Սերբիայում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը անցանկալի անակնկալով սկսվեց Հայաստանի հավաքականի համար: Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը համարվում էր այս քաշային կարգում հաղթողի բացահայտ հավակնորդը, երեկոյան պայքարելու է միայն բրոնզե մեդալի համար:
Սկսելով որակավորման փուլից՝ մեր «Ճերմակ Արջը» երկու անընդմեջ հաղթանակ տարավ, սակայն քառորդ եզրափակչում հավասար միավորներով (2:2) զիջեց նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին: Այնուհետեւ, Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտում եւս մի հաղթանակ տարավ ու հիմա ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ գոտեմարտում պայքարելու է իր համար անսովոր բրոնզե մեդալի համար:
Արթուր Ալեքսանյանը նախապատրաստության շրջանում վնասել էր ծունկը ու մինչեւ վերջին օրերը նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը հարցականի տակ էր: Ըստ ամենայնի, Նովի Սադում վնասվածքն իրեն զգալ տվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Vivaronews-ի