Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացած տուրիզմ ունեցող երկրներին պատերազմն ավելի քիչ է սպառնում (Ֆոտոշարք)

Մայիս 06,2017 22:20

Այսօր բոլորը խոսում են Հայաստանում տուրիզմի զարգացման մասին` դիտարկելով այն որպես առանցքային միջոց՝  տնտեսական ճահճից դուրս գալու համար: Պետք է արձանագրենք, որ մեր հանրապետությունն ունի տուրիզմը զարգացնելու բոլոր նախադրյալները՝ սկսած պատմամշակութային համալիրներից, վերջացրած բնական ռեսուրսներով: Չենք կարող չնկատել նաև այն փաստը, որ արևմտյան`հատկապես եվրոպական թևը, առաջիկա տարիներին իր ճանապարհորդների համար Հայաստանը տեսնում է որպես շատ հարմար «թիրախ»: Այդուհանդերձ, մենք չենք կարողանում ճիշտ օգտագործել մեր հնարավորությունները և տուրիզմի համար ստեղծված արդյունավետ ժամանակահատվածը:

Պետք է նկատենք մեր պատմամշակութային կառույցների անմխիթար վիճակը, գրեթե բոլոր վայրերում հիգիենայի կետերի բացակայությունը, աղտոտված շրջակայքը, կառույցների շրջակայքում անշուք կազմակերպված չարչիական առևտուրը և այլն:

Սրանք ծեծված թեմաներ են, որոնց կարծես կամաց-կամաց փորձում ենք անդրադառնալ: Բայց եկե՛ք խոսենք ավելի կարևոր բաների մասին: Ի՞նչ է տուրիզմը և ինչպե՞ս կարելի է այն օգտագործել պետական խնդիրներ լուծելու համար:

Տուրիզմ ասելիս, մենք առաջինը մտաբերում ենք հանգիստ, ճանապարհորդություն, շրջագայություն, պատմամշակութային կոթողներ, բնություն և այլն: Ընդհանրապես, տուրիզմի ոլորտները բազմաթիվ են, բայց, ընդհանուր առմամբ, ճանապարհորդներին կարելի է բաժանել երկու մասի. նրանք, ովքեր ընտրում են հաճույքներով լի, ժամանակակից աշխարհին բնորոշ գծերով վայրեր, օր.՝ լողափնյա՝ Դուբայ, Հունաստան, Իսպանիա և այլն, կամ ավելի քաղաքային՝ Լաս-Վեգաս, «Դիսնեյլենդ» ու նման վայրեր:

Այս ոլորտում շատ են նաեւ նրանք, ովքեր սիրում են լինել առաջադեմ երկրների մայրաքաղաքներում և մեգապոլիսներում:

Ճանապարհորդների երկրորդ տեսակը ավելի արկածային է. այդպիսիք սիրում են լինել անցյալում, ուսումնասիրել տվյալ տեղանքի էթնիկ երևույթները՝ ճարտարապետություն, ապրելակերպ, ավանդույթներ, բնության առանձնահատկություններ, խոհանոց…Այս տիպին են պատկանում նաև լեռնագնացները, վրանային ու քայլարշավային տուրեր նախընտրողները:

Կարծում եմ՝ դժվար չէ ենթադրել, որ Հայաստանն իր հնարավորություններով տիպիկ է երկրորդ տեսակին: Նախ արձանագրենք, որ եթե անգամ շատ ցանկանանք, միևնույն է՝ առաջին տիպի շրջագայողներին գրավելու համար ոչինչ չունենք՝ ո՛չ ծով, ո՛չ ժամանակակից զվարճանքների մեծ կենտրոններ, ոչ էլ, ցավոք, աչքի ենք ընկնում պատմական ճարտարապետություն ունեցող մեգապոլիսներով: Իսկ երկրորդ տիպի ճանապարհորդներին մենք ավելի քան կարող ենք բավարարել: Բայց դա անելու համար մեզ անհրաժեշտ է վերջնականապես գիտակցել, որ կարիք չկա լղոզելու այս երկու ճյուղերը. դա ի վնաս մեզ է: Պետք է ընդամենը աչքի լույսի պես պահենք մեր պատմամշակութային համալիրները, վայրի (բնական) ու մաքուր պահենք մեր բնությունը, հստակեցնենք մեր խոհանոցը ու մշակույթը:

Եկե՛ք առանձին-առանձին անդրադառնանք դրանց.

1.Պատմամշակութային համալիրները Հայաստանում անթիվ են: Բայց մենք ընտրել ենք սրանցից մի քանիսը, նրանց շուրջ կառուցել տվյալ կոթողից ավելի մեծ ու անճաշակ ռեստորաններ, հյուրանոցներ և այլն: էլ չեմ նշում որոշ հուշահամալիրների անգրագետ ու տգեղ վերականգնումը: Եվ մեր հյուրերին անպայման ուղեկցում ենք այդ նույն 10-20 հուշահամալիրներ: Իսկ մնացած վայրերը անտեսված ու լքված են: Վանքերի վրա ծառեր են աճում, շուրջը աղբանոց է ու չկան հիգիենայի կետեր: Նման մոտեցումը մեծ հարված է հասցնում նաեւ տուրիզմին: Մենք չենք կարողանում շեշտել այն, ինչը բերել է ճանապարհորդին մեր երկիր:

2.Ի հակադրություն մեր Հանրապետության փոքր տարածքի, բնությունը անչափ բազմազան է ու գրավիչ: Այստեղ կրկին ունենք նույն խնդիրը: Բոլոր հետաքրքիր ու գեղեցիկ վայրերում փորձում են ինչ-որ հացատներ ու հյուրանոցներ կառուցել, մինչդեռ դրանցով վանում ենք ճանապարհորդին:

Նրանք համոզմունքով պնդում են, որ չեն գալիս հացատուն տեսնելու, իրենց երկրներում դրանց ավելի լավ օրինակները կան: Նրանք գալիս են վայելելու մեր յուրօրինակ բնությունը, ինչը մեզ մոտ ծայրահեղ անխնամ վիճակում է:

Բոլորս գիտենք, որ վերջին ամիսներին շրջանառվում է Գոշի լճի վարձակալությունը և շրջակայքը կառուցապատելու թեման: Սա ուղղակի բարբարոսություն է բնության նկատմամբ: Էկոտուրիզմ ասվածը ամբողջ աշխարհում ընդունված է համարել վայրի բնության օժանդակում: Էկոտուրիզմով աչքի են ընկնում  Շվեյցարիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Ճապոնիան և այլն: Մենք ունենք բոլոր նախադրյալները՝ լինելու այս շարքում, և ուղղակի անմտություն է փչացնել այն ամենը, ինչ ունենք:

Ինչ վերաբերում է մշակույթին, ապա այս հարցը շատ խորքային է և ցավոտ: Ցանկացած երկրում հայտնվելիս մեզ հրամցնում են այդ երկրի բոլոր դրական որակները, մշակույթը, ամեն բան՝ ամբողջության մեջ: Մեզ մոտ եկողները լսում ու տեսնում են ամեն ինչ, բացի մեր ազգայինից: Եվ նրանք այդպես էլ չեն տեղեկանում, որ մենք ունենք տիեզերական երաժշտություն, հզոր պարեր, գեղեցիկ ավանդույթներ, մեծ խոհանոց և այլն:

Garni, Geghart, Armenia

Նրանք լսում են արաբաթուրքական ելևէջներով և հայերեն բառերով անորակ երաժշտություն, հյուրասիրվում են խորովածով, առավելագույնը՝ տոլմայով, լինում են Պատմության թանգարանում, Մատենադարանում և սահմանափակվում սխալ ու խղճուկ ինֆորմացիայով: Պետք է նկատենք ու հասկանանք, որ ճիշտ ու գրագետ կազմակերպված տուրիզմը նաև մարտավարական խնդիրներ է լուծում:

Զարգացած տուրիզմ ունեցող երկրներին պատերազմը ավելի քիչ է սպառնում: Իհարկե, չի կարելի անտեսել նաև տնտեսական թևը. միայն գրագետ կազմակերպված տուրիզմով կարելի է պետությունը պահել, բայց, ցավոք, այսօր մենք չենք գիտակցում այս ամենը: Մենք շատ ժամանակ չունենք. եթե հապաղեցինք, ստիպված կլինենք ճանապարհորդ անվանել Իրանից եկած անկիրթ ու հաճույքներ փնտրող զանգվածին:

Գեղամ Օհանյան

«Խարույկ» արշավական ակումբի տնօրեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031