Այսօր «Ելք» դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը հրատապ ասուլիս էին հրավիրել՝ նախընտրական ծրագրում եւս մեկ կետ ավելացնելու հարցով: Նրանք խոստանում են սոցիալական աջակցություն տրամադրել ընտրակաշառքի հարկադրվող քաղաքացիներին՝ 15 հազար դրամի չափով:
Թե ինչու հենց 15 հազար՝ «Ելքի» անդամներն ասացին, որ ուսումնասիրել են, դա է Երեւան քաղաքի բյուջեի հնարավորությունը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է ընտրել այնպիսի քաղաքապետ, որը գումարները ոչ թե կգողանա, այլ Երեւանի քաղաքապետարանի բյուջեն կօգտագործի՝ իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար. «Երբ քաղաքացիները ճնշումների կենթարկվեն ընտրակաշառքային, մենք այդ պրակտիկան կկիրառենք, որպեսզի քաղաքացիներն իմանան՝ կարող են իրենց վիճակը բարելավել»:
Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ ԱԺ ընտրություններին ասում էին, որ մարդկանց սոցիալական վիճակը ծանր է, մարդիկ ստիպված ընտրակաշառք են վերցրել եւ գնացել են այդ քայլին. «Մենք մարդկանց առաջարկում ենք արժանապատիվ տարբերակ, երբ մարդը կարող է գալ քաղաքապետարան, դիմում գրել, քաղաքապետն իր լիազորությունների շրջանակում սոցիալական աջակցություն կցուցաբերի: Այդ մեխանիզմը նորություն չէ, քաղաքապետարանի բյուջեում կա սոցիալական աջակցության ֆոնդ, որը թափանցիկ չէ: մենք չգիտենք ում է բաժանվում այդ գումարները»:
Կարդացեք նաև
Ըստ Էդմոն Մարուքյանի, պարզ է, որ ընտրակաշառքը վերցնում են այն մարդիկ, որոնք սոցիալական ծանր վիճակում են եւ հարկադրաբար են դա անում. «Ո՞ւմ է դուր գալիս նման կարգավիճակում ընտրակաշառք վերցնել համատիրության ինչ-որ աշխատողից, որը տարբեր մարդկանց միջոցով հասնում է տեղ: Մենք առաջարկում ենք ծրագիր, օրինական մեթոդներով պայքարում ենք անօրինականության դեմ»:
Լրագրողների դիտարկմանը, որ բոլորն էլ կգան, դիմում կգրեն, ոնց եք բոլորին տալու՝ Էդմոն Մարուքյանը հարցին հարցով պատասխանեց. «Դուք կգա՞ք, բա ո՞նց եք ասում բոլորն էլ կգան»:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ ԿԸՀ-ն սա կդիտի որպես ընտրակաշառքի առաջարկ՝ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Թող փորձեն»: Իսկ Էդմոն Մարուքյանը մտահոգությունը փարատեց՝ մեր թիմում իրավաբաններ չունե՞նք:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, մեզ միանգամից շատ բաներում կարող են մեղադրել, թող միանգամից մարդասպանության մեջ էլ մեղադրեն: Նա վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանը հիմա աջակցություններ է տրամադրում, կարգադրություններ կան, ուստի իրենք այս տարբերակն են առաջարկում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ