Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մկրտչյան. «Գորգում հաղթում է նա, ով խելացի է գոտեմարտում»

Մայիս 10,2017 10:11

Նովի Սադում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեք բրոնզե մեդալ նվաճած Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որ մինչ այդ աշխատում էր Բելգիայում, շնորհակալություն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ իրեն վստահելու, Հայաստան հրավիրելու համար եւ մտադիր է արդարացնել վստահությունը:

Գլխավոր մարզչի պաշտոնում նրա առաջին լուրջ փորձությունը հաջող անցավ: Հայաստանի ազատ ոճայինները Եվրոպայի առաջնությունում երեք բրոնզե մեդալ նվաճեցին: Արմեն Մկրտչյանը բավարարված է արդյունքով, սակայն դա համարում է երկար ճանապարհի սկիզբը միայն: «Հավաքականի ղեկն ստանձնելուց հետո մի քանի ամիս նախապատրաստության լավ շրջան անցանք, աշխատեցինք տղաների ֆիզիկականի, տեխնիկայի, տակտիկայի եւ որ ամենակարեւորն է՝ հոգեբանական պատրաստվածության, մրցագորգում մտածված աշխատելու վրա: Արդեն որոշակի առաջընթաց ըմբիշներն ունեն: Դա եվրոպական մրցագորգը ցույց տվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը:

Հոգեբանական պատրաստվածության կարեւորությունը նշելով՝ գլխավոր մարզիչը բերեց Վոլոդյա Ֆրանգուլյանի օրինակը, որը մեկ ամիս առաջ թուրք ըմբիշին պարտվելուց հետո Նովի Սադում բրոնզե մեդալի համար գոտեմարտում նույն ըմբիշի նկատմամբ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: «Կարեւոր չէ, թե վիճակահանությունը քեզ ինչ մրցակից է բաժին հանում եւ ինչ տիտղոսներ ունի նա: Բոլորն էլ գալիս են հաղթելու հույսով, դու նույնպես: Հետեւաբար, ամեն անգամ մրցագորգ պետք է մտնես հաղթելու վճռականությամբ, եթե իհարկե ցանկանում ես չեմպիոն դառնալ: Իհարկե, բոլորն էլ չեմպիոն դառնալ չեն կարող: Պարտություններից էլ խուսափել հնարավոր չէ: Բայց պարտվել էլ կա՝ պարտվել էլ: Հենց այս ոգին եմ ես ներարկում ըմբիշների մեջ ու, կարծում եմ, ստացվում է: Մեր տղաներից յուրաքանչյուրը գոտեմարտեց իր հնարավորությունների առավելագույն չափով, թեեւ եղան նաեւ սխալներ ու վրիպումներ, որոնք ըմբշամարտում երբեք մանրուք համարել չի կարելի», – ասում է հավաքականի գլխավոր մարզիչը:

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Արմեն Մկրտչյանն ասաց, որ իր համոզմամբ հավաքականն ընթանում է ճիշտ ճանապարհով: «Շարունակելու ենք աշխատել, վերացնել թերությունները եւ կատարելագործվել: Ինքս մարզական եւ մարզչական բավականին հաջող ու երկար ճանապարհ եմ անցել ու ես էլ անսխալ չեմ եղել: Հիմա ես ուզում եմ, որպեսզի մեր հավաքականի ըմբիշները չկրկնեն այն սխալները, որ ինքս թույլ եմ տվել ակտիվ մարզիկ եղած ժամանակ», – ասում է գլխավոր մարզիչը: Նա ներքին համոզմունք ունի, որ եվրոպական հաջողությունը վերջինը չի լինելու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031