Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքն» ու «Երկիր Ծիրանին» «պլագիատ են» արել «Կոնգրեսի» եւ Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրերից

Մայիս 09,2017 20:45

«Երկիր Ծիրանի»-ի նախընտրական ծրագրի որոշ դրույթներ ուղղակիորեն փոխառված են («պլագիատ են») Հրանտ Բագրատյանի՝ 2013 թվականի՝ «Ընդամենը 100 քայլ մինչեւ սոցիալական արդարություն» նախընտրական ծրագրից: Օրերս «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ հայտարարել է

Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը: Գալստյանը ուղիղ եթերում Բագրատյանի ծրագրից փոխառած մի քանի կետեր ընթերցեց, ապա «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը հակադարձել է՝ «Տնտեսագիտությունը գիտություն է, որից կարող ես օգտվել, կան կոնկրետ լուծումներ»:

Aravot.am-ը փորձեց Հրանտ Բագրատյանից պարզել՝ արդյոք իր համաձայնությամբ է «Երկիր Ծիրանին» Բագրատյանի նախընտրական ծրագրից կետերը փոխառել, սակայն պարոն Բագրատյանը չպատասխանեց մեր հարցերին:

«Երկիր Ծիրանիի» նախընտրական ծրագրում գրված է՝ «Համայնքային ինքնաբավ բյուջեների մեխանիզմների ներդնում: Տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը բարձրացնելու, համայնքների տնտեսական զարգացման հետամնացությունը բացառելու նպատակով շահութահարկի եւ եկամտահարկի 50%-ը պետք է թողնել համայնքներին: Ներկայիս համակարգը, երբ ամբողջ հարկերը գնում են պետական բյուջե, իսկ այնտեղից դոտացիաների ու սուբսիդիաների ձեւով վերադարձվում համայնքներին, արդյունավետ չէ։

Այսօր համայնքներն իրենց կողմից ծախսվող միջոցների ¾-ը ստանում են ֆինանսների նախարարությունից։ Այս համակարգը հնարավորություն է տալիս կառավարությանը քաղաքական կախվածության մեջ պահել համայնքները, ինչն էլ, իր հերթին, խոչընդոտում է համայնքային զարգացմանը եւ թուլացնում նրանց ինքնակառավարումը։ Միջոցների վերաբաշխումը հօգուտ համայնքների, պահպանելով դրանց փաստացի ծախսման գանձապետական մեխանիզմները, կխթանի համայնքների զարգացումը, այդ թվում նաեւ`Երեւանի»:

Գրեթե նույնությամբ նման կետ կա Բագրատյանի՝ դեռեւս 2013-ին գրված ծրագրում՝ «Համայնքային ինքնաբավ բյուջեների մեխանիզմների ներդրում: Տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը բարձրացնելու, համայնքների տնտեսական զարգացման հետամնացությունը բացառելու նպատակով շահութահարկի եւ եկամտահարկի 50%-ը կթողնի համայնքներին: Սա թույլ կտա վերացնել ներկայիս արատավոր պրակտիկան, երբ ամբողջ փողը գնում է պետական բյուջե, ֆիննախ (Երեւան), իսկ այնտեղից դոտացիաների ու սուբսիդիաների ձեւով վերադարձվում է համայնքներին: Ի վերջո, այսօր համայնքներն իրենց կողմից ծախսվող միջոցների ¾-ը ստանում են ֆիննախից: Սա թույլ է տալիս նաեւ կենտրոնին քաղաքական կախվածության մեջ պահել համայնքները: Միջոցների վերաբաշխումը հօգուտ համայնքների, պահպանելով դրանց փաստացի ծախսման գանձապետական մեխանիզմները, թույլ կտա վերջ տալ ամբողջ տնտեսական կյանքը մայրաքաղաքում կենտրոնացնելու պրակտիկան, նվազեցնել կենտրոնի կողմից փողի վերաբաշխման հետ կապված միջամտությունը»:

«Երկիր Ծիրանիի» ծրագրում եւս մի քանի կետեր կան, որոնք, կարծես թե, փոխառվել են Բագրատյանի ծրագրից՝ «Խոշոր գույքի հարկի բարձրացում: Օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին համայնքային գույքի սեփականաշնորհման, պատվերների ընդունման եւ գնումների մասնակցության բացառում: Շինարարության ոլորտում կապիտալի սառեցման կանխման օրենսդրական փոփոխություններ: Խստացնել անավարտ շինարարության հարկումը: Կառուցապատողների նկատմամբ առաջ քաշել միջոցների պահուստավորման պահանջ: Կանխել կապիտալի սառեցումը շինարարության ոլորտում»:

Ահա նաեւ Բագրատյանի ծրագրի 41-րդ, 90-րդ, 32-րդ կետերը՝ «Շինարարության ոլորտում կապիտալի սառեցման կանխում: Պետք է խստացնել անավարտ շինարարության հարկումը, կառուցապատողների նկատմամբ առաջ քաշել միջոցների պահուստավորման պահանջ: Խոշոր գույքի հարկի բարձրացում: Օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին գործունեության թույլտվությունների, պետական գույքի սեփականաշնորհման , պատվերների տեղադրման եւ գնումների մասնակցության բացառում»:

2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հրանտ Բագրատյանն անդրադառնալով քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին՝ տարբեր գնահատականներ էր տվել: Իսկ «Ելքի» ծրագրի մասին ասել էր՝ «Պարզապես մի քանի կետեր արտագրել են 2009 թվականին ՀԱԿ դաշինքի համար գրված 100 քայլից: Նույնպես ծրագիր չկա դասական իմաստով»:

Օրինակ՝ «Ելքի» նախընտրական ծրագրի առողջապահությանը վերաբերող կետը համընկնում է Կոնգրեսի՝ 2010 թվականին ներկայացրած նախընտրական ծրագրի առողջապահությանը վերաբերող հատվածին:

Հատված «Ելքի» ծրագրից՝«Պետպատվերի համար պետական բյուջեով նախատես տված գումարը կտրամադրվի ոչ թե հիվանդանոցներին, այլ (սերտիֆիկատի տեսքով) այն հիվանդներին, ովքեր պետպատվերից օգտվելու իրավունք ունեն, եւ նրանք հնարավորություն կունենան ընտրելու՝ ո՞ր բուժհաստատությունում բուժվել»:

Իսկ ահա «Կոնգրեսի»՝ 2010-ի ծրագրից մի հատված՝ «Առողջապահության բնագավառում անցում հավաստագրային ֆինանսավորման. Պետությունը պետք է անցնի առողջապահության պետական հաստատված ծրագրի շրջանակներում հավաստագրային ֆինանսավորման։ Պետք է ֆինանսավորվեն ոչ թե առողջապահական հիմնարկություններն ու ձեռնարկությունները, այլ առողջապահական խնդիրներ ունեցող քաղաքացիները»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Բոլորն էլ օգտվել են Բագրատյանի ծրագրից: Եվ ՛ ՀՀԿ-ն , և՛ ՀԱԿ-ը, և՛ մյուսները: Որովհետև Բագրատյանի ծրագիրը (հարյուր քայլը) ամենաբազմակողմանի ու ամենախորը վերլուծության արդյունք է: Ճշգրիտ գիտական աշխատանքը իր ճանապարհը կգտնի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031