Հայաստանում հասարակությունն ուշիուշով հետևում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու քայլերին, հատկապես երբ դա տեղի է ունենում հակամարտության սրման պահերին: Այս մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այդպիսի սպառազինության կիրառման ամեն դեպք, բնականաբար, Հայաստանում շատ լուրջ կրքեր է առաջացնում՝ հաշվի առնելով մեր ժողովրդի հատուկ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ եթե «ռուսական զենքը հավասարակշռության խախտման արդյունքում դառնա հակամարտության մեջ ռիսկի գործոն», ապա դա «ձեռնտու չի լինի հենց Ռուսաստանին»:
Անդրադառնալով Արցախի հակամարտության լուծմանը՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ այն ռազմական լուծում չունի:
Կարդացեք նաև
«Մենք մեծ հույսեր ունենք, որ դա լավ են հասկանում նաև Ադրբեջանում: Մենք մեծ հույսեր ունենք, որ մարդիկ, ովքեր պատասխանատու են որոշումների կայացման համար Բաքվում, գիտակցում են, որ շատ հեշտ է բացել քաոսի և իրական լայնածավալ ռազմական գործողությունների, ամբողջ տարածաշրջանում էսկալացիայի դռները, որոնք դադարեցնելը շատ դժվար կլինի: Դա պարտադիր կերպով կուժեղացնի ահաբեկչական խմբավորումների դերը տարածաշրջանում, կմեծանա նաև ոչ տարածաշրջանային խաղացողների դերը, որոնք կսկսեն օգտվել դրանից»,- ասել է նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ այդ «Պանդորայի արկղ բացելը միշտ կարելի է», մինչդեռ դրանից հետո հակամարտությունը կարգավորելը անչափ դժվար է: «Այդ առումով ես մեծ հույսեր ունեմ, որ արտգործնախարարներին կհաջողվի գտնել դիրքորոշումների մերձեցման նոր կետեր: Չնայած հնարավորությունների շրջանակը միանգամայն սահմանափակ է»,- ասել է նա:
«Լեռնային Ղարաբաղը, թեկուզ և չճանաչված, բայց երկիր է, ոչ թե հակամարտություն: Եվ մինչև այդ փաստն իսկապես չգիտակցեն, կարգավորում չի լինի: Այնտեղ արդեն քառորդ դարից ավելի դե ֆակտո անկախության պայմաններում ապրում են միանգամայն իրական մարդիկ: Նրանք պատասխանատու են իրենց ընդունած որոշումների համար, նրանք ձևավորում են իրենց կառավարությունը՝ շատ ժողովրդավարական սկզբունքների, ազատ ընտրությունների հիման վրա, տեղի է ունենում բազմախմբակցական խորհրդարանի ձևավորում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ