Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը նախորդ շաբաթ իր ազգուտակի, ընկերների հետ Երևանից մեկնել էր Մոսկվա՝ կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի հարսանիքն Ռուսաստանի մայրաքաղաքում նշելու, հարսանիքից անմիջապես հետո հանդիպել է Մոսկվայում բնակվող մեծահարուստ հայ գործարարների հետ։
Գյումրու քաղաքապետը նրանց հորդորել է, համոզել, գալ ու գնել Գյումրու պատմական կենտրոնում գտնվող «Կումայրի» արգելոց թանգարանի հուշարձան-տներից մեկը ու հետևելով վարչապետ Կարեն Կարապետյանի օրինակին՝ զարկ տալ տուրիզմի զարգացմանը։
Այս մասին ավագանու վերջին նիստում պատմեց Սամվել Բալասանյանը՝ իհարկե, չասելով, թե ինչու էր մի քանի օրով գտնվում Մոսկվայում։ Թեև նշենք, այս մասին խոսելու կարիք էլ չկար, քանի որ ավագանու անդամներից կային մարդիկ, որոնք մասնակցել են պարոն Բալասանյանի որդու հարսանիքին։ Նրանք հենց նույն օրը իրենց ֆեյսբուքյան էջերում նկարներ են տեղադրել միջոցառումից։
Գյումրու քաղաքապետը միայն ասաց, որ ինքը Մոսկվայում էր, երեկ է վերադարձել, հանդիպել է ռուսաստանաբնակ, ավելի կոնկրետ մոսկվայաբնակ մեծահարուստ հայ գործարարների հետ, ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանի պատմամշակութային ծրագիրը։
«Բավական հաջողված հանդիպում էր, ես քարտեզներ էի տարել, համապատասխան ծրագիրն էի տարել, ուսումնասիրեցին, տեսնենք, իրենք ասացին՝ կարող է խմբով Գյումրի գանք։ Մենք պիտի կարողանանք ներդրումներ ընդգրկել, որպեսզի այս ծրագիրն իրականանա, բացի մոսկվայաբնակներից տարբեր տեղերից կային, ռուսաստաբնակ մարդիկ, որոնք բավական հաջող բիզնես են անում այնտեղ։ Տեսնենք, խոստումներ եղան»,- ասաց քաղաքապետը։
Ապա` դիմելով ավագանու անդամներին՝ ասաց, որ հնարավոր է նրանցից բաղկացած մի խումբ էլ ուղարկի Մոսկվա բանակցելու ու վերջնական համաձայնության գալու։ Քաղաքապետը նրանց ևս հորդորեց համոզել իրենց ծանոթներին, բարեկամներին գալ ու բնակարաններ գնել Գյումրիում։
Նկատենք, որ բացառապես «Բալասանյան դաշինքից» կազմված Գյումրու ավագանին ցնցում է իր անտարբերությամբ ու պասիվությամբ, ավագանու անդամները նիստերին գալիս են բացարձակապես անպատրաստ, թեկուզ ձևի համար չի հնչում ոչ մի հարց, չկա ոչ մի ելույթ, առարկության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Բոլորը քննարկման դրված բոլոր հարցերին քվեարկում են միաձայն, իսկ ապշեցուցիչն ու ամենատխուրն այն է, որ տվյալ ավագանու կազմում թաղի տղեքից բացի ընդգրկված են նաև մտավորականներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ․․․ Քվեարկության դրված ամեն մի հարցից հետո հնչում է Գյումրու քաղաքապետի հայտնի խոսքերը՝ «հարցեր չկան, ելույթներ՝ նույնպես, անցանք առաջ»։
Ի դեպ, վերջին ավագանու նիստում Սամվել Բալասանյանը ևս դժգոհեց ավագանու անդամների պասիվությունից, միայն թե նրա դժգոհությունը վերաբերում էր քաղաքային մշակութային միջոցառումների ժամանակ ավագանու անդամների չմասնակցելուն, ասել է թե ծափահարողներ չունենալուն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարևորը արդյունք լինի:Հրավիրելը միշտ էլ կա…………