«ՍԴ-ն գտնում է, որ ՍԴ-ում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս»,- Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ ահա այսպիսի հետեւություն էր արել՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի հետ կապված:
Հիշեցնենք, որ դաշինքը ՍԴ էր դիմել՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: ՍԴ որոշման համաձայն՝ «Փաստն այն է, որ համաձայն գործի նյութերի, ՍԴ դիմած դաշինքի մաս կազմող ՀԱԿ-ի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների շուրջ 94 տոկոսում նշանակված բոլոր անդամները, առանց բացառության, ստորագրել են քվեարկության արդյունքների վերաբերյալ բոլոր արձանագրությունները՝ ըստ էության վավերացնելով այդ ընտրատեղամասում քվեարկության արդյունքների հավաստիությունը: Նրանք չեն ներկայացրել որեւէ հատուկ կարծիք: Չեն վիճարկել որեւէ տեղամասում քվեարկության արդյունքները: Ըստ գործի նյութերի, իրավախախտումներ չեն արձանագրել նաեւ դաշինքի 1668 վստահված անձանցից 1667-ը: Այս իրողությունն աննախադեպ է ոչ միայն ՀՀ-ի, այլեւ թերեւս համապետական ընտրությունների միջազգային պրակտիկայում»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Երբ Սահմանադրական դատարանը խոսում է քաղաքական շահարկման մասին, դրանով ինքն իրեն ջնջում է՝ որպես Սահմանադրական դատարան: Քաղաքական նման գնահատական ՍԴ-ն իրավունք չունի տալու: Արդեն մենակ այդ մի արտահայտությամբ ինքն իրեն ջնջում է, ինքն այլեւս վստահելի ատյան չի, իրավական տեսակետից հարցը քննարկող ատյան չի»:
Ուշագրավ է, որ ՍԴ-ն որոշման մեջ օգտագործում է քաղաքական կոռուպցիա եզրույթը. «ՍԴ-ն գտնում է, որ ՀՀ իշխանությունների առաջնահերթ խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնեցին միջազգային եւ տեղական դիտորդական առաքելությունները, մասնավորապես, ընտրական գործընթացներում քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ»:
Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությամբ՝ «Եթե մեկը կա, որ այդ քաղաքական կոռուպցիայի պարտակման համար ամենամեծ ծառայությունն է մատուցել, դա Գագիկ Հարությունյանն է: Նա հենց այդ քաղաքական կոռուպցիայի հետեւանքով անցկացված կեղծված ընտրությունները միշտ իր կնիքով վավերացնում է՝ բարձր ատյանի կնիքով: Եթե ինքը քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարելու որեւէ մտադրություն ուներ, մենք իրեն փաստեր ենք բերել՝ Դանիել Իոաննիսյանի ձայնագրությունները, որոնք խոսում են հենց քաղաքական կոռուպցիայի մասին: Դա քաղաքական կոռուպցիա է, երբ ՀՀԿ-ն օգտագործում է իր վարչական ռեսուրսները՝ ընտրողների վրա ազդելու համար, ընդ որում՝ աշակերտների ծնողների վրա: Քաղաքական կոռուպցիա է, երբ որ այդ բացահայտված հանցագործությունը պարտակվում է դատախազության եւ ԿԸՀ-ի կողմից: Դրանք բոլորը քաղաքական կոռուպցիաներ են: Իսկ երբ որ այդ ամեն ինչի վրա աչք է փակում ՍԴ-ն, դա նշանակում է, որ այդ քաղաքական կոռուպցիայի գլխավոր պահպանիչներից եւ հովանավորներից մեկը հենց ՍԴ-ն է, որովհետեւ ինքը գտնվում է այն ատյանի դիրքում, որ կարող է վերջնական խոսքն ասել այդ հարցում, կարող է տեղից շարժել այդ գործը: Ինքը այդ գործը փորձում է տեղից շարժել բառերով, մինչդեռ ընդամենը պետք էր գործել ու անել այն քայլերը, ինչ օրենքով ու Սահմանադրությամբ վերապահված է իրեն: Ինքը դա չի անում, դրա համար էլ քաղաքական կոռուպցիայի ամենամեծ հովանավորներից է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյան»
այսինք, քաղաքական դաշտի վրայ, ժողովուրդի քուէարկութեամբ՝ ուղղակի անհետացած խմբակցութեան մը խօսնակը
որքա՞մ նորմալ է անդադար զինք լսել մամուլի մէջ… ուր նա դառնացած պարտուողի իր մաղձն է թափում միայն… pathetic…
երեւի այդ ալ մխիթարութեան մրցանակն է, պարտուողին վիճակուած…