«Սովորական բաներ են այս ռեժիմի պարագայում, եթե այդ դրսեւորումները չլինեն պաշտոնյաների կամ նրանց մանկլավիկների կողմից, շատ կզարմանայի, որովհետեւ Հայաստանում իշխանությունը չի փոխվել՝ ո՛չ որակով, ոչ մարդկանցով, սա ռեժիմի դիմանկարի շտրիխներից են»,- նման կարծիք հայտնեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ անդրադառնալով լրագրողներին ուղղված ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «չքվեք» պահանջին եւ Հաղթանակի զբոսայգում վարչապետի թիկնազորի՝ լրագրողներին հրելուն:
Պարոն Բարսեղյանի խոսքով, պաշտոնյաների պատկերացմամբ, իրենք անձեռնմխելի են. «Ու իրենց մանկլավիկները պարտավոր են իրենց պատկերացմամբ անձեռնմխելիությունն ապահովել: Դու ով ես, որ հարց տաս, չքվեք, ես Վովան եմ, սթափվեք, փոքր երկիր է, հիշեք հլը՝ միլիցա-պեպելնիցա, չա-չա-չա, այս ամենը Վովա Գասպարյանի դիմանկարի անքակտելի մասն է»:
Ըստ Լեւոն Բարսեղյանի, կան դեպքեր, երբ լրագրողները պաշտոնյաներին հարցեր են տալիս հարց տալու համար կամ մի ապուշ պատասխան կորզելով՝ինտերնետային քլիք ապահովելու համար. «Պատահում են դեպքեր, երբ լրագրողները Գալուստ Սահակյանին կամ Շմայսին ուզում են հարցեր տալ, ապշելու բան է՝ Գալուստ Սահակյանին ինչպես կարելի է ինչ-որ հարց տալ, ոստիկանապետին, բնականաբար պետք է հարցեր տալ…երբեմն լինում են դեպքեր, որ անիմաստ բան է հարց տալը, գուցե մասխարայի համար են անում, մի զվարճալի ռեպլիկ պոկեն, ռեյտինգ է, ինտերնետային քլիք է, նկատել եմ, որ նման լրագրողներ կան, որոնք հրճվում են ե՛ւ իրենց հարցից, ե՛ւ պատասխանողի իդեոտիկ պատասխաններից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ