«Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 5-ին եւ 6-ին կազմակերպել էր «Երևանի գինու օրեր» միջոցառումը: Երևանի ամենակոլորիտային անկյուններից մեկը՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածը, գինու թագավորության էր վերածվել: Հնչում էր կենդանի երաժշտություն, Սարյան փողոցում ժպտացող, լուսանկարվող մարդիկ էին, այդ թվում բազմաթիվ օտարերկրացիներ: Այդտեղ հանդիպեցինք նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Տերյան մշակութային կենտրոնի հայկական տարազներով արքաներն ու թագուհիները լրացնում էին գինու հնագույն օրրան Հայաստանի կերպարը:
Միջոցառման կազմակերպիչները դեռեւս ամիսներ առաջ հայտարարել էին, որ պայմանագրեր են կնքել տուր-օպերատորների հետ` Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից զբոսաշրջիկների հոսք ապահովելու համար:
Կարդացեք նաև
«Երևանի գինու օրերը», հիրավի, հրաշալի հնարավորություն էր հայ գինի արտադրողներին, լավագույն ռեստորաններին եւ ընդհանրապես սպասարկման ոլորտը ներկայացնողներին ցուցադրել իրենց արտադրանքը, գուցե եւ նոր գործընկերներ ձեռք բերել:
«Երևանի գինու օրերը» հավակնում է դառնալ Հայաստանի այցեքարտային միջոցառումներից մեկը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ