Այսօր Հաղթանակի զբոսայգում, երբ լրագրողները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցին` իր և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններին մասին, նա թեեւ ժպտալով, բայց վիրավորեց լրագրողներին. «Հոգնեցի ձեզանից էրեխեք, ասեմ ձեզ իմ սիրելի խոսքը`չքվեք սիրելիներս, հա»:
Լրագրողներից մեկն ի պատասխան ոստիկանապետին խորհուրդ տվեց չվիրավորել լրագրողներին:
Մինչ այս միջադեպը Վլադիմիր Գասպարյանը, իհարկե դժկամությամբ, երբեմն խորհուրդ տալով, թե տեսեք, ինչքան նոր դեմքեր կան, նրանցից հարցազրույց վերցրեք ասելով` պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:
Նա ասաց, որ «Սասնա ծռերին» հերոս անվանող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեությանը վատ է վերաբերվում. «Սպան իրավունք չունի սպային սպանողին այդպիսի արտահայտություն անել»:
Հարցին` ինչո՞ւ է պասիվացել, նա ծիծաղով պատասխանեց. «Ինչ մեղք եք էրեխեք, նյութ չունեք այսօր: Բայց դուք բավականին լավ ֆանտազիա ունեք: Լավ ստացվում է ինչ-որ բան հնարել, դնել, վերլուծել գնահատական տալ»:
Նա ասաց, թե Սերժ Սարգսյանն իրեն 65 տարով է նշանակել, իսկ ինքն ապրելու է 150 տարի. «Ես ասել եմ՝ վաթսուն տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ»:
Վարչապետի հանձնարարության առումով, թե աղբը հավաքեք փողոցներից, պարոն Գասպարյանն ասաց. «Այնքան աղբ կա մեր երկրում հավաքելու»: Լրագրողները հետաքրքրվեցին` ընդդիմությա՞նը, թե՞ իշխանությանը նկատի ունի, նա պատասխանեց. «Ինչի՞ ում, աղբը նկատի ունեմ: Լսի հոգիս, աղբ ամեն տեղ էլ լինում է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ոստիկանապետը վիրավորեց լրագրողներին… Իսկ լրագրողները վիրավորվեցի՞ն…