Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավ էր իրականացնում:
Բաբաջանյան փողոցի նորակառույց շենքերից մեկի համատիրության կառավարիչը մոտեցավ եւ դժգոհեց. «Մենք մայթ չունենք, վերամբարձ կռունկներն աշխատում են՝ առանց անվտանգության կանոնները պահպանելու: Ժամը 8-Ից մինչեւ 6-7-ը մետաղական կոնստրուկցիաների աղմուկն է, կեղտոտ փոշին, որն, ի դժբախտություն մեզ, մեր երեխաները շնչում են: Խնդրում ենք, մեր մայթերն ազատել»:
Բնակիչները հրավիրեցին քաղաքապետին իրենց շենքի բակ: Տարոն Մարգարյանն ասաց, որ իր համար կարեւորն այն է, որ նրանց բնակարանի հարցը վերջապես լուծվել է.«Երբ բացվում էր, շատերդ չէիք հավատում, բայց տեսա՞ք, որ տեղափոխվեցիք: Ես համաձայն եմ, եթե ինչ-որ անհարմարություն են ստեղծում, մենք պետք է դա կարգավորենք: Չմոռանանք, երբ օդանավակայանում բնակվում էիք, այնտեղ ինչքան խնդիրներ կային, չէ՞: Գիշերը չէիք քնում ինքնաթիռի ձայնից»:
Բնակիչը համաձայնեց՝ «արդեն դա մեզ համար օրորոցային էր»:
Կարդացեք նաև
Մեկ այլ բակում՝ Անդրանիկի 89-ում բնակիչներից մեկն ասաց. «Այն, որ Բանգլադեշը դարձել է ծաղկանոց, դա եղել է Օհանյանի, Ալեքսանյանի ու Տարոն Մարգարյանի շնորհիվ»:
Մի բնակիչ էլ մոտեցավ Տարոն Մարգարյանին եւ բողոքեց թիվ 191 դպրոցից. «Մեր երեխեքը արդեն պամպերսով են դասի գնում»:
Քաղաքապետը զարմացավ՝ պամպերսո՞վ ինչի են դասի գնում: Բնակիչը բացատրեց, որ զուգարանի խնդիր կա. «Օբշի ա, մի կորպուսին էդքան երեխա…անհնարին ա, հնարավորություն չկա: Երեք տարի է՝ մի կորպուսը քանդված, ոչ մի բան չի արվում»:
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը փոխանցեց, որ քաղաքապետը խնդրին տեղյակ է, Տարոն Մարգարյանն էլ խոստացավ լուծում տալ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ