«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ իր՝ ավելի վաղ կատարած հայտարարությանը՝ ընտրակաշառք չվերցնողներին 15.000 դրամ տալու մասին, որը միանշանակ չընդունվեց ու քննադատության տեղիք տվեց:
«Մարդիկ հարկադրվում են ընտրակաշառքի, այնքան խոցելի են, որ նրանց կարելի է հարկադրել որոշակի գործողությունների՝ ընտրակաշառքների, այդ առումով կարծում եմ՝ սա հնարավորություն է մարդկանց ազատագրել ընտրակաշառքի ճիրաններից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, թե իր այդ հայտարարությունը ընտրակաշառքը լեգիտիմացնող հայտարարություն չէ՞ր, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գնահատականը պետք է լինի կոռեկտ ու հիմնավորված, պետք է հասկանան՝ ինչ է ընտրակաշառք, ինչ է մեր առաջարկածը: Ընտրակաշառքը Քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է»:
Հարցին՝ իսկ իրենք կրկնօրինակո՞ւմ են որեւէ մեկին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ սովորաբար իրենց գաղափարները ծնվում են քննարկումների արդյունքում, ունեն բավականին ինտելեկտուալ ներուժ, որ որեւէ մեկին կրկնօրինակելու անհրաժեշտություն չունենան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ