Կյանքիս 3-րդ լեռը Գութանասարն էր՝ իրական կյանքով լի գեղեցկուհի՝ Կոտայքի մարզում: «Հանգած հրաբուխ» արտահայտությունը տանել չեմ կարողանում. «հանգած» է նրանց ենթագիտակցությունը, ովքեր բնությունն ու իրենց ճանաչելու ցանկություն չունեն: Երբ զգում ես լեռնաշխարհիդ պահապաններին իրենց ողջ հմայքով՝ տեսնում ես այն, ինչ շատերին դեռ հասանելի չէ: Տեսնում ես երկնի կապույտի մեջ մխրճվող հսկայի խորունկ աչքերը, մառախլապատ պարանոցը, ծաղիկ հագած կուրծքը, կանաչի մեջ կորած իրանն ու հողն ամուր գրկած՝ Արեւից խանձվող, բայց միշտ ամուր արմատները…եւ մենք այսպիսի գեղեցկուհուն «հանգած հրաբուխ» կամ «անշունչ առարկա» ենք անվանում…
Ոչ մի վերելք հեշտ չէ եւ չպետք է այդպիսին լինի: Ոչ մի առավոտ այնքան գեղեցիկ չէ, որքան լեռան լանջից սկսվողը, ոչ մի ցեխ այնքան տաք չէ, որքան լեռան գագաթը համբուրած անձեւից սնվողը… երբեւէ զգացե՞լ եք, թե որքան փափուկ է թաց խոտի վրա սայթաքելը, որքան անպաշտպան՝ սարի լանջի կապուտաչյա զանգակը, որքան մաքուր՝ քամուց վառված այտերիդ ու խոնավ թարթիչներիդ դիպչող անձրեւը, մտքերիդ սեւ քարերը փշրող կարկուտը…
Երբեւէ նկատե՞լ եք՝ որքա՞ն անկեղծ են ամեն օր լեռան բարձունքը հաղթող հովվի այրված աչքերը, շեկլիկ գառան վախվորած կանչը, նրան հսկող բրդոտ շան վճռական, բայց սիրող հայացքը… շոյում ես չորքոտանի բարեկամի խոնավ գլուխն ու կարծես լսում նրանից՝ «հեռանալիս ինձ չմոռանաս գրկել»…
Երեւի, միայն լեռան գագաթին կարող ես մաշկիդ վրա զգալ, որ դատարկ են Աստծո մասին գրքային բնորոշումները, որ բնության ուժերին զգալն ու նրանց հետ հաղորդակցվելը վեր են կրոններ ստեղծողներից, որ Արեւի ու քամու օրհնությունը զորավոր են բոլոր կարծրատիպերից, որ ամեն ինչ էներգիաների փոխազդեցության արդյունք կամ հետեւանք է՝ անկախ նրանից, թե ովքեր են քո սրբերը…
Կարդացեք նաև
Խարույկի շուրջը պարող կիթառի հնչյուններն ու երգը կարծես փարվեն քամուն, բարձրանան այնտեղ, որտեղից ծնվում են ծաղկաբույր լուսաբացներն ու կրակաշունչ մայրամուտները…բավական է ցանկանալ, ու խարույկը կայրի հոգուտ բոլոր փոշոտ անկյուններն ու ցավեցնող զգացմունքները: Այդ խարույկի շուրջն ես մնացյալ ֆիզիկական կյանքի համար սկզբունք ամրագրում. «ես ունեմ ԻՆՁ…միասին մենք հաղթահարելու ենք ամեն ինչ, այդ թվում՝ ինքներս մեզ: ՄԵՆՔ ցավը մոխիր ենք դարձնելու, լցնելու գրպաններս ու սարի գագաթից բարձր ծիծաղով քամուն ենք տալու…միասին լալու ենք ու խնդալու, որովհետեւ ոչ մեկ ու ոչինչ ՄԵԶ չկոտրեց, այդ թվում՝ մենք ինքներս…Մեր գրպաններում միշտ մոխրի համար անկյունիկ է լինելու…այդ գրպանում միշտ նաեւ Արեւ է ապրելու»…
Երբ առավոտյան տեսնում ես ծաղկամանից քեզ ժպտացող լեռնային զանգակների աչքերը, համոզվում ես, որ իրական հեքիաթդ չի ավարտվել եւ չի ավարտվելու նաեւ այն ժամանակ, երբ ծաղիկը հրաժեշտ տա՝ շուտով հանդիպելու խոստումը թերթիկներին…
(Հեղինակի լուսանկարներն արվել են «Խարույկ» արշավական ակումբի՝ Գութանասար կատարած արշավի ժամանակ)