Իրանի նախագահի թեկնածուների մայիսի 5-ի երկրորդ հեռուստաբանավէճում խոշոր տոկոսով խնդրոյ առարկայ դարձան արտաքին քաղաքականութեան ասպարէզում Ռոհանիի կառավարութեան ուղղութիւնները ինչպէսեւ իրենց՝ առաջադրւած թեկնածուների պատկերացումները՝ նոյն ոլորտին վերաբերող հարցերի վերաբերեալ:
Մինչ դրանց անդրադառնալը, յայտնենք, որ հեռուստաբանավէճի ձեւաչափը հնարաւորութիւն չի տալիս թեկնածուներին, որպէսզի նրանք տւեալ ոլորտի կապակցութեամբ հանդէս գան ծրագրային-քննական ելոյթով, հետեւաբար բանավէճերը ընթանում են տարբեր հարցադրումներում ընդդիմախօս թեկնածուների ու տւեալ դէպքում պաշտպանւող թեկնածուների (գործող նախագահն ու փոխնախագահը) միջեւ: Այսպէս, առաջինները մանրուխոշոր օրինակներով փորձում են գրոհել երկրորդների ուղղութեամբ, իսկ այս վերջիններն էլ պաշտպանական դիրք ընդունելով, տեղ-տեղ էլ դիմում են հակագրոհի…
…. Երեւի մեզ համար յատկանշականը՝ բանավէճում, Իրանի Իսլամական յեղափոխութեան ակունքներից մինչ այժմ հասարակական, քաղաքական-պետական տարատեսակ օղակներում պաշտօնավարած եւ ահաւասիկ՝ գալիք նախագահական ընտրութիւններում իրեն Իսլ.«Մոթալեֆէ»-ի (կոալիցիա) կողմից որպէս թեկնածու առաջադրած Մուստաֆա Միրսալիմի քննադատութիւնն էր Ռոհանիին ու նրա արտաքին գերատեսչութեանը, երբ անընդունելի ու թուլութեան ցուցանիշ էր բնութագրում արտաքին քաղաքական կեցւածքը, որը ցուցաբերւել է Թուրքիայի նկատմամբ:
Մէջբերենք Միրսալիմի խօսքը.-
Կարդացեք նաև
«…. Մեր քաղաքացիները Թուրքիայի սահմանագլխում ծեծուջարդի են ենթարկւել, ո՞ւր էր ձեր արտաքին քաղաքականութիւնը, որով պէտք է պաշտպանւէր իրանցու արժանապատւութիւնը կամ՝ Թբիլիսիում անարգել են իրանցի կին ճամբորդին… սա ի՞նչ արտաքին քաղաքականութիւն է…»- հիմնաւորել է իր ընդդիմախօսութիւնը Միրսալիմը:
Ակամայից, յիշում ենք Ռոհանիի թիւ 1 դիւանագէտ Զարիֆի խօսքերը՝ Թուրքիայում «ձախողւած յեղաշրջման» մասին, երբ Պապից աւելի կաթոլիկ դարձած, ասում էր թէ՝ յեղաշրջման գիշերը մինչեւ լուսաբաց չքնեցի…:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ