Ըստ Լեւոն Զուրաբյանի, եթե քաղաքական համաձայնության ես գնում, գոնե պարկեշտ մարդկանց հետ պետք է գնաս եւ «անհուսալի քաղաքական պարտնյորներ» չընտրես
«Ծառուկյան» դաշինքում ստեղծված իրավիճակը, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, ուղղորդվել է իշխանությունների եւ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից ԿԸՀ-ին ինքնաբացարկի դիմում էր ներկայացվել 23 պատգամավորի անունից, մինչդեռ նրանցից 12-ը հայտարարում էին, որ իրենք մանդատից չեն հրաժարվել:
Լեւոն Զուրաբյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Ծառուկյան» դաշինքում այդ խժդժությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ իրականում Հայաստանում քաղաքական գործընթացները ոչ թե լուրջ գաղափարների, ծրագրերի շուրջ են, այլ տարրական քաղաքական բազար է. «Ի վերջո կարող է լինեն եւ քաղաքական համաձայնություններ, բայց վատն այն է, որ եթե գնում ես քաղաքական համաձայնության, պիտի իմանաս, թե ում հետ ես կայացնում այդ համաձայնությունը, ինչքանով պարկեշտ մարդկանց հետ ես կայացնում, հետո նաեւ, թե ինչպես ես այդ քաղաքական համաձայնությունների խախտման հետ կապված սկանդալներին տիրապետելու: Կարծում եմ, սա իհարկե, տգեղ երեւույթ է: Տգեղ երեւույթ է, երբ անհասկանալի համաձայնություններ են կնքում կամ եթե անգամ համաձայնությունը կնքվում էր, ինչո՞ւ պիտի այդ համաձայնությունը լիներ նոտարի վավերացմամբ: Եթե արդեն ի սկզբանե պարզ էր, որ պետք է գնալ նոտարի մոտ վավերացման, դրանք արդեն անհուսալի քաղաքական պարտնյորներ են եւ անվստահելի մարդիկ: Ուրեմն այն գլխից կարելի էր իրենց հետ ոչ մի համաձայնության մեջ չմտնել»:
Ըստ պարոն Զուրաբյանի, այս պատմության մեջ կարեւորը այլ բան է՝ ի վերջո այդ համաձայնությունները շատ երկար ժամանակ գործել են եւ ոչ մի սկանդալ չի եղել: Ինչո՞ւ այս անգամ եղավ: Ինչո՞ւ այս անգամ ապստամբեցին, ուժ հավաքեցին: Շատ պարզ պատճառով, որովհետեւ իմացել են, որ իրենց հետեւը կանգնած է պետական մեքենան՝ իշխանությունը: Իրենք շատ լավ հասկանում են դա: Եթե սկանդալը դուրս է գալիս սահմաններից, պարզ է, որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները, դրանով զբաղվում են դատարանները եւ էդ են մարդիկ չեն, որ շատ համարձակ կգնային այդ քայլին՝ մեկ-երկու բացառությամբ: Եթե չիմանային, որ իրենց թիկունքում կանգնած է «մեծ եղբայրը»՝ չէին գնա այդ քայլին: Բոլորը շատ լավ գիտեն, թե քննիչները, եթե պետք լինի, ոնց են քննելու գործը: Շատ լավ գիտեն, որ եթե ինչ-որ ճնշումներ իրենց վրա լինեն՝ ոնց են հակադարձելու: Եթե մի ախպոր ճնշումներին հակադարձելու համար պետք է «մեծ եղբոր» ճնշումը, գիտեն, որ դա էլ կունենան:
Կարդացեք նաև
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
06.05.2017