Բանակի վերազինումը մշտական գործընթաց է: Բանակում ցանկացած իրադարձությունից, անգամ պլանային մարզումներից հետո տեղի է ունենում արդյունքների ամփոփում, արվում են եզրակացություններ, փոխվում են առաջնահերթությունները, դա բնական գործընթաց է: Այս մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Իհարկե, ռազմական գործողություններից հետո այդ վերլուծությունն ավելի խորը բնույթ է կրում, հիմնվում է նաև հակառակորդի կողմից կիրառվող տեխնիկայի արդյունավետությունը գնահատելու վրա: Վերջին լարումից հետո բազմաթիվ վերաձևավորումներ են արվել շփման գծի վերահսկման համակարգում, սպառազինությունների տեսակների մեջ, որոնք անհրաժեշտ են հավասարակշռությունը պահելու և ապագայում նման սրացման հնարավորությունները կանխելու համար»,- ասել է նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ հրադադարի ցանկացած խախտում նշանակում է կողմերի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում: Նա նշել է, որ Հայաստանը կողմ է շփման գծում մոնիթորինգի մեխանիզմների ներդրմանը, որի մասին համաձայնություն է ձեռք բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում:
«Ցավոք, Ադրբեջանը, հերթական անգամ հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից, և դա շատ բացասական հետք է թողնում կարգավորման ճանապարհների փնտրտուքների ամբողջ գործընթացի վրա: Յուրաքանչյուր կողմ ինքն է կատարում իր ընտրությունը: Բայց մենք կարծում ենք, որ այն իրավիճակը, որն ունենք այսօր՝ կրակի դադարեցման ռեժիմի պարբերաբար խախտումներով, հակամարտության կարգավորման հեռանկարներ չունի»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ