ներկա են եղել կողմնակի անձինք:

Թիվ 6/08 տեղամասում ՀՀԿ կուսակցության վստահված անձինք և «Լիարժեք կյանք» կազմակերպության դիտորդները տեղամասում բանավոր քարոզչություն են իրականացրել: «Լիարժեք կյանք» կազմակերպության դիտորդներից մեկը (Հայկ Ավագյան) տեղամասում քարոզչական գործունեությամբ զբաղվելու և ընտրական գործընթացին միջամտելու համար հեռացվել է տեղամասից, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել է «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» կազմակերպության վկայականով: Նա հորդորում էր քաղաքացիներին ընտրել «6-րդ թերթիկի 10 համարին»: ՀՀԿ թեկնածուներից մեկը` Անուշ Սարգսյանը (այն դպրոցի տնօրենը, որտեղ գտնվում էր ընտրատեղամասը), մոտ 20 րոպե եղել է տեղամասում և հեռացել ՏԸՀ նախագահի հորդորից հետո:

Թիվ 6/09 տեղամասում «Միացյալ առաջնորդների պալատ» կազմակերպության դիտորդը հայտնել է, որ ներկայացնում է «Ծառուկյան» դաշինքը:

Թիվ 6/11 տեղամասի մոտ ներկա են եղել կողմնակի անձինք, ովքեր ընտրողների խմբեր են ուղեկցել դեպի քվեարկության սենյակ: Նրանցից մեկի մոտ եղել է անունների ցուցակ, որոնցից շատերի առջև դրված էր + նշանը: «Ծառուկյան» դաշինքի վստահված անձը (Արմեն Թամրազյան) տեղամասային կենտրոնի դռան մոտ ուղղորդել է ընտրողներին:

Թիվ 6/12 տեղամասում մշտապես ներկա են եղել մի քանի կողմնակի անձինք, ովքեր ուղեկցել են ընտրողներին դեպի քվեախցիկ: Ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող անձանց հիմնականում օգնել են կա´մ բարեկամները, կա´մ քվեասենյակից դուրս մշտապես խմբված անձանցից որևէ մեկը: Տարեց ընտրողներից մեկին փորձել է օգնել մի անձ, որը նախ ներկայացել է որպես տարեց քաղաքացու թոռ, ապա` ՀՀԿ վստահված անձանցից մեկի որդի: ՏԸՀ քարտուղարի միջամտությունից հետո որոշվել է անվավեր համարել քվեաթերթիկը, որի արդյունքում ՀՀԿ վստահված անձը բորբոքվել է, քաշքշել քարտուղարին: Իրավիճակը հարթելու համար ՏԸՀ նախագահը քվեաթերթիկով ծրարը ցուցադրաբար գցել է քվեատուփի մեջ: Կազմվել է արձանագրություն:

Թիվ 6/13 տեղամասում ներկա են եղել կողմնակի անձինք: Ընտրողները հաճախ մեկը մյուսին ուղեկցել են քվեախցիկ: Կողմնակի անձն օգնել է ակնհայտորեն որևէ խնդիր չունեցող երիտասարդ աղջկան քվեարկելու: «Եվրասիական ինտեգրացիա», «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» կազմակերպությունների դիտորդները (Աբգար Պետրոսյան, Գևորգ Սարգսյան) ուղղորդել են քաղաքացիներին, ցույց տալով, թե ինչպես պետք է ընտրել: «Ծառուկյան» դաշինքի, ՀՀԿ-ի և «Ելք» դաշինքի վստահված անձինք ևս միջամտել և ուղղորդել են ընտրողներին: Տեղամասից դուրս տեղադրված է եղել ՀՀԿ թեկնածու Արման Գալուստի Սահակյանի պաստառը: Դիտորդները, վստահված անձինք երբեմն օգնել են ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող ընտրողներին:

Թիվ 6/14 տեղամասի հարակից տարածքում գտնվող անձինք ընտրողներին ուղղորդել են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Կողմնակի անձը տարեց ընտրողի հետ առանց գրանցամատյանում գրանցվելու մտել է քվեախցիկ: ՏԸՀ նախագահը անվավեր է համարել քվեաթերթիկը, իսկ ընտրողին նորից քվեարկելու հնարավորություն է տվել: Կողմնակի անձը քվեարկելուց հետո երկար ժամանակ չի լքել տեղամասը, սկսել է մարդկանց խմբեր բերել, ովքեր քվեարկելուց հետո ասում էին. «Ախպերս, ոնց ուզել ես, տենց ա», «Սաղ քո սրտով ա» և այլն: Այդ անձն ակտիվորեն շփվել է ՏԸՀ նախագահի և տարբեր կազմակերպություններ ներկայացնող տեղական դիտորդների հետ: Ի վերջո, կողմնակի անձը ՏԸՀ անդամների որոշմամբ հեռացվել է, երբ պարզվել է, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը նրա հետ զրուցելիս մասամբ ձայնագրել է խոսակցությունը, որտեղ նա հայտնում էր, որ ՀՀԿ-ից է, ներկայանում է որպես դիտորդ և «աջակցման կարգով» օգնում է թեկնածու Արման Գալուստի Սահակյանին: Այնուհետև քարտուղարը, տպավորություն ստեղծելով, թե գրանցում է, դեպքը գրանցամատյանում չի արձանագրել: Այն արձանագրվել է ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների պահանջից հետո: «Եվրասիական ինտեգրացիա» կազմակերպության դիտորդը ուղղորդել է ընտրողներին` ՀՀԿ-ի օգտին քվեարկելու (դիտորդը իրեն ներկայացնում էր որպես ՀՀԿ վստահված անձ): «Միացյալ առաջնորդների պալատ» կազմակերպության դիտորդի հեռախոսի հետևի կողմում առաջադրված թեկնածուի լուսանկար է փակցված եղել:

Թիվ 6/15 տեղամասում ընտրողները քվեարկելուց հետո վստահված անձանց ուղեկցությամբ են դուրս եկել ընտրատեղամասից: Եղել են անձինք, ովքեր ընտրողների խմբեր են ուղեկցել դեպի տեղամասային կենտրոն, ուղղորդել ընտրության, այնուհետև ընտրողին ուղեկցել դուրս: Նույն գործողությունները իրականացրել են նաև «Լիարժեք կյանք» կազմակերպության դիտորդները: Նկատվել են երթուղային տաքսիներով և այլ մեքենաներով մարդկանց տեղափոխման դեպքեր տեղամասային կենտրոն:

Թիվ 6/18 տեղամասում և տեղամասային կենտրոնի հարակից տարածքում եղել են անձինք, ովքեր ընտրողներին ուղղորդել են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Նշված անձանցից մեկն իր շուրջը հավաքված կանանց բացատրում էր, թե ինչպես քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Նույն անձը քվեարկության սենյակում ընկերական զրուցել է ՏԸՀ նախագահի հետ, որից հետո վերջինս ասել է. «Լավ, դուրս արի, ես գիտեմ`ինչ կանեմ, կամերաների դեմը հերիք ա խոսես»:

Թիվ 6/19 տեղամասի հարակից տարածքում եղել են անձինք, ովքեր ընտրողներին ուղղորդել են քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

Թիվ 6/21 տեղամասում քվեարկության ժամանակ կողմնակի անձը քվեախցիկի վերևից հետևել է, թե ընտրողներն ինչպես են քվեարկում: Նույն գործողությունն արել է «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» կազմակերպության դիտորդը և ուղղորդել ընտրողներին: Տեղամասային կենտրոնում ներկա գտնվող վստահված անձինք նույնպես ուղղորդել են ընտրողներին:

Թիվ 6/22 տեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձը փորձել է ուղղորդել ընտրողներին: «ԳԱԶԵԼ» մակնիշի մեքենայով մարդկանց խմբեր են տեղափոխել տեղամասային կենտրոն: Ոստիկանության ծառայողները ընտրողների մասնակցության վերաբերյալ մշտապես թվեր են հարցրել (հիմնականում վստահված անձանցից):

Թիվ 6/24 տեղամասում տեղամասային կենտրոնի շուրջը և անմիջապես մուտքի մոտ կողմնակի անձինք ուղղորդել են ընտրողներին և բանավոր քարոզչություն իրականացրել: Կողմնակի անձանցից մեկը օգնելու պատրվակով մտել է տեղամաս և առանց գրանցվելու ընտրել մեկ այլ անձի փոխարեն: Արձանագրվել է, երբ ՏԸՀ-ի անդամները ծանոթացել են ընտրողների ստորագրած ցուցակներին, որից հետո հեռախոսով մարդկանց կանչել ընտրության: Եղել են դեպքեր, երբ ընտրողները հայացքով կամ շշուկով իրենց կատարած ընտրության մասին տեղեկացրել են ՏԸՀ անդամներին կամ վստահված անձանց: «Լիարժեք կյանք» կազմակերպության դիտորդը հայտնել է, որ ՀՀԿ-ն է ներկայացնում:

Թիվ 6/25 տեղամասում ՀՀԿ վստահված անձը հեռախոսով սպառնացել է, որ «եթե մինչև վերջին մարդը չգա ընտրության, նրանց համար վատ կլինի»: ՀՀԿ վստահված անձը հեռախոսով ինչ-որ մեկին հանձնարարել է քվեարկությանը չմասնակցած ընտրողներին ուղղորդել տեղամասային կենտրոն, ասելով, որ «ես այնտեղ եմ ու տեսնում եմ` ովքեր չեն եկել ընտրության, թող պարտադիր գան, թե չէ վերցրել են ու չեն ուզում աջակցել»: Ինքնուրույն քվեարկելու կարողություն չունեցող անձանց օգնել են ՀՀԿ վստահված անձը, «Ծառուկյան» դաշինքի համակիր դիտորդը, ինչպես նաև տեղամասում ներկա գտնվող կողմնակի անձը: «Ծառուկյան» դաշինքի վստահված անձը ՏԸՀ անդամին հիշեցրել է իրենց նախապես պայմանավորված նշանի մասին: Նա ընտրողներին ուղեկցել է ընտրատեղամաս, այնուհետև` ընտրատեղամասից դուրս, փորձել է ընտրողի հետ մտնել քվեախցիկ: Վստահված անձինք փորձել են ծանոթանալ ընտրողների ստորագրած ցուցակներին:

Թիվ 6/26 տեղամասում ՀՀԿ վստահված անձը զանգահարել է քվեարկությանը չմասնակցած անձանց և ընտրատեղամաս կանչել: Դիտորդներից մեկը, որը վկայականը տեսանելի կերպով չէր կրում, վերահսկել է ընտրական գործընթացը, ուղղորդել ընտրողներին քվեարկել Արման Գալուստի Սահակյանի օգտին: ՏԸՀ նախագահը տեղամասում գտնվող վերադաս հանձնաժողովի ներկայացուցչին տեղեկացրել է, որ այդ դիտորդը միջամտում է ընտրական գործընթացին: Ի պատասխան` վերադաս հանձնաժողովի ներկայացուցիչը բոլոր դիտորդներից պահանջել է դիտորդություն իրականացնել քվեարկության սենյակի դռան մոտից:

Թիվ 6/27 տեղամասում ավտոմեքենաներով մարդկանց խմբեր են տեղափոխել տեղամաս: «Լիարժեք կյանք» կազմակերպության դիտորդը քարոզչություն է իրականացրել, մարդկանց ուղեկցել ընտրատեղամաս:

Թիվ 6/28 տեղամասում ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինքի վստահված անձինք ծանոթացել են ընտրողների ստորագրած ցուցակներին և հեռախոսազանգով մարդկանց կանչել տեղամաս: Կողմնակի անձինք մարդկանց խմբերով ուղեկցել են տեղամաս:

Թիվ 6/36 տեղամասում ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինքի վստահված անձինք ուղղորդել են ընտրողներին, հուշել, թե ինչ ընտրություն կատարեն: Եղել են դիտորդներ, որոնք գործել են ՀՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի օգտին: Դիտորդներից մեկը բացահայտ ասել է, որ աշխատում է «Ծառուկյան» դաշինքի համար: Մյուս դիտորդը, հաշվարկի ժամանակ տեսնելով, որ ՀՀԿ-ն առաջին տեղում է, հեռացել է տեղամասից:

Թիվ 6/38 տեղամասում «Եվրասիական ինտեգրացիա» կազմակերպությունը ներկայացնող դիտորդն ուղեկցել է մարդկանց դեպի քվեախցիկ: Ավտոմեքենաներով մարդկանց խմբեր են տեղափոխել տեղամաս:

Թիվ 6/41 տեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձինք ընտրողներին ուղեկցել են քվեարկության խցիկ:

Թիվ 6/42 տեղամասի մուտքի մոտ գտնվող կողմնակի անձինք ուղղորդել են ընտրողներին, մուտքի մոտ զրուցել նրանց հետ, այնուհետև թույլ տվել մտնել տեղամասային կենտրոն:

Թիվ 6/43 տեղամասում «Ջերմիկ անկյուն» տուն-ինտերնատի բնակիչները տեղամաս են եկել իրենց օգնողների հետ, որոնց ուղղորդմամբ էլ մասնակցել են քվեարկությանը: «Ծառուկյան» դաշինքի վստահված անձինք հաճախ ուղղորդել են ընտրողներին:

Թիվ 6/45 տեղամասում ժամը 10.00-ին ընտրողներից մեկը մոտեցել է «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» կազմակերպության դիտորդին (Նարեկ Ավետիսյան)` ասելով. «Մի ահագին բերել եմ, մի էսքան էլ ժամը մեկին կգան»: Քվեարկությանը մասնակցած բազմաթիվ անձինք ժամեր շարունակ չեն լքել տեղամասային կենտրոնի հարակից տարածքը: Պարբերաբար երթուղային «ԳԱԶԵԼ» մակնիշի 2-րդ համարի երթուղային միկրոավտոբուսներով մարդկանց խմբեր են բերվել տեղամաս: «Ծառուկյան» դաշինքի վստահված անձը (Էդվարդ Մարգարյան) կարգավորել է ընտրողների հերթերը, պարբերաբար ընտրողների ցուցակներին է ծանոթացել և հեռախոսով տվյալներ փոխանցել: Նա պարբերաբար բացականչում էր. «10-րդ, 12-րդ, 13-րդ փողոցներից ո՞վ կա, թող գա ընտրի»: Տեղամասում և տեղամասի շրջակայքում բանավոր քարոզչություն է իրականացվել «Ծառուկյան» դաշինքի օգտին:

Թիվ 6/46 տեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձը փորձել է կարգավորել ընտրողների հերթը:

Թիվ 6/47 տեղամասի մուտքի մոտ կողմնակի անձինք ընտրողների անձնական տվյալներ են հավաքել:

Թիվ 6/49 տեղամասում մի երիտասարդ մոտ հինգ անգամ տեղամաս է ուղեկցել տարեց քաղաքացիների, որոնք այլոց օգնությամբ ընտրել են և, շնորհակալություն հայտնելով երիտասարդին, նրա ուղեկցությամբ դուրս եկել: «Միացյալ առաջնորդների պալատ» կազմակերպության դիտորդն ակնհայտորեն պաշտպանել է «Ծառուկյան» դաշինքի շահերը: «Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն», «Լիարժեք կյանք», «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունների դիտորդները ակնհայտորեն պաշտպանել են ՀՀԿ-ի շահերը:

Թիվ 6/50 տեղամասում նույն անձը տարբեր ժամերի տարբեր ընտրողների է ուղեկցել տեղամասային կենտրոն: «Եվրասիական ինտեգրացիա» կազմակերպության դիտորդը միջամտել է ընտրական գործընթացին, հաճախ զրուցել տեղամաս եկած ընտրողների հետ, փորձել ծանոթանալ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակներին և պարբերաբար հեռախոսազանգեր է կատարել:

Թիվ 6/51 տեղամասի հարակից տարածքում խմբերով կանգնած անձինք ուղղորդել են ընտրողներին։ Անձանցից մեկը դեպի տեղամասային կենտրոն գնացող ընտրողին ասել է. «Գիտես` ում ընտրես, մենք քեզ նույն տեղում սպասում ենք»: Ընտրողը տեղամասային կենտրոնից դուրս գալուց հետո կրկին մոտեցել է այդ անձին: Ավտոմեքենաներով պարբերաբար տեղամասային կենտրոնի մոտ են տեղափոխել մարդկանց խմբեր (ավտոմեքենաների համարանիշները` 44ZZ888, 34NS341):

Թիվ 6/52 տեղամասի մոտ ավտոմեքենաներով պարբերաբար մարդկանց խմբեր են տեղափոխել: «Լիարժեք կյանք» կազմակերպության դիտորդը ուղղորդել, դիմավորել և ճանապարհել է ընտրողներին:
Եզրակացություն

Հայաստանի Հանրապետությունում համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մշտապես անցել են բազմաթիվ խախտումներով, չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին, ինչը արձանագրվել է միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից: Անկախության հռչակումից ի վեր ընտրություններն ընթացել են կոպիտ խախտումներով` սպառնալիքներ, լցոնումներ, քվեատուփերի առևանգումներ, քվեարկության արդյունքների փոփոխումներ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ահաբեկումներ ու բռնություններ, իսկ 2000-ական թվականներից լայն տարածում ստացավ նաև ընտրակաշառքը: 2015 թ. կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով, որը նույնպես ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով, Հայաստանում կառավարման նախագահական համակարգը փոխվեց խորհրդարանականի: 2017 թ. Ազգային ժողովի ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ նախագահի ինստիտուտը չի ձևավորվելու համապետական ընտրությունների արդյունքում, և հետագա տարիներին պետական համակարգի ձևավորման մեջ առանցքային դեր ունենալու է Ազգային ժողովը: 2017 թ. Ազգային ժողովի ընտրություններում առավելապես օգտագործվեցին վարչական և ֆինանսական ռեսուրսների չարաշահումներ, ինչը հնարավորություն տվեց քվեարկության միջոցով ստանալ ցանկալի արդյունքները և չկիրառել նախկինում օգտագործվող որոշ խախտումներ:

Ընտրությունների օրը գրեթե բոլոր դիտարկված տեղամասերում կատարվել են ընտրողների ուղղորդումներ, ընտրակաշառքի բաժանում, քվեարկության վերահսկողություն և քվեարկության գաղտնիության բացահայտում: Բացի այդ, երկու քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի կողմից աննախադեպ կերպով վարկաբեկվեց դիտորդության ինստիտուտը: Նշված կուսակցությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների դիտորդները, համագործակցելով նույն կուսակցությունների վստահված անձանց և հանձնաժողովի անդամների հետ, էական ազդեցություն ունեցան քվեարկության արդյունքների վրա:

         Հայաստանի Հելսինկյան կոմիտեն արձանագրում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններն անցել են բազմաթիվ թերություններով և խախտումներով, ընտրողների կամարտահայտման վրա ճնշումներ են գործադրվել և դրանք չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին և չափանիշներին:

[1] Համաձայն ԸՕ 17-րդ և 57-րդ հոդվածների` քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորինս ընդարձակ և հնարավորություն ընձեռի քվեարկության ողջ ընթացքում ապահովելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների, մասնագետի և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց կանոնավոր աշխատանքը: Օրենքի նշված պահանջը ապահովելու համար պատասխանատու է համայնքի ղեկավարը:

[2] Համաձայն ԸՕ 44-րդ հոդվածի` ՏԸՀ-ների անդամ նշանակում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) և համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովները: ՏԸՀ-ներում հանձնաժողովի նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև` ստացած մանդատների թվի համամասնությամբ:

[3] Քվեարկության ավարտից հետո` մինչև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

[4] ՏԸՀ իր նիստում վիճակահանությամբ որոշում է հանձնաժողովի անդամների միջև գործառույթների բաշխումը: ՏԸՀ նախագահը ապահովում է 2 ժամը մեկ պարբերությամբ հերթափոխը:

[5] ԸՕ-ով սահմանված` քվեարկության գաղտնիության սկզբունքի հնարավոր խախտումները, ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ հնարավոր վերահսկողությունը բացառելու նպատակով մինչև քվեարկության սկիզբը ՏԸՀ նախագահը ԱԺ-ի ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկներից` 3-5 քվեաթերթիկ գցում է քվեարկության խցիկներում տեղադրված չօգտագործված քվեաթերթիկների արկղի մեջ: ԿԸՀ 22.012.2017 թ. թիվ 43-Ն որոշում:

[6] Եթե քվեարկության սենյակում գտնվող ընտրողների թիվն այնքան է, որ խաթարվում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա հանձնաժողովի նախագահը իրավունք ունի սահմանափակելու քվեարկության սենյակում միաժամանակ ներկա գտնվող ընտրողների թիվը, բայց ոչ պակաս, քան 15 ընտրող` ընտրողներին քվեարկության սենյակ թողնելով հերթով` մեկ-մեկ: Անհնարինության դեպքում նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:

[7] Համաձայն ԸՕ 34-րդ և 65-րդ հոդվածների` հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում միաժամանակ յուրաքանչյուր կուսակցությունից կարող է ներկա գտնվել մինչև երկու վստահված անձ, իսկ տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ:

[8] Համաձայն ԸՕ 46-րդ հոդվածի` քվեարկության օրը քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով կրում են ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031