Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սա Գրետա մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի, հայ զինվորի տոնն է. Մանվել Գրիգորյան

Մայիս 07,2017 11:27

Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահի օրվա եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Պարծանքով արձանագրենք, որ Արցախի պաշտպանության բանակն արդեն 25 տարեկան է: Արցախի բանակի առաջին պաշտոնական կազմավորումներից մեկն ինքս եմ ղեկավարել Հադրութի Էդիլլու ձորակում: Ի դեպ, հայրենասիրությունը մեր սերնդին փոխանցվեց հենց հայրենական մեծ պատերազմում հաղթած, Բեռլինում քոչարի պարած մեր պապերից:

Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահի օրով: Սա ամեն մի հայի տոնն է: Սա Վազգեն Սպարապետի եւ  մեր նահատակ ընկերների տոնն է, սա Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության տոնն է: Սա Գրետա մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի տոնն է, սա երիտասարդ, պատանի սերունդների, անգամ` նորածինների տոնն է: Սա սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, հայոց բանակի տոնն է` շարքայինի եւ սպայի, նախարարի եւ գերագույն գլխավոր հրամանատարի: Տոնդ շնորհավո´ր, հայ ժողովուրդ:

Շուն թուրքը, կարծես մոռացած, թե ինչպես էր 1994-ի մայիսին հրադադար մուրում, նախորդ տարվա ապրիլի առաջին օրվանից լայնամասշտաբ հարձակման անցավ Արցախի սահմանների ողջ երկայնքով: Եռասերունդ երկրապահը, բնականաբար, չէր կարող անտարբեր մնալ: Մի քանի ժամում մենք մոբիլիզացվեցինք, հայտնվեցինք առաջնագծում: Այսօր էլ Արցախի մարտական հենակետերում են երկրապահ կամավորականներն, իրենց երեխաներն ու թոռները, պատերազմի նահատակների երեխաներն ու թոռները: Երկրապահն առաջնագծում մնալու է այնքան, որքան կպահանջվի, չենք իջնելու խրամատից, քանի դեռ վերջնականապես չենք լռեցրել ազերիներին:

Երկրապահը միշտ եղել է ու կմնա Արցախի հետ, դիրքապահ հայ զինվորի ու հրամանատարի հետ, հայոց բանակի հետ: Մենք հպարտանում ենք 18-20 տարեկան հերոս տղաներով, որ հստակ պաշտպանում են հայրենյաց սահմանների անառիկությունը: Վստահեցնում եմ աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին, որ հայոց բանակի, երկրապահ կամավորականների ջանքերով, ՀՀ եւ Արցախի նախագահների գերագույն հրամանատարությամբ խաղաղության հաղթական մեծ պայմանագիր ենք պարտադրելու Իլհամ Ալիեւին: Սա ես հավաստիացնում եմ հազարավոր երկրապահ կամավորականների անունից, հայոց բանակի փառապանծ մարտիկների անունից, Արցախի հերոսական ժողովրդի անունից: Մենք վճռական ենք ավարտել դարերով կիսատ մնացած գործը: Ավարտենք, հասնենք հաղթական խաղաղության, որ մեր սերունդներն արդեն խաղաղ պայմաններում ապրեն:

Այս տոնական օրը ես կամենում եմ զեկուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանին եւ մեր նահատակ ընկերներին, թե ընդհանո´ւր առմամբ իրենց պատգամները հարգելու, իրենց ժառանգությանը տեր կանգնելու ուղղությամբ ինչ քայլեր ենք կատարել վերջին տարիներին: 2000 թվականից Երկրապահի օրն ընդգրկվել է ազգային տոնացույցում, սա պետականորեն նշվող տոն է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայր տաճարում, նաեւ` բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում նշվում է Երկրապահ կամավորականի օրը` հնչում են զանգերն ու մատուցվում է սուրբ պատարագ: Ես հպարտ եմ զեկուցել, այսպիսով, որ Երկրապահ կամավորականի օրը ճանաչվել է պետականորեն եւ ստացել մայր եկեղեցու օրհնությունը:

Շարունակելով երկրապահ կամավորականի ճանաչման թեման` նշեմ, որ 2013 թվականին պաշտոնապես ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը: Այս կերպ պետական ճանաչում ստացավ երկրապահ կամավորականությունը: Սա լուրջ բարոյական նշանակություն ունի մեր պետության համար: Ես հատուկ պետք է ընդգծեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դերն այս օրենքի ընդունման հարցում:

Հարկ եմ համարում հիշեցնել բոլորին, որ Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը: Երկրապահը չի դադարել բանակի հիմնական հենարանն ու կադրային բանկը լինել: Առաջնագծում կանգնելուց զատ` մեր պարտքն ենք համարում բանակին հայեցի դաստիարակված, բանիմաց կադրերի մատակարարումը: Այդ նպատակով գործում են «Երիտասարդ երկրապահ» եւ «Պատանի երկրապահ» կառույցները: Մեր այս կառույցներով անցած տղաներն ու աղջիկները դառնում են ռազմակրթական հաստատությունների, ընդհուպ՝ ռազմական ակադեմիայի առաջատար ուսանողներ, մեր այս կառույցներով անցած տղաները բանակի լավագույն զինվորներն են դառնում, միշտ բանակից շնորհակալագրեր են ստացվում այս տղաների համար: Այսօր մեր բոլոր բաժանմունքներում, նաեւ` Արցախում, Սփյուռքում կան պատանի երկրապահական կառույցները:

Այս կառույցի սաների ընդհանուր թիվն անցնում է 25 000-ից: Այս առումով եւս պետության հետ գործակցելու լայն դաշտ կա: Այս մասով եւս զեկուցեմ, որ դարձյալ Հանրապետության նախագահի միջամտությամբ պաշտպանության եւ կրթության նախարարությունների հետ հուշագիր ստորագրեցինք, եւ այսօր արդեն երկրապահի պատանեկան կառույցները գործում են Հանրապետության բոլոր դպրոցներում։ Հպարտությամբ զեկուցեմ, որ գործընկեր կառույցների եւ հայ առաքելական եկեղեցու հետ կազմակերպում եւ անցկացնում ենք հրամանատարասերժանտական դասընթացներ, ինչի շնորհիվ մեր պատանի երկրապահները բազմակողմանի զարգացած ՀՀ լիարժեք քաղաքացի են դառնում: Այսուհետ մեր պատանիները պետության հոգածության ներքո են` առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա ենք դրել պատանիների ուսուցումն ու դաստիարակությունը: Մենք պետք է այնպիսի սերունդ կրթենք, որ Բաքվում տաքուկ, փափուկ աշխատասենյակներում նստած չինովնիկները մեր երիտասարդներին, պատանիներին տեսնելով` սարսափեն: Պատանիները մեր վաղվա օրն են, մեր ապագան: Պատանի եւ երիտասարդ սերունդը վաղվա բարեկեցիկ Հայաստանն ու ամուր պաշտպանված Արցախն են:

Հարգարժա՛ն երկրապահ հայ ժողովուրդ, մեր սերունդն ունեցել է լրջագույն ձեռքբերումներ, հաղթանակներ: Վազգեն Սպարապետի առաջնորդությամբ, Եռաբլուրում ամփոփված քաջերի, այսօրվա հերոս տղաների ու մեր ժողովրդի, նաեւ` կենդանի հերոսների ջանքերով կայացրել ենք Հայաստանի անկախությունը, հայրենի տարածքներ ենք ազատագրել, Արցախի անկախ Հանրապետություն ենք կայացրել: Այդ բոլոր հաղթանակները երկրապահ հայ ժողովրդինն են: Ուրեմն, մեկ անգամ եւս շնորհավո՛ր տոնդ երկրապահ, շնորհավո՛ր տոնդ աշխարհասփյուռ հայ ժողովուրդ:
ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս, զորավար

Մանվել Գրիգորյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031