«Խաչիկ Մանուկյանը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս, նախօրոք պլանավորած գործուղման մեջ, որի ժամկետները սահմանվել էին դեռ ընտրություններից առաջ եւ դրանք տեղափոխել հնարավոր չէր: Ուստի ԿԸՀ վերջին նիստից հետո Խաչիկ Մանուկյանը մեկնեց գործուղման»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանի կինը`Ալիսա Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ Խաչիկ Մանուկյանը մեկն էր դաշինքի 12 պատգամավորներից, որոնց անունից ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Վերջիններս հայտարարեցին, որ իրենք ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացրել եւ պատրաստվում են պաշտպանել իրենց իրավունքները եւ վերցրեցին մանդատները: Ապա լուրեր տարածվեցին, որ նրանցից ոմանց նկատմամբ հետապնդում է սկսվել: Ավելի ուշ, սակայն, Նապոլեոն Ազիզյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի այդ մանդատը դնել Գագիկ Ծառուկյանի ոտքերի տակ: Արարատ Զուրաբյանը նույնպես հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին: Խոսակցություններ կան, որ մանդատ ստացած մյուս անձինք մայիսի 18-ին`նոր ձեւավորված խորհրդարանի առաջին նիստի օրը, հայտարարելու են մանդատներից հրաժարվելու մասին: Մանդատ վերցրած «Ծառուկյան» դաշինքի դեմ սպառնալիքների մասով Aravot.am-ը փորձել էր զրուցել Խաչիկ Մանուկյանի հետ, վերջինս, սակայն, չէր պատասխանել մեր հեռախոսազանգերին:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին` ինչու Խաչիկ Մանուկյանը մեկնաբանություններ չի անում տեղի ունեցածի վերաբերյալ, նրա կինը, տիկին Ալիսան նշեց, որ Խաչիկ Մանուկյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ որեւիցէ լարվածություն չկա: Ըստ նրա, Հայաստան վերադառնալուն պես նրանք կհանդիպեն եւ ստեղծված իրավիճակից հանգուցալուծում կգտնեն: Տիկին Ալիսան նաեւ ընդգծեց, որ Խաչիկ Մանուկյանը հանդիսանում է սահմանադրորեն ընտրված պատգամավոր:
Ասաց, որ ամուսնու ընտրողները այս ողջ ընթացքում եւ իրավիճակի զարգացմանը համահունչ, մշտապես եղել են իր կողքին, հայտնել իրենց աջակցությունը. «Այս ամբողջ ընթացքում նրանք զանգահարել են ինձ, ասել, որ իրենց ընտրած պատգամավորի կողքին են, պատրաստ են ամեն կերպ աջակցել նրան, նույնիսկ առաջարկել են գալ Երեւան եւ իրենց աջակցությունը հայտնել մեր ընտանիքին այստեղ: Սակայն, ես նրանց հորդորել եմ զերծ մնալ նման նախաձեռնությունից»:
Կարդացեք նաև
Տիկին Ալիսան նաեւ հայտնեց, որ Արագածոտնի մարզի ընտրողներին իր հետ զրույցներում հույս են հայտնել, որ Գագիկ Ծառուկյանը եւ Խաչիկ Մանուկյանը ստեղծված իրավիճակի շուրջ հնարավորինս շուտ համաձայնության կգան եւ միահամուռ ուժերով կլծվեն մարզի առաջ ծառացած խնդիրների լուծմանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ