Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոն Մարգարյան, ժպտացե՛ք». Ինչպես քաղաքապետը Մալաթիայում երեխաներին սովորեցրեց սելֆի անել (Տեսանյութ)

Մայիս 08,2017 18:40

Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր քարոզարշավի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը բնակիչներին հիշեցրեց, թե ինչ փոշոտ, կեղտոտ թաղամաս էր Բ1-ը նախկինում ու հիմա ինչպես է ծաղկել. «Ցավոք, մենք կորցրեցինք Վահան Զատիկյանին, բայց քիչ անց ՀՀ վարչապետ նշանակվեց Անդրանիկ Մարգարյանը, որն ընկերություն էր անում Վահան Զատիկյանի հետ եւ բոլոր մեր նախագծերից տեղյակ էր:

Թիկունք կանգնելով մեզ՝ մենք սկսեցինք շենացնել մեր տունը, կառուցեցինք Չինարի այգին՝ Հայաստան կինոթատրոնի մոտ, կառուցեցինք մեր երիտասարդական այգին, սիրո, հավատի այգին եւ  այդպես շարունակ: Մեր Չինարի այգում տեղադրեցինք Վահան Տերյանի արձանը, Երիտասարդական այգում կառուցեցինք Շիրազի արձանը, սկսեցինք կազմակերպել քանդակագործական սիմպոզիումներ, քանդակները տեղադրեցինք մեր այգիներում, սկսեցինք զարդարել մեր այս գեղեցիկ տունը: Շատ չանցած՝ ցավոք, կորցրեցինք Անդրանիկ Մարգարյանին»:

Դավիթ Օհանյանը պատմեց, որ երբ ինքը Մալաթիայի թաղապետն էր, իսկ Տարոն Մարգարյանը՝ Ավանի թաղապետը, նրա հետ է խորհրդակցել, թե ինչպես այս համայնքի մանկապարտեզներն էլ անվճար դարձնի: Բայց արի ու տես, որ ընդամենը մի քանի տարի անց մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները անվճար դարձան:

Տարոն Մարգարյանն էլ նշեց, որ դեռ բազում խնդիրներ ունի Երեւան քաղաքը, բայց այս 4 տարիների ընթացքում ամեն անգամ լսում են բնակիչների բարձրացրած հարցերը եւ փորձում լուծել. «Մենք խոստումներով հանդես չենք գալիս, հանդես ենք գալիս մեր աշխատանքով, հստակ ծրագրով»:

Քաղաքապետը խոսեց տրանսպորտի խնդիրների, բազմաբնակարան շենքերի կառավարման, համատիրության խնդիրներից եւ վստահեցրեց, որ լուծումներ ունեն, պարզապես անհրաժեշտ է իրենց տալ ժամանակ. «Ամբողջությամբ կարող ենք քաղաքային տրանսպորտի խնդիրը լուծել, ոչ միայն մեքենաները, այլեւ միասնական տոմս եւ ամենակարեւորը՝ մեր սոցիալապես անապահով խմբերին լրացուցիչ բեռ չավելացնելը: Այն արտոնությունները, որ պետք է ունենան մեր ուսանողները, սոցիալական խմբերը, այդ արտոնությունները պետք է հաշվի առնենք»:

Քաղաքապետը խոստացավ, որ առաջիկա տարիներին վերանորոգելու են բոլոր մանկապարտեզները:

Ելույթից հետո Տարոն Մարգարյանին մոտեցավ մի երեխա ու ասաց. «Պարոն Տարոն Մարգարյան, ժպտացեք» ու սկսեց իր հեռախոսով նրան լուսանկարել: Տարոն Մարգարյանը ոչ միայն ժպտաց, այլեւ երեխային սովորեցրեց սելֆի անել, ընդ որում՝ առաջին սելֆին՝ իր հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031