Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պատմության մեջ երկու շահ կա` Ադրբեջանինը և Ռուսաստանինը». Գևորգ Մելիքյան

Մայիս 09,2017 18:15

«Պյոտր Սվիտալսկին հասկացրեց, որ իրենք ընդհանրապես շահագրգիռ կողմ չեն այս զարգացումով, որ հանկարծ չմտածեն, թե իրենք կողմ են եղել և այս խաղերի մեջ կան»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը:

Հետաքրքրվեցինք`ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման առնչությամբ ստեղծված իրավիճակին համարժե՞ք էր ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարությունը մասնավորապես այն, որ ԵԱՀԿ գրասենյակի փակումը հենց ԵԱՀԿ-ին էր հարված, պարոն Մելիքյանը պատասխանեց, թե  դեսպանը ճիշտ գնահատական տվեց, այնուհետև հավելեց, որ ժամանակին ԵԱՀԿ-ի կոնսենսուսային գործիքը համարվում էր ձեռքբերում, իսկ 21-րդ դարում` հատկապես նոր` հետխորհրդային տարածքի պետությունների պարագայում, կոնսենսուսը դառնում է զենք, ոչ թե ձեռքբերում:

Ադրբեջանի` ԵԱՀԿ-ում պահվածքը Գևորգ Մելիքյանը զուգահեռեց ՌԴ-ի` ՄԱԿ-ում իրականացրած քաղաքականության հետ. «Տարիներ շարունակ, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում որոշումներ են ընդունվում, ՌԴ-ն հանդես է գալիս վետոյով: Ադրբեջանն օգտագործում է նույն Ռուսաստանի զենքը»:

Դառնալով ԵՄ-ի արձագանքին` փորձագետը նշեց, թե այս պարագայում ԵՄ-ն ինչ կարող էր անել, արեց. «Պյոտր Սվիտալսկին ցույց տվեց, որ Եվրամիությունն իսկապես խորապես մտահոգված է, որ նման բան կա, քանի որ դա շատ անսպասելի էր շատերի համար»:

Գևորգ Մելիքյանի համոզմամբ` քաղաքական տեսանկյունից, եթե շահարկումների մեջ չմտնենք, արվել է հնարավորինը: Պարզապես խնդիրն այն է, որ Հայաստանը նորից պատասխանողի դերում է հանդես գալիս, մինչդեռ անընդհատ նախահարձակ պիտի լինի:

Հետաքրքրվեցինք`ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը իրավիճակից ելքի համար, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Դա ԱԳՆ-ի գործառույթն է: Արվել է այն, ինչ տակտիկայում կա, նոր բան չէ: Նույն Ռուսաստանը 2008-ին արգելել է Վրաստանի մանդատը, դրանից բացի Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում էլ է վետոյի իրավունքով հանդես գալիս: ԵԱՀԿ-ն ունի կոնսենսուսով այս կամ այն որոշմանը հասնելու ընթացակարգ, եթե որևէ երկիր 57 երկրից համաձայն չէ, այդ գործընթացը կանգ  է առնում: Պարզ է, որ այստեղ Հայաստանի դեմ ուղղված քայլ է Ադրբեջանի կողմից: Այս առումով Հայաստանը ոչինչ անել չէր կարող: Ցանկացած երկիր, որը համաձայն չլիներ, նույն բանն էր լինելու»:

Իսկ թե ո՞ւմ շահերից էր բխում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Գլոբալ առումով այս պատմության մեջ երկու շահ կա: Առաջին Ադրբեջանինն է, երկրորդը` Ռուսաստանինը, որին ըստ էության Ադրբեջանն անուղղակիորեն լավություն արեց: Ռուսաստանի սրտով էլ չէր մանդատի երկարացումը: Ընդհանրապես միջազգային կառույցների ներկայությունը Հայաստանում Ռուսաստանի համար մրցակցային նշանակություն ունի: Ինքն էլ է ԵԱՀԿ-ի անդամ և ակտիվ մասնակցում է ԼՂ բանակցային գործընթացին: Մյուս կողմից էլ ունի իր շահերը, և դրանցից մեկը միջազգային կառույցների և ավելի արևմտյան ազդեցության նվազեցումն է հնարավոր բոլոր միջոցներով: Իսկ ԵԱՀԿ-ն և մյուս միջազգային կառույցներն արևմտյան երկրների գործիքակազմի մասն են կազմում»:

Գևորգ Մելիքյանը համամիտ չէ այն պնդումներին, թե Ադրբեջանն այս քայլին գնաց ՌԴ-ի ճշտմամբ, սակայն իրականությունն այն է, որ Հայաստանը փաստացի հայտնվեց արձագանքողի կարգավիճակում, ինչը սխալ է. «Այս խնդիրը վերաբերում է ԱԳՆ-ին: Պիտի կարողանան ավելի ճկուն քաղաքականություն վարել: Խնդիրն այն է` արդյոք Հայաստանն ունի՞ հավասարակշռող, հակակշռող գործողությունների ցանկ»:

Եզրափակելով Գևորգ Մելիքյանը նշեց, թե ՀՀ-ն ընդհանուր առմամբ չունի հակազդելու շատ հնարավորություններ: Պետք է ավելի ակտիվացնի իր համագործակցությունն այն կառույցների հետ, որոնք դեռ ՀՀ-ում ներկա են. «Հայաստանը պետք է ակտիվացնի ԵԱՀԿ-ում իր դերակատարությունը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը չի նշանակում, ԵԱՀԿ-ի գործունեությունը Հայաստանում փակվեց: ԵԱՀԿ-ն գործում է, ՀՀ-ն այդ կառույցի մաս է և, առավել ևս, ԼՂ հակամարտության մասով շարունակում է դերակատարություն ունենալ: ՀՀ-ի պետական շատ կառույցներ գումարներ են ստացել ԵԱՀԿ-ից և ավելի շահագրգռված պիտի լինեն հարաբերություններն ակտիվացնել»:

Մեր այն դիտարկմանը, թե ԵԱՀԿ-ի կողմից ֆինանսական աջակցություն ստացած կառույցներն այդպես էլ հրապարակային չդատապարտեցին գրասենյակի փակման փաստը, պարոն Մելիքյանն այսպես արձագանքեց. «Պետք չէ այդտեղ հատուկ բան փնտրել: Գործընթացը լրիվ այլ տեղ է: Ի՞նչ է, ոստիկանությունը պետք է բողոքի նոտա՞ հղի ԵԱՀԿ-ին: Այս առումով բոլոր պետական կառույցները պատվիրակում են ԱԳՆ-ին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031