«Այս պահին էլ քաղաքապետարանն ու թաղապետարանները ունեն հատուկ ֆոնդեր, որ սոցիալապես անապահով խավերին օգնություններ տրամադրում են»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջարկին: «Ելքը» խոստանում է իր հաղթանակից հետո 15 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր կտեղեկացնեն, որ իրենց ընտրակաշառք է առաջարկվել, իսկ իրենք հրաժարվել են:
«Երկիր ծիրանին» այսօր նախընտրական քարոզարշավ էր իրականացնում «Հաղթանակ» զբոսայգում:
Լրագրողները հետաքրքրվեցին`այսինքն` ինքը կողմ չէ՞ այդ առաջարկին: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Նախ`նա իր գրպանից չի տալիս: Ապա`քաղաքապետարանի բյուջեն այս պահին էլ է սոցիալական աջակցություն տրամադրում, շահարկելը հարիր չէ: Լրացուցիչ գալ ասել, որ ես էլ կտրամադրեմ, հարիր չէ»:
Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ այսօր մեկ միլիոնից ավելի մարդ սոված է եւ այդ մարդիկ ստանում են սոցիալական աջակցություն`տարբեր ծրագրերով:
Հարցին`Նիկոլ Փաշինյանի առաջարկը կնպաստի՞, որ մարդիկ ընտրակաշառք չվերցնեն, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ոչ: Ընտրողները երբ գնում են նման քայլի, նրանք խոցելի են ու այս պահին էլ նրանք սոցիալական աջակցություն ստանում են: Խոսել եւ շահարկելը տեղին չէ: Մենք պետք է փոխենք քաղաքական կառուցվածքը, որ ստեղծենք այնպիսի պայմաններ, որ մեր տատիկներն ու պապիկներն այդ 15 հազարի կարիքը չունենան եւ խոցելի չլինեն: Եթե չես փոխում քաղաքական համակարգը, ապա անընդհատ խոցելի խավեր լինելու են, այդ խնդիրն էլ լինելու է»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ նախընտրական քարոզարշավի ավարտից 3-4 օր առաջ ինքը հավաքագրումների մասին ահազանգեր ստացե՞լ է, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Հավաքագրումներ արդեն 25 տարի է՝ լինում է, լսել ենք, որ ուսուցչանոցներում ժողովներ են լինում, դա բնականոն վիճակ է արդեն: Բայց խնդիրը դա չէ: Մենք ունենք խոցելի խավ, որին պետք է ներգրավեն այս ամենի մեջ, բայց ես վստահ եմ, որ նրանք քաղաքացիական եւ սոցիալական բարձր գիտակցություն ունեն եւ այդ գիտակցությամբ են գնալու տեղամաս: Եթե մեր քսանամյա զինվորն անցյալ տարի ունեցավ բարձր գիտակցություն եւ կանխեց թշնամու մուտքը մեր հայրենիք, ապա մեր պապիկներն ու տատիկներն էլ պետք է ունենան այդ գիտակցությունը, ամսի 14-ի մարտին գնան տեղամաս եւ վերցնեն իշխանությունը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ