Անցյալ տարի մի հոդված կարդացի այն մասին, թե ինչպես է երեք տարի շարունակ գնացքն աշխատել դեպի Հոկայդո կղզու Կամի-Սիրատակի կայարան` հանուն մեկ ուղեւորի: Եվ այդ ուղեւորը աշակերտուհի էր: Հետո հոդվածը թարմացվեց, ավելի ճիշտ Taiwan Apple Daily-ում հրապարակում պատրաստվեց այն մասին, թե ինչպես էին ճապոնացի երկաթուղայինները որոշում կայացրել քիչ օգտագործվող երեք կայարաններ` Կամի-Սիրատակիn, Կյու-Սիրատակին եւ Սիմո-Սիրատակին 3 տարի վնասով շահագործել, քանի որ աշխատում էին 10 դպրոցականների համար, որոնք 2016-ին ավարտեցին դպրոցը, կայարաններն էլ փակվեցին:
Ճապոնացիները հասկացել են, որ տնտեսական աճի տեմպերը եւ բարձր կենսամակարդակը կապված են իրենց երկրում մատուցվող կրթության որակի հետ, որը երկրի զարգացման համար անկյունաքարային է:
Ինչ վերաբերում է մեր երկրին, դպրոցների հարցում հայկական պատկերացումները լրիվ տարբեր են ճապոնականից: Այստեղ ավելի շատ հաշվարկակենտրոն են, քան աշակերտակենտրոն:
Օրերս տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, թե Հայաստանում 222 դպրոց ունենք, որտեղ զրոյից 50 աշակերտ է սովորում, 34 դպրոց էլ կա, որ 10-ից պակաս աշակերտ ունի, հետեւաբար անիմաստ է միմյանցից 2,5 կմ հեռավորությամբ դպրոցներ պահելը: Ուստի ՀՀ կառավարությունը որոշել է դպրոցները միավորել, որպեսզի 57 մլն դրամ խնայի:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ է կարծում, որ դպրոցների օպտիմալացումն անհրաժեշտություն է, քանի որ, ըստ նրա, այդ կերպ հնարավոր կլինի տնտեսված միջոցներն ուղղել ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը: Ընդ որում, արդեն իսկ հստակեցվել է 20 դպրոցի օպտիմալացման ծրագիր: Կրթության ոլորտի պատասխանատուներն էլ նշել են, որ առաջիկայում չեն լինելու 300-ից պակաս աշակերտ ունեցող քաղաքային դպրոցներ:
Կարդացեք նաև
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը այս մասին մտահոգ գրառում է կատարել ֆեյսբուքում` փաստելով, որ վերջին 23 տարում 300 հազար աշակերտ ենք կորցրել: Նա այդ գաղափարախոսությունը որակել է ազգ-անաշակերտ:
Մի բան հստակ է` անգամ ամենաավերակ դպրոցները գյուղերին կենդանության շունչ են պարգեւում, չնայած ծանր պայմաններին` հաճախ ընտանիքները չեն հեռանում, մինչեւ իրենց երեխաները չավարտեն, հետեւաբար գյուղերը մեռած են, եթե այնտեղ դպրոց չկա:
Ցավալի փաստ է, որ շատ դպրոցներում աշակերտները սակավաթիվ են, գյուղերն ու քաղաքներն էլ դատարկ ու լքված, բայց օպտիմալացված հաստատություններից քանի միլիոն դրամ էլ խնայեք, արտագաղթի ու գործազրկության հարցը չի լուծվի: Դրանց պատճառներն ավելի խորն են, խնդրի լուծման բանալին էլ` հայտնի, ու տարբեր կուսակցությունների ու կառավարությունների կողմից չարչրկված:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի 2012թ միակ առաջին դասարանցին: