Մայիսի 9-ին տոնական էր ողջ հայության համար: Նույն օրը կրկնակի տոնական դարձավ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնքի Հերիկ գյուղի Գեյիմ Մխիթարյանի և Արտեմիս Գրիգորյանների ընտանիքում: Բերձորում՝ շրջանային բուժմիավորումում, առավոտյան 10 անց 15 րոպեին ծնվեց նրանց երկրորդ զավակը, որդին: Առայժմ չեն որոշել՝ ինչ են կոչելու նորածնին, սակայն, հաշվի առնելով, որ Եռատոնի օրն է ծնվել իրենց որդին, ցանկանում են Արցախյան գոյամարտի որևէ քաջի անունով կոչեն փոքրիկ տղեկին: Քաշաթաղի շրջանի Արցախ Բունիաթյանի անվ. բուժմիավորում ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցինք նորածնին: Մայրը՝ Արտեմիսը, գոհունակություն հայտնեց բուժմիավորման աշխատակիցներից:
Ուրախությամբ ասաց, որ իրենց առաջին դասարանցի դուստրը՝ Ալինան, արդեն եղբայր ունի: 2014-ին են ընտանիքով Երևանից տեղափոխվել Քաշաթաղի շրջան ու բնակություն հաստատել Հերիկ գյուղում: Գոհ է՝ իրենց ընտանիքին տուն են հատկացրել, պայմաններից չի բողոքում: Բուժմիավորման աշխատկիցները տեղեկացրեցին, որ նորածնի և մոր առողջական վիճակը բավարար է, որևէ խնդիր չկա: Կ. Գրիգորյանը նաև տոնի առթիվ դրամական պարգև տվեց նորածնի մորը: Հերիկի նոր բնակչի ծնունդը ուրախությամբ ընդունվեց Բերձորում: Բոլորը մաղթեցին, որ խաղաղ երկնքի տակ մեծանա փոքրիկը և բոլոր երեխաները, որ պատերազմ բառը հիշվի միայն բառարաններում:
Զոհրաբ Ըռքոյան