«Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը կարծում է,
որ Լեւոն Զուրաբյանը սխալ համեմատություն է արել
«Լավ է, որ իր երեւակայությունը մեծ է, բայց սխալ համեմատություն է արել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին մուլտֆիլմերի հերոսների հետ էր համեմատել: Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ Երեւանի ավագանու ընտրությունները իրականում Շռեկի, Չիպոլինոյի եւ Ձյունանուշիկի միջեւ մի պայքար է, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը: Ընդ որում, այդ մուլտիպլիկատորը «Դիսնեյի» տաղանդը չունի:
Հարցին` այս համեմատության մեջ քաղաքական խանդի դրսեւորումներ չի՞ տեսնում, քանի որ ՀԱԿ-ին կարծես սպառնում է քաղաքական լուսանցքում հայտնվելը, եւ փորձում են ահարմար իրավիճակների մեջ դնել դաշտում դեռ ակտիվ ուժերին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Համենայնդեպս, ինչ վերաբերում է «Երկիր ծիրանիին», որեւիցե մեկը չի կարող մեզ անհարմար վիճակների մեջ դնել»: Իսկ եթե Լեւոն Զուրաբյանը շատ է ցանկանում մուլտֆիլմերի հերոսների հետ համեմատել, Զարուհի Փոստանջյանն ասում է` ճիշտ կլիներ, եթե «Մաուգլի» մուլտֆիլմի հետ համեմատեր: Զարուհի Փոստանջյանն ասում է, որ մուլտֆիլմի հայտնի բացասական հերոսը` Շակալը, ՀՀԿ-ն է: Իսկ «Երկիր ծիրանին», ըստ նրա, իր մեջ ներառում է ողջ ոգին. «Եվ Մաուգլին է, եւ արծիվը, եւ արջը, եւ հովազը: Մենք գնում ենք փառահեղ եւ բարի որսի»:
Երեկ Էրեբունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի ավագանու թեկնածուներից Լիլիթ Բեգլարյանը հայտարարել էր, որ իրենք չեն կարող քաղաքը վստահել վարդագույն ակնոցներ բաժանող մարդկանց, ովքեր չգիտեն, թե ի՞նչ է տեղական կառավարումը: Զարուհի Փոստանջյանը հակադարձում է. «Մենք ակնոցի կարիք չունենք, ամեն ինչին նայում ենք առանց ակնոցների»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
06.05.2017