Այսօր՝ Շուշիի ազատագրման օրը Եռաբլուր էր այցելել ԵԿՄ-ական, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ «Լիսկան»:
Գագիկ Շամշյանը նրան հարցրեց. «Պարոն Խաչատրյան, մամուլում անընդհատ գրում են, որ ձեր եւ վարչապետի մեջ սեւ կատու է անցել, բայց այսօր այնպես ողջագուրվեցիք, այնպես բարեւեցիք՝ կարծես ամեն օր խաշ եք ուտում իրար հետ, երեւի դա սո՞ւտ է, հա՞, որ ձեր եւ վարչապետի միջեւ հակասություն կա»:
Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Բայց ի՞նչ հակասություն պետք է լինի իմ եւ վարչապետի մեջ: Մամուլը ի՞նչ է ուզում, որ չի գրում»:
Շամշյանն ասաց, որ մամուլը ճիշտ է գրում, դուք մամուլից նեղացա՞ծ եք՝ Սուրիկ Խաչատրյանն էլ պատասխանեց, որ ոչ բոլոր դեպքերում է ճիշտ գրում. «Նեղացած չեմ, բայց ոչ բոլոր դեպքերում է ճիշտ գրում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ձեր պաշտոնանկության մեջ էլ ժամանակին մամուլին էիք մեղադրում, որ այնքան թիրախավորեցին ձեզ, մինչեւ պաշտոնանկ եղաք՝ նա չհամաձայնեց. «Չէ, ի՞նչ կա մամուլին մեղադրելու, ես դիմում եմ գրել, ազատվել: Անցած լինի»:
Գագիկ Շամշյանն ասաց, որ վերջերս է շրջել Սյունիքում ու փոխանցեց, թե ինչ են ասում սյունեցիները՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Ասում են՝ ճիշտ է,Սուրիկ Խաչատրյանը դիկտատոր է, Սուրիկ Խաչատրյանը, կներեք արտահայտությանս համար, ասում էին՝ վայրենի է, բայց գոնե հասարակ ժողովրդի մատից յարա հանող է, քան նախկին մարզպետները: Ի՞նչ կասեք դրա մասին»: Սուրիկ Խաչատրյանը կարծես համաձայնեց ժողովրդի կարծիքի հետ. «Հենա, ժողովուրդն ասել է, էլ ես ի՞նչ ասեմ»:
Մեր հարցին՝ նոր ԱԺ-ի կազմը ձեզ ինչքանո՞վ է բավարարում՝ նա պատասխանեց. «Դե, նորմալ ա, հիմա՞ ինչից եք դժգոհ: Սաղ աշխարհին ապացուցեցինք, որ մենք քաղաքակիրթ ազգ ենք, կարող ենք աշխարհի ամենաարդար, մաքուր ընտրությունները կատարենք, էլի դժգոհում եք, բա տենց ո՞նց կլինի: Էդ ընդդիմության գործն է, պիտի դժգոհի, բա էլ ի՞նչ անի»:
Մեր հարցին, որ արդար ընտրություններ եք ասում, բայց Արտակ Սարգսյանի նախընտրական ժողովի ձայնագրությունները ցույց են տալիս, թե ինչպես են ընտրել՝ Սուրիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ տեղյակ չէ այդ ձայնագրություններից եւ չգիտի ինչի մասին է խոսքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթե մեկ – երկու անգամ լրագրողները լիսկաներին ,,շան տեղ չդնեն,, նրանց ինքնագոհությունից հետք չի մնա… Այ էստեղ է լրագրողների ,,մեղքը,,…