Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն օրերս Ավանում քարոզարշավի ժամանակ այցելեց Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատուն, որպեսզի ցույց տա, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաները ինչպիսի շքեղ տուն-տեղ են դրել մեր աղքատ երկրում:
Այս առնչությամբ Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղասարյանին հարցրեց՝ Դուք էլ տեւական ժամանակ բարձրաստիճան պաշտոնյա եք եղել, հնարավո՞ր է պետական աշխատավարձով այդպիսի շքեղ առանձնատներ կառուցել, Դուք ինչո՞ւ նման առանձնատուն չունեք:
Նա պատասխանեց. «Տիկնոջ կատարած քայլը կոռեկտ չեմ համարում: Բնականաբար, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ե՛ւ առանձնատուն կառուցելու, ե՛ւ բնակարան ունենալու: Իրենք ավելի լավ է ուսումնասիրեին եւ կարող էին պարզաբանումներ ստանալ Տարոն Մարգարյանից, թե իրենք ամբողջ կյանքը իրենց ընտանիքով, իր երջանկահիշատակ հայրը, իրենք անընդհատ եղել են աշխատանքի մեջ եւ իրավունք ունեն, վաստակել են այդ, որ կարող են ունենալ նաեւ առանձնատուն»:
Մեր հարցին՝ բա Դուք ինչո՞ւ առանձնատուն չունեք, Դուք չե՞ք վաստակել այդ իրավունքը՝ նա պատասխանեց. «Ես, համենայնդեպս, առանց տանիքի չեմ, ես էլ տուն ունեմ»:
Թե ինչու Տարոն Մարգարյանի նման շքեղ առանձնատուն չի կառուցել՝ Վահրամ Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Նախասիրության հարց է: Եթե պետք լինի, կարող է ես էլ, իմ տղաներն էլ ժամանակին կառուցեինք նման տներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ