Լրահոս
Օրվա լրահոսը

Տնական hand made շոկոլադ (տեսանյութ)

Մայիս 07,2017 12:30

Հավանաբար տեսած կլինեք` hand made` ձեռքի աշխատանք հպարտ անունը կրող շոկոլադները որքան թանկ են ինչպես մեզ մոտ, այնպես էլ` արտասահմանում:
Սակայն ոչինչ չի խանգարում մեզ` ամենասովորական շոկոլադե սալիկի եւ մի քանի գրամ ընկուզեղենի, չրեղենի, նարնջի կեղեւի առկայության պարագայում պատրաստել գեղեցիկ եւ տպավորիչ hand made շոկոլադներ` մի քանի րոպեում:

Անհրաժեշտ մթերքները

Շոկոլադ (ցանկալի է դառը, բայց կարող եք վերցնել ձեր նախընտրածը)- 300 գրամ
Կարագ-80 գրամ
Նարնջի կեղեւ- 1 նարնջի
Ընկույզ (ցանկացած տեսակի ընկուզեղեն կարող եք վերցնել)- մի քանի հատ
Չիր- մի քանի հատ
Առկայության դեպքում` թարմ ելակ կամ բանան

Պատրաստման եղանակը

Պատրաստեք ջրային բաղնիք` մի կաթսայի մեջ ջուր լցրեք, վրան դրեք մեկ այլ, ավելի փոքր չափի կաթսա, որը չի ընկղմվի մեծի մեջ: Փոքր կաթսայի մեջ լցրեք կոտրած շոկոլադը եւ կարագը: Մեծ կաթսան դրեք կրակին:

Մինչ շոկոլադը հալվում է, յուղաթղթի վրա իրարից որոշակի հեռավորությամբ դասավորեք ձեր սիրելի մթերքները` նարնջի բարակ կտրատած կեղեւ, կտրտած ընկուզեղեն, չիր-չամիչ, անգամ` ծովի խոշոր աղ: Դրանց մոտ դրեք փայտիկներ (պարտադիր չէ), եւ սպասեք շոկոլադի հալվելուն: Հենց հալվի, մի լավ խառնեք եւ գդալ- գդալ լցրեք յուրաքանչյուր «կոնֆետի» վրա եւ թողեք սառի:

Թարմ ելակը, բանանը, արքայախնձորի կտորները նույնպես թաթախեք շոկոլադի մեջ եւ թողեք սառչի: Եթե սենյակում 18 աստիճանից բարձր է, կարող եք դնել սառնարան: Ի դեպ, եթե ուզում եք, կարող եք նախապես յուղաթղթի վրա ինչ-որ պատկեր նկարել` սրտիկ, ծաղիկ, շրջան եւ այլն, եւ նկարի մեջ լցնել շոկոլադը` համապատասխան տեսքը ստանալու համար:

Մոտ կես ժամից ձեր տնական, ձեռքի աշխատանք կոնֆետները պատրաստ կլինեն մատուցելու:

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

06.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031