Մայիսի 9-ին Ազատության հրապարակից մեկնարկեց Անմահ գունդ քայլերթը՝ նվիրված Մեծ հայրենականի, Արցախյան և Ապրիլյան պատերազմների մասնակիցներին և զոհերի հիշատակին: Քայլերթին մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, Երիտասարդ կամավորականների միության անդամներ , ուսանողներ և աշակերտներ: Քայլերթը կազմակերպված էր ԵԿՄ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
«Նմանատիպ միջոցառումները նպատակ ունեն հայրենիքի հանդեպ հավատն ամրապնդելու, պատմությունը վերհիշելու և սևազգեստ մայրերին գոտեպնդելու համար» ,-ասաց Երիտասարդական հիմնադրամնի միջոցառումների կազմակերպիչ Հայկ Ավագյանը:
«Հարսս հղի էր, երբ որդիս՝ Խորեն Աղաբեկյանն ասաց, որ մեկնում է ռազմաճակատ: Չփորձեցինք կանգնեցնել, որովհետև իզուր էր, որդուս երակներով իսկական հայի արյուն էր հոսում: Երբ թոռնիկս ծնվեց՝ որդիս այլևս չկար: Թոռնիկիս Վիկտորյա անվանեցինք, նա մեր հաղթանակն էր, մեր հերոս որդու հաղթանակը» ,-ասաց զոհված ազատամարտիկի մայր Լենա Աղաբեկյանը:
«Մասնակցել եմ Մեծ հայրենականին, մասնակցել եմ Կուրսկի, Բելգորոդի և Խարկովի ազատագրմանը,- հպարտորեն պատմեց 103-ամյա Գառնիկ Մուրադյանը:
Ուղղափառ եկեղեցու քահանա Տեր Անդրեասը ուրախ էր, որ Հայաստանում այսպիսի մեծ շուքով են նշում Հաղթանակի տոնը:
«Մենք եկել ենք հարգելու Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը» ,- նշեցին Վրեժ Համբարձումյանի անունը կրող դպրոցի սաները:
«Մայիսը արյուն սրբող, ցավը հաղթանակով լցնող ամիս է , մայիսը հաղթանակների ամիս է,- հավելեց վետերան Լեռնիկ Ղազարյանը:
Անուշ ԳԱՍՊԱՐՅԱՆ