Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի ազատամարտիկը սրտնեղում է. «Տոնից տոն են հիշում մեզ»

Մայիս 08,2017 16:50

Վանաձորցի Գագիկ Մարիկյանը «Նժդեհ » ջոկատի հիմնադիրներից է: Ասում է ջոկատը հիմնադրվել է իր բնակարանում, 1989 թվականի վերջին: Իսկ արդեն 1990 թվականին նորաստեղծ ջոկատով մասնակցել են Նոյեմբերյանի ու Շամշադինի շրջանների պաշտպանությանը: Որից հետո 1992 թվականին իր հրամանատարությամբ պաշտպանել են Արցախի սահմանները:

«Մեր ջոկատով գնացինք փոխարինելու Մանվել Գրիգորյանի «Էջմիածին» ջոկատին: Հադրութի տարածաշրջանում ենք եղել: Մեկնեցինք մեկ ամսով, բայց 4 ամիս մնացինք ու մասնակցեցինք նաեւ այլ տարածքների պաշտպանությանը»:

Շուշիի ազատագրման ժամանակ ջոկատը պաշտպանելիս է եղել Ֆիզուլիի սահմանը: Ասում է Շուշիի հաղթանակն իրենց ոգի տվեց. «Շուշիի ազատագրումով հայոց ոգին բարձրացավ եւ ճանապարհ բացեց մնացած տարածքների ազատագրմանը: Հենց լուրն իմացանք, ես Արցախից գինի ուղարկեցի Վանաձոր, մեր ջոկատի մյուս տղաների համար, որ այստեղ նշեն մեր հաղթանակը: Արցախում էլ մենք տոնակատարություն կազմակերպեցինք, հյուրասիրություն ու նշեցինք հաղթանակը»:

Խոսելով այսօրվա երիտասարդության մասին, նախկին հրամանատարն ասում է, որ այսօրվա ու վաղվա զինվորների մոտ բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է:
«Սոցիալական պայմաններից ելնելով, վերջին տարիներին կար մտայնություն, որ Աստված չանի պատերազմ սկսվի, ոչ ոք չի գնա, կամավոր չի լինի: Բայց քառօրյան հակառակն ապացուցեց: Այդ ժամանակ, երբ որ հերթագրվում էին, մենք այդպիսի քանակություն չէինք սպասում: Մարդիկ կային, որ ճանաչում էինք ու մտածում էինք, որ այդ մարդը չի մասնակցի, բայց գալիս հերթագրվում էր, որ գնա սահման: Ինչպես Նժդեհն էր ասում. «Եթե դու հոգեբանորեն թշնամուն հաղթում ես, զենքով անպայման կհաղթես»»:

Մարիկյանն ասում է, որ ազատամարտիկներն այսօր ունեն ավելի շատ սոցիալական խնդիրներ: Բացի այդ նշում է նաեւ, որ իրենք պետության կողմից արժանվույնս չեն գնահատվում:

«Պետական գնահատական չկա: Ազատամարտիկներով, որ հավաքվում ենք, ես միշտ նշում եմ, որ մենք ինքներս պետք է մեզ հարգենք, մեկս մյուսին օգնենք, օժանդակենք: Մանր- մունր ինչ-որ աջակցություններ կան, բայց հիմնական ու արմատական օժանդակություն, որ ծրագրվի ու արվի, չի կատարվում»,-ասում է Գագիկ Մարիկյանն ու հավելում, որ ազատամարտիկը նաեւ հոգեբանական աջակցության կարիք ունի, սակայն կարծես, թե դա էլ է բացակայում. «Տոնից տոն են հիշում մեզ: Ու հիմնականում հոգեբանական աջակցություն ասողների 80 տոկոսն իրենց անունի համար են անում, իրենց ցուցադրելու համար եւ ոչ թե մեզ համար»:

 

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031