25 տարի առաջ այս օրը վճռական եղավ Լեռնային Ղարաբաղի համար՝ազատագրվեց Շուշին: Ամեն տարի Հայաստանում եւ Արցախում նշվում է Շուշիի ազատագրման օրը: Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում եւս հանդիսավորությամբ նշվեց հայ ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունեցած հաղթանակներից մեկը:
Միջոցառմանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, Երկրապահ կամավորականների միության անդամներ, զինվորներ ազատամարտիկների ընտանիքների անդամներ ու վանաձորցիներ:
Արարողությանը ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակը` հաղթանակի և խաղաղության օրվա, Շուշիի ազատագրման եւ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առթիվ:
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների:
Կարդացեք նաև
Միջոցառումն ուղեկցվեց «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի եւ «Հորովել» երգի ու պարի համույթի կատարումներով:
ԵԿՄ Լոռու մարզային բաժանմունքի կողմից Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն ու թեմի հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանն արժանացան ԵԿՄ հուշամեդալի:
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին եկեղեցու բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարին:
Իսկ «Մատինյանի նշխար» ՍՊԸ-ի կողմից ներկաներին հյուրասիրվեց հացաբուլկեղեն:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ