Հանգստյան օրերին մահացան մայիսի 3-ին «Էրեբունի» բուժկենտրոնում ծնված հնգյակից երկու աղջիկները:
Երեքի վիճակը, բժիշկների գնահատմամբ, շարունակում է ծանր մնալ:
Նորածինների հայրը՝ Վարդան Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ երեխաների կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե բացառիկ այս ծնունդը պահպանելու համար մասնագետներ հրավիրվեին արտերկրից եւ ավելի լուրջ նախապատրաստվեին:
«Իրենք նախօրոք տեղյակ են եղել, որ ծնվելու է 5 երեխա, բնական ճանապարհով, ավելի լուրջ քայլեր չեն ձեռնարկել, սպասել են ամենավերջին պահին: Հնարավոր չի ՝ իրենք չունենան դրսում կոլեգաներ, կապեր, կարային Հայաստան հրավիրեին մասնագետների, ավելի լուրջ, որ կոնկրետ հնգյակի հետ գործեր են ունեցել»,-ասել է երեխաների հայրը:
Ի պատասխան, երեխաների ծնունդն ընդունած բժիշկները նշել էին, որ արտերկրից մասնագետներ հրավիրելու հարցով զբաղվում է առողջապահության նախարարությունը:
Aravot.am-ը նախարարությունից հետաքրքրվեց` արդյոք քննարկե՞լ են դրսից մասնագետ հրավիրելու հարցը: Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից նշեցին, որ նորածինների բուժման ընթացքին հետեւել են Սանկտ Պետերբուրգից Հայաստան եկած մասնագետները. «ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը մասնագետների հետ մայիսի 4-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածինների բուժման ընթացքը քննարկել է Սանկտ Պետերբուրգի առաջատար պրոֆեսորներ Անատոլի Սիմոխոդսկու, Իրինա Սորոկինայի եւ Ալեքսանդր Պուգաչովի հետ։ Սանկտ Պետերբուրգի նեոնատոլոգներն ու ռեանիմատոլոգները նշել են, որ հայ մասնագետներն ամեն ինչ անում են չափորոշիչներին համապատասխան»:
Գինեկոլոգ, «Մանկաբարձությունում եւ գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի» նախագահ Կարինե Թոխունցն անդրադառնալով նորածինների շուրջ բարձրացված աղմուկին, ասում է.
«Հղիության ընթացքում բժիշկները բազմաթիվ անգամ տեղեկացրել են ծնողներին սպասվող վտանգների վերաբերյալ: Հղիությունը վարել են բարձրակարգ մասնագետներ՝ 3 մակարդակի բարձրակարգ ծննդօգնության հաստատությունում, ուղղորդվելով միջազգային հանձնարարականներով:
Նորածինները գտնվում են լավագույն մանկաբույժների հսկողության տակ, ստանալով անհրաժեշտ բուժումը լիարժեք եւ ամբողջ ծավալով»:
Ապա Կարինե Թոխունցը բացատրում է մասնագիտորեն. «Գոյություն ունի այսպիսի գիտություն` վիճակագրություն, համաձայն որի՝ պերինատալ մահացությունը բազմապտուղ հղիության դեպքում 9- ապատիկ, ներգանգային արյունազեղումները` 47- ապատիկ, վաղ նորածնային մահացությունը` 6 -ապատիկ գերազանցում են պոպուլյացիոն ցուցանիշները ` սա արտերկրի բաղձալի մասնագետների տվյալներն են»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ