Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը խոստանում է Երեւան քաղաքի բյուջեից 3 մլրդ դրամ տրամադրել՝ միայն թե ընտրակաշառք չվերցնեն

Մայիս 08,2017 15:46

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում իրենք ունեն հաղթելու շատ մեծ հնարավորություն եւ եթե այս ընտրակաշառքի հարցն էլ լուծեն՝ իրենք 100 տոկոսով հաղթելու են. «Հիմա արդեն հույս ունենք, որ նաեւ ընտրակաշառքը խոչընդոտ չէ»:

ԱԺ ընտրություններից հետո բազմաթիվ քաղաքացիներ մոտեցել են «Ելքի» պատգամավորներին եւ ասել, որ դուք որեւէ գործուն մեխանիզմ չեք առաջարկում՝ ընդդեմ ընտրակաշառքների, դրա համար էլ մարդիկ, սոցիալական վիճակից ելնելով, հարկադրաբար ընտրակաշառքը վերցնում են եւ քվեարկում ՀՀԿ-ի օգտին:

Երեւանի ավագանու ընտրություններին «Ելքը» որոշել է այդպիսի մեխանիզմ առաջարկել եւ 15 հազար դրամ է խոստանում սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք չեն վերցնի, կընտրեն Փաշինյանին քաղաքապետ ու կկարողանան Երեւանի բյուջեի հաշվին ստանալ 15 հազար դրամ աջակցություն՝ օրինականորեն՝ ընդամենը դիմում գրելով, որ ունի աջակցության կարիք:

Այսօր այդ մասին հրավիրած ասուլիսում «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք դրանով քաղաքացիներին ազատություն են տալիս եւ ավելի արժանապատիվ տարբերակ են առաջարկում:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երեւան քաղաքի բյուջեի տերը քաղաքացիներն են եւ եթե քաղաքացիները կգտնեն, որ այդ բյուջեի, օրինակ, 3 մլրդ դրամանոց հատվածն այդպես տնօրինվի՝ նրանց կամքը օրենք է: Հետեւաբար կարվեն համապատասխան փոփոխություններ, գումարներ դուրս կգրվեն եւ վճարումները կարվեն:

Հարցին՝ Երեւանի քաղաքապետարանի բյուջեում էլ փող կմնա՞ քաղաքի մյուս հոգսերը հոգալու համար՝ Փաշինյանը պատասխանեց, որ բյուջեի չափը չգիտեք, դրա համար եք այդպես ասում. «Երեւան քաղաքի բյուջեն հիմա արդյունավետ չի ծախսվում, էդ բյուջեն կոռուպցիոն ռիսկեր ունի, ատկատային ռիսկեր ունի, ծախսվում է շատ վատ եւ էդ բյուջեից քաղաքացիները չեն օգտվում այնքան, ինչքան պետք է օգտվեն եւ մենք մեխանիզմ ենք առաջարկում»:

«Ելքը» հաշվարկել է, որ իրենց այդ ծրագիրն իրականացնելու համար մոտ 3 մլրդ դրամ է պետք:

Ըստ Էդմոն Մարուքյանի, քաղաքացիները շատ ազնիվ են, ումից ինչ գումար վերցնում են, գնում են ազնվորեն քվեարկում են, դրա համար իրենք պետական նման մեխանիզմ են մտածել՝ այս անպատժելիության մթնոլորտում ընտրակաշառքի դեմն առնելու համար:
Հարցին՝ տեղեկություն ունե՞ք, որ ընտրակաշառք են բաժանում՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ գրավոր վկայություններ չկան, բայց նման տեղեկություն ունի Երեւան քաղաքի ցանկացած քաղաքացի:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում իրենք ունեն հաղթելու շատ մեծ հնարավորություն եւ եթե այս ընտրակաշառքի հարցն էլ լուծեն՝ իրենք 100 տոկոսով հաղթելու են. «Հիմա արդեն հույս ունենք, որ նաեւ ընտրակաշառքը խոչընդոտ չէ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031