Լրահոս
Օրվա լրահոսը

«Բախումն ու հակամարտությունը ԱԺ-ից հանում են, որ չունենան գլխացավանք» Զուրաբյանը հրաժեշտ տվեց ԱԺ-ին

Մայիս 08,2017 20:00

Երեկ 5-րդ գումարման ԱԺ-ի վերջին ճեպազրույցն էր եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի պաշտոնավարման վերջին օրերը ԱԺ-ում: Նա հրաժեշտի խոսք ասաց լրագրողներին, անգամ եղան սելֆիներ:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Զուրաբյանն ասաց, որ իրենք ԱԺ-ում իշխանությունների գլխացավանքն են եղել 5 տարի շարունակ. «Մենք այսպես թե այնպես գլխացավանք ենք, բայց այդ գլխացավանքը տասնապատկվում է, երբ դա ներկայացված է լինում պառլամենտում: Նպատակներից մեկը, որ իրենք իրենց առաջ դրել էին՝ գոնե ԱԺ-ում գլխացավանք չունենան: Եվ այդ խնդիրը լուծել են»:

Ըստ պարոն Զուրաբյանի՝ եթե իշխանություններն ամեն ինչ արել են, որ ՀԱԿ-ը չանցնի պառլամենտ, ու դա քաղաքական սխալ էր իրենց կողմից, թող դա լինի իրենց ամենամեծ սխալը, բայց իրենք տանում են երկիրը դեպի աղետ. «Պառլամենտը հենց նրա համար է, որ այնտեղ պետք է բախվեն քաղաքական տեսակետները, որ ոչ թե փողոցներում բախվեն քաղաքական ուժերը, այլ ԱԺ-ում, որ խոսքով բախվեն, ոչ թե զենքով կամ վառված անվադողերով: Հիմա իրենք եթե այդ բախումն ու հակամարտությունը ԱԺ-ից հանում են, որ չունենան գլխացավանք, դա առաջին հերթին հարված է ժողովրդին ու ժողովրդավարությանը, ոչ թե մեզ: Այս նոր ԱԺ-ում գլխացավանքը բացակայում է»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ այս 5 տարվա ընթացքում իրենք կարողացել են շատ մեծ ռիսկեր ստեղծել իշխանությունների համար. «Իրենք կարողացան հակազդեցությունը, հակաթույնը գտնել, բայց պահեր են եղել, երբ որ բավականին նեղ վիճակում են եղել»:

Մեր հարցին՝ դա իմիտացիա չի՞ եղել, որ իշխանությունները նեղ վիճակում են եղել, որովհետեւ եթե ինքներդ եք ասում, որ գործ ունենք քաղաքական ուժերի հետ, որոնք, միեւնույն է, վերահսկելի են եղել իշխանությունների կողմից, ուրեմն ինչո՞ւ պիտի իշխանությունները նեղն ընկնեին, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ 2014-ի հոկտեմբերի 10-ին կամ 24-ին, երբ որ այն հզոր հանրահավաքները եղան եռյակի կողմից անցկացված, այդ ժամանակ որեւէ մեկը հարթակում վերահսկելի էր իշխանության համար: Այն ժամանակ ոչ ոք վերահսկելի չէր, հենց վերահսկելի չդառնալու պատճառով հետո եղան պատժամիջոցները, թե չէ ինչո՞ւ պիտի լինեին: Ինչո՞ւ պիտի նվաստացնեին, խայտառակեին, քաղաքականությունից դուրս անեին: Ինչո՞ւ պիտի այդ բոլոր ճնշումները, բռնությունները ազատամարտիկների վրա լինեին, հետո ԲՀԿ-ի ակտիվիստների նկատմամբ լինեին, եթե վերահսկելի էր այդ ուժը: Քանի որ անվերահսկելի էր, դրա համար հակազդեցին ու ի վերջո հաջողեցին: Այնպես որ, այն ժամանակ պայքար, կռիվ է եղել, գլխացավանքից էլ մի բան այս կողմ է եղել, որը հիմա չի լինի»:

Լեւոն Զուրաբյանի համոզմամբ՝ իշխանությունները ոչ թե հիվանդության պատճառն են բուժել, այլ ախտանշաններն են չեզոքացրել. «Մեզ համարում էին հիվանդության նշան, ու իրենց թվում է, որ եթե պառլամենտում այդ հիվանդության նշանը չկա, ուրեմն ամեն ինչ լավ է: Իրականում ավելի վատ է, որովհետեւ մենք ախտանշան էինք, բայց պատճառներն ավելի խորն են, ժողովուրդը վատ վիճակում է, դժգոհությունը մեծ է: Մենք ընդամենը այդ դժգոհությունն արտահայտողներն էինք: Եթե մեզ ընտրակեղծարարությամբ թույլ չտվեցին պառլամենտ մտնել, դա նշանակում է ժողովրդի դժգոհությունը վերացա՞վ: Հիմա կեղծ ախտանշաններ կխաղացնեն, կասեն՝ հենա, խոսում են, ընդդիմությունը ներկայացված է: Բայց իրականությունը հետեւյալն է՝ իրենք ամրապնդել են իրենց քաղաքական դիրքերը՝ մեր պետության թուլացման հաշվին»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

06.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031