Հաղթանակների մայիսն այսօր էլ համախմբել էր բազմաթիվ վանաձորցիների: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձերը Վանաձորում նշվեցին հանդիսավորությամբ:
Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին՝ պատերազմի վետերաններ, արցախյան ազատամարտի մասնակիցներ, պատանի երկրապահներ ու լոռեցիներ:
-Ես հպարտություն եմ զգում, որ մենք հաղթեցինք: Որ ժողովուրդը եղավ միասնաբար, ընկերական ու ամուր, եթե դա չլիներ մենք չէինք հաղթի,-ասում է պատերազմի մասնակից Բելլա Վելումյանը:
Վանաձորի ԵԿՄ անդամ Արթուր Աբովյանի համար էլ օրը կարեւոր է: Ասում է այս հաղթանակի համար առաջին հերթին պարտական են զոհված ընկերներին. «Իրենց ներդրումն ամենամեծն է: Նրանք միշտ մեզ հետ են: Շնորհավորում եմ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Նաեւ մեր վետերան պապիկներին, քանի որ նրանց գործն ուսումնասիրելով մենք սովորել ու կանգնել ենք այս ճանապարհի վրա ու շարունակում ենք»:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորելով տոների կապակցությամբ, նշեց, որ վետերանները շարունակում են մնալ իրենց ուշադրության կենտրոնում. «Ուզում եմ, որ մենք եռատոնը նշենք խաղաղության մեջ: Ես այսօր ականատես եղա մեր պատանի երկրապահների եւ դպրոցահասակ երեխաների ոգեւորվածությանը, եւ հպարտություն ապրեցի: Եվ հասկացա, որ Հայաստանն ունի պայծառ ապագա: Ես հայ ժողովրդին խաղաղություն եմ ցանկանում: Բոլոր այն վետերաններն, ովքեր մեր շարքերում են, մենք ողջ տարվա ընթացքում մեր ուշադրության կենտրոնում ենք պահում: Բայց չեմ կարծում, որ օգնությունների մասին բարձրաձայնելը տեղին է»:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը եւս շնորհավորեց լոռեցիներին, մաղթելով միայն խաղաղություն. «Թող հաղթանակները միայն մարտի դաշտում չտրվեն: Թող հաղթանակները տրվեն՝ գիտության, կրթության, արվեստի եւ խաղաղ այլ գործունեության բնագավառում: Մեր զինված ուժերին ցանկանում եմ ուժ ու կորով, աննկուն ոգի, միաբանություն»:
ՊՄՏՀԿ Վանաձորի խորհրդի նախագահ Խաչիկ Բալայանը՝ ռազմահայրենասիրական գործում ունեցած մեծ ավանդի եւ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ Լոռու մարզպետի կողմից արժանացավ ոսկե հուշամեդալի:
Տոնական միջոցառմանը Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն օրհնեց ներկաներին, որից հետո ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին:
Իսկ ցուցադրական ելույթներով հանդես եկան զինծառայողները:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ