Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ է ասել Մուկուչյանը ՀԱԿ-ին՝ Ստեփան Դեմիրճյանի ստորագրության հետ կապված

Մայիս 09,2017 16:38

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարան էր դիմել ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու հարցով: Նիստի ժամանակ իր ամփոփիչ ելույթում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ իրենց ներկայացրած լիազորագրի տակ անգամ Ստեփան Դեմիրճյանի ստորագրությունը դրված չի եղել. «Անհասկանալի ինչ-որ անձի ստորագրություն է դրված, որը չես պատկերացնի, թե ում ստորագրությունն է: Այո՛, գուցե պետք էր սա ժամանակին հայտնաբերել եւ այս դիմումն ընդհանրապես քննության առարկա չդարձնել, որովհետեւ այդ լիազորագիրը չէր կարող համարվել պատշաճ, բայց արդյունքում անգամ իրենց օգտին է դա տեղի ունեցել: Ու ստեղծվում է հին Ռուսաստանի դրուժինաների ինստիտուտը, կարծես տպավորություն է՝ ով առավոտյան զարթնում է, նա էլ դառնում է էդ օրվա ղեկավարն ու նաչալնիկն այդտեղ»:

Այս առնությամբ մեզ հետ զրույցում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանն ասաց՝ «ԿԸՀ-ի դիմումի տակ, այո, Ստեփան Դեմիրճյանը ստորագրած չի եղել: Բայց մենք իրենց հարցրել ենք՝ ոչի՞նչ, որ լինի փոխնախագահի ստորագրությունը, իրենք ասել են՝ այո, ոչինչ»:

Մեր դիտարկմանը, որ Մուկուչյանն այնպես ներկայացրեց ՍԴ-ում, որ ուշ են նկատել, թե չէ չէին քննարկի դիմումը՝ Զուրաբյանը արձագանքեց. «Իհարկե, այնքան բան է կեղծել, այդ մեկն էլ չկեղծե՞ր, ի՞նչ է եղել: Իր ասածը դեմագոգիա է: Մեր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ԿԸՀ-ում պարզել է, ասել ՝ այսպիսի հանգամանք կա, Դեմիրճյանի ստորագրությունը չի, կլինի՞, ասել են՝ ոչինչ»:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի փաստաբան Վահե Գրիգորյանն իր ամփոփիչ ելույթում խոսեց ՍԴ-ի չափորոշիչների մասին, որոնք որեւէ դիմումատու չի բավարարել, նշանակում է՝ դրանք պետք է վերանայվեն:

Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ այնտեղ, որտեղ ՍԴ-ն կարող է իր բարձրագույն առաքելությունը կատարի, քայլ անի եւ իշխանությանը զրկի ապօրինություններ անելու հնարավորությունից ու մենաշնորհից, այդտեղ ՍԴ-ն միշտ նահանջել է եւ դարձել կամակատար. «Իրականում մենք ինչ էլ բերեինք ՍԴ, օրինակ, եթե ոչ միայն ՍԱՍ-ի Արտակի ժողովի ձայնագրությունը բերեինք, այլ բերեինք Սամվել Ալեքսանյանի բոլոր ժողովների ձայնագրությունները, բերեինք բոլոր պատգամավորների ձայնագրությունները, միեւնույն է, իրենք շատ լեգալիստական մոտեցումով մերժելու էին: Եթե 95-ի Սահմանադրության մեջ գրած էր, որ ՍԴ-ն լուծում է ընտրությունների արդյունքների հետ կապված վեճեր, հլը տեսեք հիմա ինչ խորամանկություն են արել, այդ արտահայտությունը փոխել են ու դարձրել՝ լուծում է ընտրությունների արդյունքում ընդունված որոշումների հետ կապված վեճեր: Այսինքն, եթե դու բերում ես ձայնագրություն, ինքն ասում է՝ իմ որոշման վրա դա չի ազդելու: Եթե ամեն ինչ կեղծվել է մինչեւ ԿԸՀ գալը, իսկ ԿԸՀ-ն զուտ ֆորմալ առումով ընդունում է, ասենք, օրինական որոշում, կարելի է համարել էդ կեղծիքները գոյություն չունեցա՞ծ»:

Մեր դիտարկմանը, որ ՍԴ-ն ասում է՝ դուք չեք սպառել բոլոր օրինական ատյանները, չեք դիմել՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Այդտեղ էլ են սուտ ասում: Օրինակ, Դանիել Իոաննիսյանի ձայնագրությունների հարցը քննարկվել է ԿԸՀ-ում եւ ԿԸՀ-ն ընդունել է ոչ իրավաչափ որոշում, ըստ էության պարտակել է ապացույցները եւ միակ տարբերակը ՍԴ-ում այդ հարցը լուծելն էր: ՍԴ-ն ինքը պիտի քններ: Ես ՍԴ-ում ասացի, որ իրականում Մուկուչյանը չի վերցրել տնօրենների բացատրությունները, ինչո՞ւ ՍԴ-ի մտքով չանցավ այդ հարցը մինչեւ վերջ տանել, ստիպել, որ ԿԸՀ նախագահ Մուկուչյանը բացահայտի այդ անունները: Դա սարքված էր: ՍԴ-ն կարող էր հատուկ հանձնաժողով ստեղծեր, քննիչները գնային եւ պարզեին՝ ով է վերցրել այդ բացատրությունները, ոնց է ստացել Մուկուչյանը եւ կպարզեին, որ դա ուղարկված է կենտրոնական շտաբից: Եթե չի արել, սա հենց այն դեպքն էր, երբ սպառված էր ԿԸՀ-ն, ՍԴ-ն պիտի գործեր: Իսկ ՍԴ-ն չի գործել, պարտակել է, ուղիղ կատարել է պարտակողի դեր»:

Մեր հարցին՝ ՄԻԵԴ դիմելո՞ւ եք՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Իհարկե, մենք հիմա ուսումնասիրում ենք դիմելու հիմքերը: Մեր նպատակն այն է, որ դիմենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031