Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշ-ցերեկույթ Բերձորում` նվիրված Ապրիլյան հերոսամարտի մարտիրոս-տղաներին (Ֆոտոշարք)

Մայիս 07,2017 11:57

Տղերքը՝ ժպտադեմ, տղերքը՝ տխրադեմ…

Սա Հայաստան է, և վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

2016 թ. Ապրիլյան հերոսամարտի մարտիրոս-տղաներին նվիրված հուշ-ցերեկույթ շատ է կազմակերպվում հայոց բոլոր դպրոցներում, բուհերում ու այլուր: Եվ այսպես են տղաները դառնում անմահ, դառնում հավերժի ճամփորդ: 25 տարի առաջ ազատագրված ու վերստին հայացած Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգում նույնպես փառաբանվեցին տղաները, և նրանց հոգիները հանգիստ են գտնելու, իրենց սխրանքը չի մոռացվել, ընդհակառակը, դարձել է մեծ դաս, դարձել արիության վառ օրինակ, դարձել սերունդներին ուղեկից։ Խոսեցին հերոս-մարտիրոսների մասին բերձորցի դպրոցականները՝ ասելով՝ Հայոց հող հայրենին ևս մեկ անգամ սրբացավ, ավելի թանկ ու քաղցր դարձավ 100-ից ավելի նորօրյա մարտիրոսների թափած սուրբ արյամբ:

Հերոսներ, ովքեր դարձան ասպար ու պարիսպ Հայոց սահմանին: Իսկ դպրոցականները, որ վաղը զինվոր են դառնալու, բժիշկ ու ճարտարապետ, հողագործ ու շինարար, ուսուցիչ ու տնտեսագետ, շարունակելու են մարտիրոսների կիսատ թողածը։ Տեր են մնալու այդ հողին: Դահլիճում ուսուցիչներ էին, ծնողներ, աշակերտներ, հյուրեր, ովքեր մոտ 1 ժամ հանդիսատեսն ու ունկնդիրը եղան դպրոցի 6-10-րդ դասարանների աշակերտների կազմակերպած «Հավերժի ճամփորդ» խորագիրը կրող հուշ-ցերեկույթին։ Ասմունք ու երգ, պար ու հերոսներին նվիրված խոսքեր:

Յուրահատուկ արիության դաս կայացավ: Հուզմունք ու հպարտություն ապրեցինք։ Նորից հիշեցինք անցյալ տարվա այս օրերը: Ողջ ազգն էր դարձել զինվոր: Նույն աշակերտների հայրերն ու պապերը, եղբայրները կամավոր առաջնագծում էին, Ռոբերտի ու Քյարամի, մնացած մարտիրոսների փոխարեն էին Հայրենի հողը պաշտպանում: Նույն աշակերտները դիրքապահների համար քաղցրավենիք ու նամակ էին դիրքեր ուղարկում, եկեղեցում մոմ էին վառում, որ հայ զինվորն անհաղթ մնա, անվնաս: Միջոցառումը նաև Շուշիի ու Բերձորի ազատագրման 25 ամյակին էր նվիրված, Հայոց նորօրյա բոլոր հաղթանակներին, Մեծ հայրենականում մեր պապերի կերտած աշխարհի ամենամեծ հաղթանակին: Ասմունքում են երեխաները՝ նկարագրելով հերոսների սխրանքը: Էկրանին ցուցադրվում էին Արևմտյան Հայաստանում, ՀՀ-ում ու Արցախում գոյություն ունեցող պատմական հուշարձանները, հնչեց «Չքնա՛ղ իմ երկիր, Հայաստա՛ն» երգը: «Այայի երկիր Արցախ» երգը շատ գեղեցիկ կատարեց Լիլիթը, իսկ Էլենը «Հայաստան աշխարհ» երգի հնչյունների տակ հեզաճկուն պարով ոգևորեց ներկաներին:

Ավարտվեց հուշ-ցերեկույթը, և բոլոր մասնակիցները ծափողջյունների տակ շարվեցին բեմի վրա՝ գեղեցիկ ու ժպտադեմ, հուզված ու ամաչկոտ։ Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը գոհ էր աշակերտների ելույթից, միջոցառման կազմակերպիչներից, դպրոցի տնօրենությունից: «Այս ելույթով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մեր երեխաներն են այս հողի տերը, որ շենացնելու են այն»,- ասաց Վ. Մովսիսյանը՝ հավելելով, որ զուր չէր տղաների մարտիրոսը. նրանց հերոսությունը դարեդար է հիշվելու:

ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Արցախի մասնաճյուղի մասնագետ Անժելա Գրիգորյանը, ով նույնպես ներկա էր ցերեկույթին, հուզված դիմեց աշակերտներին. «Զգացված եմ ձեր ելույթից. հայրենապաշտության ոգին էր այստեղ, որը հասնելու է սահմանին կանգնած զինվորին ու առավել հզոր դարձնելու նրան: Դուք եք տերը մեր երկրի և վաղվա պաշտպանը: Շնորհակալություն հայտնեց նաև դպրոցի անձնակազմին, որ նման աշակերտներ են դաստիարակվում ազատագրված ու շենացող Բերձորում»:

Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանն ասաց՝ հուշ-ցերեկույթը կայացավ կրթօջախի ողջ անձնակազմի միացյալ ուժերով և հավելեց՝ օրվա ընթացքում դպրոցի բարձր դասարանցիների համար կազմակերպվել է արիության դաս, որն անցկացրել է անցած ապրիլյան պատերազմական իրադարձությունների մասնակից Ազատ Սահակյանը, ով իր ծառայությունն այդ դժվարին ու պատասխանատու իրականացրել էր ԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Հյուրին ներկայացրեց շրջանի ԿԳ բաժնի վարիչ, ինչպես նաև դպրոցի պատմության ուսուցչուհի՝ Վարդուշ Մովսիսյանը: Ազատը վստահեցրեց, որ թշնամուն կարելի է սաստել միայն հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրով, որ հայրենիքն ամենքինս է, բանակը մերն է, ամեն մի զինվոր մեր որդին է, մեր եղբայրը, և բոլորս ենք պարտավոր ծառայել հայրենիքին՝ անգամ կյանքը չխնայելով:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031