«Նոյյան Տապան» գրատանը տեղի ունեցավ հանդիպում Դուշման Վարդանի քույր՝ Արմինե Ստեփանյանի հետ:
Գրատանը ներկա գտնվելը՝ ըստ Արմինե Ստեփանյանի, պատահական չէ, քանի որ իր և եղբոր կյանքում յուրահատուկ տեղ է ունեցել գրատունը: Հերոսը միշտ ասել է, որ իր մանկական սենյակը գրադարանն է եղել, խաղալիքներն էլ գրքերը:
Քույր և եղբայր միշտ անբաժանելի են եղել և սովորելիս, և աշխատելիս: Նույնիսկ, երբ քույրը ամուսնացած է եղել, այդ ժամանակ ևս հերոսը չի դադարել իր եղբայրական պահանջները դնել:
Արմինե Ստեփանյանը պատմեց այն ապրումերի մասին, որ ունեցել է եղբոր Աֆղանստան ծառայելու տարիներին, և այն ապրումների, որ ունի հիմա. «Երբ առավոտյան զարթնում էի, բարձն ամբողջությամբ թաց էր, կար մտավախություն, չէ որ նա հայտնի հետախույզ էր, և նույնիսկ գլխագին էր նշանակված նրա համար»:
Հերոսի քույրը նշեց, որ եղբոր հայրենասիրությունը, ինչ-որ տեղ գալիս է նաև մորից: Երբ ցանկացել են տեղափոխվել Ռուսաստան` մայրն ասել է, որ նման աչքերով տղայի Ռուսաստան չի կարելի տանել, և որ ավելի լավ է իր երկրում վատ ապրի, քան գնա օտար ափեր:
Արմինե Ստեփանյանը հուզմունքով էր հիշում այն օրը, երբ եղբայրը վերադարձել էր Աֆղանստանից. «Երեկոյան, երբ Վարդանը պառկել էր, մայրս գնացել ոտքերն էր ստուգում, Վարդանը նրան պատասխանեց այսպես՝ մամ ջան, ես Աֆղանստանի սարերում էի հետախույզ, դու իմ ոտքերին»:
Նա նաև հիշում էր, որ եղբայրը իրենց չէր ասել Աֆղանստան գնալու մասին, ասել էր, որ գնացել է Հունգարիա. «Նա Հունգարիայի տեսարժան վայրերի մասին գրքով գրում էր մայրիկիս, որ այս վայրում է եղել, նկարագրում էր, մայրիկս այդ նույն գրքով ստուգում էր: Հետագայում Աֆղանստանում սովորածը օգտագործեց Արցախյան ազատամարտում»:
Երբ Վարդանին ասում էին, թե դու այստեղ՝ Ղարաբաղում կռվում ես, մարդիկ այնտեղ հարստանում են, նա պատասխանում էր, որ ազգին հարուստներ են պետք, և պետք է յուրաքանչյուրը իր տեղում իր գործը լավ անի:
Խոսելով Շուշիի մասին Արմինե Ստեփանյանը վերապրում էր, թե ինչ է զգացել գործողության ընթացքում. «Ես նստել էի երթուղային, և նայելով բոլորի անհոգ դեմքերին, ուղղակի ուզում էի գոռալ, թե հիմա այս պահին ինչ են անում տղաները»:
Նա շատ լավ գիտեր, որ ականի պայթյունից էր զոհվելու, քանի որ իր դրած ականները բոլորը գործել էին և ի վերջո մարդ էր զոհվել:
Վերջում Արմինե Ստեփանյանը խոսեց նաև ներկա սերնդի մասին. «Այս երիտասարդությունը իմ եղբոր երազած երիտասարդությունն է, քանի որ նրանք ավելի զարգացած են, քան մենք, և պատրաստ են պայքարելու, ապացույցը ապրիլյան պատերազմն էր»:
Նելլի Թառփոշյան