«Էս շենքի հնությունը պետք ա ընդգծենք, դուռն էլ փետից դնենք, էս փիլաքյանն էլ մնա…Աշխարհում հնությունն ա գնահատվում: Մենք ինչ լինում ա, քանդում ենք, տեղը պլասմաս դնում: Հո ըտենց չի: Սա պետք ա ոչ թե քանդել`հանել, այլ պետք ա վերականգնել»,- Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Այսօր Արաբկիր համայնքում «Ելք»-ի քարոզարշավի ժամանակ, բակերից մեկում, Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներն առաջարկում էին, որ իրենց շքամուտքին դուռ դնի: «Ընտիր շենք ա, կսիրունացնենք, կվերականգնենք: Հլա, որ ինձ հարցնեք, էս պլասմասի բաները պետք չէր դնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան, քաղաքացիներից մեկը վրա բերեց. «Ելք կա»:
«Ելք»-ի քարոզարշավին մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը, Երեւանի ավագանու անդամ, «Ելք» դաշինքով առաջադրված Անահիտ Բախշյանը:
«Ելք»-ի ներկայացուցիչները հորդորում էին Արաբկիրի բնակիչներին`եկող կիրակի օրը կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկել «Ելք»-ի օգտին, քանի որ «Սերժ Սագսյանի փորած հուսահատության փոսից ելք կա»: