Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՍ-ի Արտակը տուտ պրիչյո՞մ». Հերմինե Նաղդալյան (Տեսանյութ)

Մայիս 09,2017 16:55

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Հաղթանակի զբոսայգում լրագրողներին հորդորեց սպասել մինչև ՀՀ ԱԺ առաջին նիստը, երբ կիմանան, թե ԱԺ-ում ով ինչ դեր է ունենալու: Լրագրողների հարցերին, թե իր հետ քննարկվե՞լ է այն հարցը, թե ինչ դերակատարություն է ունենալու ԱԺ-ում, կամ արդյոք Հերմինե Նաղդալյանը պահպանելո՞ւ է իր պաշտոնն ԱԺ-ում, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Ժողովուրդ ջան, ձեզ այդքան շա՞տ է անհանգստացնում իմ դերը, ավելի շատ, քան ի՞նձ»:

Տիկին Նաղդալյանն իր` դեսպան նշանակվելու մասին լուրերին ի պատասխան ասաց, թե արդեն հրապարակված է, թե ով է Վրաստանում նշանակվել դեսպան:

Իր` պաշտոնը պահպանելու մասին էլ ասաց. «Ինչո՞ւ եք ուզում ժամանակից շուտ իմանաք, ժամանակը կգա, կիմանաք: Ժամանակը կգա, երբ կլինի ԱԺ առաջին նիստը»:

Դիտարկմանը, թե Հերմինե Նաղդալյանի աչքերից երևում է, որ իր հետ քննարկվել է իր` պաշտոնի հարցը, տիկին Նաղդալյանը հումորով պատասխանեց, թե իր աչքերից չի երևում, քանի որ ինքն ակնոցով է:

Հարցին` ԱԺ նախագահի պաշտոնում ո՞ւմ է տեսնում, տիկին Նաղդալյանը կրկին պատասխան չտվեց. «Երբ գա այդ հարցի ժամանակը, կորոշվի  և դուք կիմանաք առաջինը»:

Իր` հարցերին չպատասխանելը տիկին Նաղդալյանը հիմնավորեց, թե «այսօր հարցերի օր չէ, տոն է» և հավաստիացրեց, որ որևէ սահմանված կարգ չկա, որ ժամանակից շուտ հարցեր տան ու դրանց պատասխաններ տրվեն:

Հարցին` իսկ Դուք ո՞ր հանձնաժողովին եք պատկանելու, Ձեզ ո՞ր հանձնաժողովում եք պատկերացնում, տիկին Նաղդալյանը հեգնեց. «Ֆիզկուլտուրայի և սպորտի: Նորմա՞լ է, ի՞նչ կլիներ, որ, օրինակ` դուք չէի՞ք աշխատի այդ հանձնաժողովում, շատ լավ կվազեի ձեզ հետ միասին»:

Լրագրողների դիտարկմանը, թե նման հանձնաժողով չկա, տիկին Նաղդալյանն արձագանքեց. «Կստեղծենք, եթե տենց շատ ուզում եք ինձ ինչ-որ մի տեղ աշխատանքի տեղավորել»:

Լրագրողները տիկին Նաղդալյանին հիշեցրին երկրում գոյություն ունեցող սոցիալական և տնտեսական խնդիրները: Նա դրանց համար օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ օրինակ բերեց. «25 տարուց ավելին ապրում ենք շրջափակման մեջ, ժառանգել ենք ավերված տնտեսություն  և այլն»: Հարցին` այս վիճակի համար ՀՀԿ-ն մեղավո՞ր չէ, տիկին Նաղդալյանն ասաց, թե մենք ոչ թե պետք է մեղավորների մասին մտածենք, այլ ամենքս մեր տեղում լավ աշխատենք. «Երեկ է ընտրությունը եղել, մարդիկ որոշում են կայացրել, և գնահատելով ՀՀԿ-ի կատարած աշխատանքը` դրանից ելնելով` վստահության քվե են տվել: Ընդդիմությունն ասում է, որ ընտրությունները կեղծվել են,  քանի որ ուրիշ ասելիք չունի»:

Այն հակադարձումներին, թե 20 տարի երկրում ամեն ինչ վատացել է, արտագաղթը մեծացել, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Դա ձեր կանխակալ մոտեցումն է: Ցուցանիշները տարիներ շարունակ մեծ աճ են ցույց տվել: Արտագաղթի խնդիրներն էլ շատ տարբեր` տնտեսական, սոցիալական և այլ բնույթի»:

Անընդհատ հնչող հակադարձումներին` տիկին Նաղդալյանն այսպես պատասխանեց. «Լսի, ուրեմն ՀՀԿ-ի օրոք այս երկինքն էլ է կապույտ, արևն էլ է փայլում»:

Այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ի տոկոսները, միևնույն է, ավելանում են` չնայած երկրում խնդիրները շարունակում են նույնը մնալ ու եթե ՀՀԿ-ին իրոք ընտրում է ժողովուրդը, ինչպես տիկին Նաղդալյանն է պնդում, ապա այդ դեպքում ի՞նչ կասի ՍԱՍ-ի Արտակի ժողովի մասին, ինչո՞ւ են նորից ձայն մուրում, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «ՍԱՍ-ի Արտակի ժողովը պետք չէ մատի փաթաթան սարքել: Սպասեք, կա քրեական գործ,  քննությունը կորոշի: Պետք չէ բերան-բերան առնել: Ընտրական օրենսգիրքը ստեղծել է բոլոր հիմքերը, որ յուրաքանչյուր քաղաքացի իր կամքով քվեարկի. ո՛չ ՍԱՍ-ի Արտակը կարող է ասել, ոչ դպրոցի տնօրենները: Որպես ընտրող` ունենք հնարավորություն, և այդ իրավիճակը ստեղծված է, որ յուրաքանչյուրը գնա ընտրի այնպես, ինչպես ինքն է ուզում: ՍԱՍ-ի Արտակը տուտ պրիչյո՞մ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031