Մայիսյան եռատոնը չշրջանցեց նաև Ծովինարը: Գյուղի բնակիչները երգելով շարժվեցին «Անհայտ զինվորի» հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու Համաշխարհային պատերազմի զոհերին և մեծարելու կենդանի հերոսներին: Մեծ հայրենականի կենդանի մասնակիցների շարքը բավականին նոսրացել է: Այժմ նրանք երկուսն են ՝ Գուրգեն Մելքոնյանը և Թարխան Թադևոսյանը:
Հուշարձանի մոտ շնորհակալական խոսք ասաց գյուղի քահանա տեր Գևորգը. «Մեր զավակները երբեք իրենց թիկունքը ցույց չեն տալիս, այլ ընդհակառակը թշնամու թիկունքն են տեսնում: Ամեն ժամանակ տալիս է իր հերոսներին. մենք կանգնած ենք մեր պապերի դեմ, պապեր՝ որոնք Հայրենական մեծ պատերազմը անցան, նրանք էլ կանգնած են իրենց պապերի դեմ, որոնք Սարդարապատում հաղթեցին, այսպես՝ մինչև մեր օրեր»:
Մենք զրուցեցինք պատերազմի մասնակիցներից 94 ամյա Գուրգեն Մելքոնյանի հետ: Չնայած մեծ տարիքին՝ նա հստակ հիշում էր, որ մասնակցել է 6 ճակատամարտի. «Մի անգամ վիրավորվել եմ Լուցկում, մեկ ամիս անց՝ Վարշավայում: Նույնիսկ դիեր ենք հավաքել Բրեստում, հարյուր հոգուց բաղկացած խմբով»:
Գուրգեն պապը հիշվում է նաև որպես գյուղում կարևոր նշանակության շինությունների կառուցող. «Կառուցել եմ մեր գյուղի գրասենյակի, դպրոցի շենքերը, նաև այս հուշարձանը, որի շուքի տակ հիմա մենք նստած ենք»:
«Անհայտ զինվորի» հուշարձանը նա կառուցել է միայնակ 2-3 տարում: Իսկ սահմանին կանգնած զինվորին խորհուրդ տվեց ամեն պարագայում զգոն լինել . «Թշնամին ամեն վայրկյան սպասում է ձեր թուլանալուն: Դուք հիմա անում եք սրբազան գործ ու շատ լավ եք անում: Թուրքը միշտ էլ նենգ է եղել, բայց մենք էլ նրա համար ենք, որ չեզոքացնենք այդ նենգությունը: Ի՞նչ անենք, թուրքին սաստելն էլ մեր ճակատագիրն է»: Երկու վետերաններին դրամական պարգև հատկացվեց ոչ միայն պետության, այլ նաև գյուղի բարերարների կողմից:
Նելլի ԹԱՌՓՈՇՅԱՆ