Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբանը քաղտեխնոլոգի՝ Նոյեմբերյանն անվանափոխելու առաջարկի մասին

Մայիս 09,2017 15:58

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը օրերս Ֆեյսբուքի իր էջում իշխանություններին ուղղված առաջարկ էր արել: «Ողջ հետխորհրդային տարածքում, կամ գոնե Հայաստանում սոցիալիստական հեղափոխության հետ կապված միակ հուշը մնացել է Նոյեմբերյանը: Այդ տարածքի պատմական անվանումը եղել է Կողբափոր գավառ: Խնդրում եմ անվանափոխել այդ տարածքը Կողբափոր: Հ.Գ. Սա առաջին հերթին մեր հարգարժան դոկտոր Արտավազդ Սահակյանի, հետո նոր իմ խնդրանքն է»,- գրել էր քաղտեխնոլոգը:

Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Էդիկ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջակին՝ նշեց. «Ժամանակին կոմունիստական կուսակցության գաղափարախոսությամբ, քաղաքական կոնյունկտուրայով եւ այլ պատճառներով պայմանավորված՝ բազմաթիվ տեղանուններ եւ բնակավայրեր անվանափոխվել են, հաճախակի դրանք արհեստածին են եղել՝ պայմանավորված ժամանակաշրջանով: Այդ միտումն առկա էր ԽՍՀՄ կազմում եղած հանրապետություններում, մասնավորապես՝ Հայաստանում: Ժամանակին շատ շրջաններ ունեինք, որոնք նման անուններ ունեին ու նվիրված էին Կոմունիստական կուսակցության «գործիչներին», նշանավոր հեղափոխականներին: Հիշենք, թեկուզ Կամոն՝ ներկայիս Գավառը, Հոկտեմբերյանը՝ ներկայիս Արմավիրը, բազմաթիվ գյուղեր՝ Լուկաշին եւ այլն…Պարզապես հարկ չեմ համարում բոլոր նման տեղանունները հիշատակել: Եղել են շատ դեպքեր, երբ բնիկ, պատմական անվանումներից շեղվել են, հիմա այսօր էլ խոսում ենք Նոյեմբերյանի մասին»:

Մեր զրուցակիցը հավելեց. «Ես ծանոթ եմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի առաջարկին, որ պետք Նոյեմբերյանն անվանափոխել: Մյուս կողմից էլ առաջարկվում են անվանումներ, որոնք պետք է լրջորեն դիտարկել: Որպես պատմաբան՝ մի օրինակ բերեմ. ժամանակին նույն Գեղարքունիքի մարզի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ հնչեցին, մինչդեռ ամբողջ մարզը Գեղարքունիքին չէր վերաբերում, առաջարկներ կային նաեւ Գեղամա անվան հետ կապված: Դա Սյունիք նահանգի մի մասն էր, եւ այսօրվա մարզը, որ կա, ամբողջ Գեղարքունիքը չէր ընդգրկում, արդյունքում գնացինք ակունքներին՝ շատ բաներ անտեսելով»:

Պատմաբանը հայտնեց, որ ողջունում է Կարեն Քոչարյանի առաջարկը, բայց նաեւ գտնում է, որ նման առաջարկները պետք է լրջորեն ուսումնասիրել. «Ցավոք, դեռ ժամանակ չեմ ունեցել առաջարկվող Կողբափոր տեղանունը ստուգաբանորեն ուսումնասիրել, բայց փառք Աստծո, կան բոլոր հնարավորությունները հարցն ուսումնասիրելու համար, հատկապես եթե առկա լինի ժողովրդի ցանկությունը, եւ եթե անունը բխի բնիկ պատմականությունից»:

Էդիկ Գեւորգյանը նաեւ շեշտեց. «Ցավոք, այսօր էլ դպրոցներ ու փողոցներ ենք անվանակոչում, երբեմն անհասկանալի ձեւով, եւ ես շատ կցանկանայի, որ վաղը, մյուս օրը նման անհրաժեշտություն չլիներ դրանք եւս կրկին վերափոխելու համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Բարձրացված հարցի կարևորությունը ընդունում եմ, բայց առաջարկած անվանումը ոչ։ Հարցը խորը ուսումնասիրության կարիք ունի։ բազմաթիվ անուններ կան որ կարելի է քննարկել բայց միանշանակ որևէ մեկը չեմ կարող առաջարկել։ Ամեն դեպքում Կարենի առաջարկածը բացառում եմ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031