Երեւանի հանրային տրանսպորտը ոչ միայն «Առավոտ»-ի ընթերցողներն են խնդիր համարում, այլ նաեւ այդ խնդրին իրենց նախընտրական ելույթներում են անդրադառնում Երեւանի քաղաքապետի թեկնածուները: «Առավոտ»-ը ուսումնասիրեց Երեւանի քաղաքապետարանի տվյալները, թե քանի ավտոբուս, միկրոավտոբուս, տրոլեյբուս եւ մետրոյի վագոն է առկա եւ քանիսն է շահագործվում:
Եվ այսպես. ըստ քաղաքապետարանի կայքում առկա տվյալների` Երեւանի ավտոբուսային հավաքակազմում առկա է 668 ավտոբուս, փաստացի շահագործվում է 41 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս բերվում 430-440 միավոր շարժակազմ։ Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն եւ մասնավոր 18 կազմակերպություններ։ Այսինքն՝ շահագործվում է առկա ավտոբուսների 65 տոկոսը, եւ չի շահագործվում մոտ 230 ավտոբուս:
Ինչ վերաբերում է միկրոավտոբուսներին, Երեւանում փաստացի գործում է 75 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1440 միավոր շարժակազմով։ Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են թվով 41 մասնավոր կազմակերպություններ։
Ըստ Երեւանի քաղաքապետարանի` «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 79 տրոլեյբուս (1-ը` տեխօգնության), այդ թվում՝ 9 հատ «Ռենո», 34 «Շկոդա» եւ 36 «ԼԻԱԶ» մակնիշների։ Ընկերությունն սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 46-48 միավոր շարժակազմ։ Այսինքն՝ շահագործվում է առկա տրոլեյբուսների 59 տոկոսը, եւ չի շահագործվում մոտ 37 տրոլեյբուս:
Իսկ Երեւանի մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է, առկա է 45 վագոն։ Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ եւ կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։ Այսինքն՝ շահագործվում է վագոնների 55 տոկոսը, եւ չի շահագործվում մոտ 20 վագոն՝ 10 շարժակազմ:
Կարդացեք նաև
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
06.05.2017