Թուրքիան, լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում Ադրբեջանում՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ռուսաստանի համար: Այս մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը և Թուրքիան այժմ գտնվում են երկխոսության զարգացման շատ դրական փուլում: Բայց ես, այնուամենայնիվ աչքից բաց չէի թողնի լուրջ վտանգը»,- նշել է նա:
Վիգեն Սարգսյանը խոսքով՝ Անկարան կարևոր դերակատարություն ունի նաև Արցախի հակամարտությունում, բացահայտ կերպով պաշտպանում է Բաքվին և՛ քաղաքականապես, և՛ սպառազինության և տեխնոլոգիաների մատակարարման առումով, ինչը զգալիորեն փոխում է դինամիկան տարածաշրջանում:
«Դա շատ լուրջ սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի հարավային թևում, քանի որ դա տեղի է ունենում Դաղստանի սահմանի մոտ»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Կարդացեք նաև
Վիգեն Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում իր տարածքում այլ պետությունների ռազմաբազաներ բացել:
«Այս պահին Հայաստանում որևէ այլ պետության բազաներ բացելու մասին քննարկումներ չեն տարվում: Մենք նման հայց չունենք նաև ռուսական կողմից»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ Գյումրու ռուսական ռազմաբազան մեծ նշանակություն ունի:
«Մենք ակտիվորեն շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ դրա արդիականացման, հնարավորությունների ընդլայնման շուրջ: Կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքների արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևեր»,- ասել է նախարարը՝ պարզաբանելով, որ խոսքը, մասնավորապես, ՀՕՊ ոլորտում համագործակցության մասին է:
«Ռուսաստանը մեծապես աջակցում է Հայաստանի զինված ուժերի ամրապնդմանը: Այս պահին մենք Ռուսաստանի հետ բազմաթիվ ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչև համատեղ գործողությունների պլանավորում»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ