Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքում կա 2 թեւ, կա նոր խաղի կանոն, եւ որով պետք է առաջ շարժվի Ծառուկյանը» (Տեսանյութ)

Մայիս 08,2017 19:45

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը եւ «Ծառուկյան» դաշինքով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրված Մուշեղ Սաղաթելյանը:

Հաղորդման քննարկման թեման է «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորների ինքնաբացարկների, ապա դրանցից հրաժարվելու ու մանդատների բաշխման գործընթացը:
Մայիսի 3-ին պարզվեց, որ «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներից 23-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, ապա նրանցից 12-ը վստահեցրին, որ այդ դիմումներն իրենց հետ չեն համաձայնեցվել, նրանք տեղյակ չէին, թե այդ ինչ դիմումներ են: 12-ից մեկը Մուշեղ Սաղաթելյանն էր, որը եւս ինքնաբացարկի դիմումը չեղյալ համարելու պահանջով ԿԸՀ-ին դիմում էր ներկայացրել: 12-ից 8-ի դիմումը բավարարվեց, նրանք մանդատ ստացան, պարոն Սաղաթելյանը՝ ոչ:

Նելլի Բաբայան.– Պարոն Սաղաթելյան, մանրամասնեք, խնդրում եմ, ի՞նչ է տեղի ունեցել:
Մուշեղ Սաղաթելյան.- Ես անձամբ մասնակից եմ եղել այդ գործընթացին՝ ընտրարշավի եւ թեկնածություն առաջադրելու, բայց ավելի բաց խոսացողներս ենք ու գործողներս ենք տեսանելի այս փաստի առաջ: Բայց թե դրա թիկունքում ովքեր կան, եւ քանի անկյունից ինչ խաղ է շինվում, ինչի համար է այս ամենը կատարվում, ինչու նախքան ընտրություններն ավարտվելը՝ դիմումներ գրել ինքնաբացարկի, եւ դրանից հետո այս գործողությունները՝ գալ ԿԸՀ, հայտարարություն անել, սրանք հուշում են, որ սա իշխանական լուրջ խաղ է, իշխանության մեջ կիսվելու կռվի պրոբլեմ են շինում, որ մեզ նմաններն էլ «կուտը» ուտեն, այդպես կատարեն, գնան ու ասեն՝ խնդրում ենք, էն ժամանակ մեզ խաբել, ստորագրել եք տվել:

Ն. Բ.- Դուք դատա՞րկ թուղթ եք ստորագրել, երբ ստորագրել եք:

Մ. Ս.– Ես չեմ հիշում, չեմ տեսել էդ դիմումը: Այդ օրը՝ մարտի 14-ին, որ հավաքված ենք եղել շտաբում, մի քանի տասնյակ թեկնածուներ անձնական գործեր էին տալիս, նոտարի մատյան էին ստորագրում, ես էլ եմ գնացել: Ես լավ հիշում եմ, նոտարին ասացի՝ ինչո՞ւ դատարկ թղթի տակ ստորագրեմ, վերեւը մի հատ խազ քաշեք, նոր կստորագրեմ: Բայց այդ ամենը դեռ մի չնչին մասն է: Այս ամենի մեջ ուրիշ խաղեր կան, չէ՞ որ այնտեղ գտնվածների մեծամասնությունը… մեծ փողերի բազարներ կան: Ընտրությունները փողով են եղել, չնչին մասն է, որ առանց փողի կամ առանց իշխանական այդ մամլիչի տակ աշխատեցնելով ժողովրդին ընտրվել են, ընտրությունները կեղծել են: Այդ ամենը, կարծում եք, պիտի ի հայտ չգա՞, այդ ամենի հետեւանքներն են, այդ հարամության հետեւանքներն են, այդ սոդոմ-գոմորի, մազութի «բասեիններն են», վերջում պիտի պարզաբանվի, չէ՞: Պատասխան պիտի տան այդ մարդիկ, բոլորը չէ, բայց մեջները կան մարդիկ, որոնք իրենց խոստումը չեն կատարել, դրա համար իրենք «Ծառուկյան» դաշինքի, Ծառուկյանի Գագիկի հետ խոսել են, ասել են՝ խոսքս չեմ կատարել, ուրեմն՝ «իմպիչմենտ»: Հիմա գնում նորից դիմումը վերցնում են, լավ, բարոյականությունն ու անբարոյականությունը չեն կռվում, այստեղ սատանան ու աստվածն են կռվում, թե ով է սատանություն անողը:

Ն. Բ.- «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանք բոլորը գրել եւ ստորագրել են այդ դիմումները:

Մ. Ս.– Եթե ես պատգամավոր չեմ դարձել, ոնց կարող եմ դիմում գրեմ, որ ինքնաբացարկ եմ հայտարարում:

Ն. Բ.- Պարոն Սաֆարյան, այս երեւույթն ինչպե՞ս կգնահատեք, արդյոք սա ապաքաղաքական երեւույթ չէ՞, ինքնաբացարկի դիմումների դեմ ընդվզողների տան մոտ, ինչպես մամուլում էր գրվել, Ծառուկյանի թիկնազորի անդամներն էին մեքենաներով շրջում, ասում էին՝ սպառնում են:

Ստյոպա Սաֆարյան.– Այս ամենում քաղաքական բովանդակություն չկա, ինչպես որ չի եղել նախընտրական շրջանում: Կա իրավական ասպեկտ կամ քրեական, եւ կա ֆինանսական ասպեկտ, ինչպես նշեց պարոն Սաղաթելյանը: Երբ նայում ենք ԿԸՀ-ում Հրանտ Դավթյանի, Խաչիկ Մանուկյանի, Սերգեյ Բագրատյանի եւ պարոն Սաղաթելյանի հարցազրույցները, միայն Հրանտ Դավթյանն ասաց, որ ինքը գրել է, բայց մտքափոխվել է: Նոտարին, որը Հովիկ Աբրահամյանի դուստրն է, հարցրել են՝ ինչո՞ւ է սպիտակ թղթի տակ դնում ստորագրություն, հարցազրույցում ասել է, որ ինքը պատասխանատվություն չի կրում, թե այդ ստորագրությունն ինչ դիմումների տակ է օգտագործվում: Մի փոքր տարակուսում եմ, որ նույն հաջողությամբ նույն ստորագրությունները կարող էին օգտագործել գույքից հրաժարվելու, ով ասես ինչ նպատակով օգտագործի: Բայց տեղի ունեցածը լայն քաղաքական դաշտում ես կապում եմ 2018 թվականի զարգացումների հետ: Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն այս ամենի հետ կապ ունի այնքանով, որքանով նրա վերադարձը տեղի չի ունեցել որպես միանձնյա որոշման հետեւանք: Կարծում եմ՝ այդ որոշումը եղել է Սերժ Սարգսյանի եւ իր փոխադարձ համաձայնությամբ:

Ծառուկյանը հրապարակավ էլ հայտարարել է, որ ինքը երբեւիցե իշխանափոխություն, փողոցային պայքար չի ղեկավարի, դա համարում է ոչ ճիշտ եւ ապագայում, եւ նաեւ անցյալում՝ 2015-ի հետ կապված: Նա ոչ թե արդարանում էր հանրության առջեւ, թե ինչու այդպես վարվեց, այլ իշխանություններին խոստում է տալիս նաեւ հրապարակավ: Վստահ եմ՝ ցուցակը, որը համատեղ կազմվել էր, եթե չասեմ, որ դա Բաղրամյան 26-ում կազմված ցուցակ էր, դա առնվազն փոխադարձ ընդունելի պայմաններով, փոխադարձ ընդունելի մարդկանցով կազմված ցուցակ էր: Եվ ընտրություններից հետո փորձ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի եւ նրա կողմից, ով այդ ինքնաբացարկների կազմը որոշել էր, վերանայել խմբակցության ներսում ուժերի հարաբերակցությունը եւ ձեւավորել այնպիսի թիմ, որն առավելապես հավատարիմ է, ենթադրենք, Գագիկ Ծառուկյանին, այլ ոչ թե միջանկյալ կարգավիճակ ունի կամ ամբողջությամբ պատկանում է Հանրապետականին: Փորձ արվեց փոխել ներքին բալանսը խմբակցության ներսում, բայց պարոն Ծառուկյանին թույլ չտրվեց, որ այդ ռեւերսը կատարվի: Սա կապ ունի 2018-ի ընտրությունների հետ, որովհետեւ շատ կարեւոր է լինելու, թե այդ խմբակցությունն ինչ որոշում է ընդունելու, օրինակ՝ 2018-ին նախագահի անձի ընտրությունների հետ կապված: Կախված նրանից, թե Սերժ Սարգսյանը որքան կողմ ձայն կունենա «Ծառուկյան» դաշինքի ներսում եւ որքան դեմ ձայներ, դա իր համար կարեւոր է, հետեւաբար, կարծում եմ, թույլ չտվեց ռեւերս անել: Վահրամ Բաղդասարյանը երեկվա հարցազրույցով կարծես թե հասկացնում է Ծառուկյանին, որ եթե ինքը չհամակերպվի այս ռեւերսի հետ, ապա դրանով կզբաղվեն իրավապահ մարմինները: Այս ամենով կփակվեն գործերը: Պատրանք է ստեղծվում, որ այդ 8 մարդն այնպես չէ, որ դեմ են գնում Գագիկ Ծառուկյանին, պատրանքը կստեղծվի, որ իրենք հավատարիմ են Գագիկ Ծառուկյանին, իրենք կպահպանեն իրենց մանդատը, իսկ Ծառուկյանը ստիպված կլինի համակերպվել առնվազն միառժամանակ:

Ֆինանսական կողմը՝ նախկինում էլ են եղել ինքնաբացարկի դիմումներ, առաջին անգամ է, որ նման զանգվածային ընդվզում կատարվեց: Այստեղ Ծառուկյանը սխալ է հաշվարկել, որ կարելի է նախկին գործելաոճով ներկայացնել, բոլորը կհամակերպվեն, ոչինչ չեն ասի: Իսկ թե որն է պատճառը, ապա, այո, պայմաններ են լինում՝ եթե դու կապահովես այսքան ձայն, կծախսես այսքան գումար, կստանաս մանդատ:

Փաստացի Գագիկ Ծառուկյանը չի որոշում, որքան էլ անունը դրեց «Ծառուկյան», որ խաղի կանոնը հետեւյալն է՝ որոշողն ինքն է լինելու, այդպես չստացվեց: Այնուամենայնիվ, «Ծառուկյան» դաշինքում կա 2 թեւ, կա նոր խաղի կանոն, եւ որով պետք է առաջ շարժվի Ծառուկյանը: Սա իշխանությանը ձեռնտու էր, եթե անգամ կապ չունենար դաշինքում սեփական մեծամասնության կամ «Կանտրոլնի պակետ» ունենալու հետ: Այնուամենայնիվ, դաշինքում ճեղք գցելու համար ձեռնտու էր:

Մ. Ս.- Ո՞նց կարող է իշխանություններին ձեռնտու չլինել, եթե ինքն է սարքել այդ թակարդը, որովհետեւ չի կարողանալու 18 թվականին 78 հոգին, 3/4-ն ապահովի նախագահի ընտրության ժամանակ:

Զրուցեց ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ`

 «Առավոտ»

06.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031