Մայիսի 6-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում կայացավ «Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Փառատոնիի գլխավոր հովանավորն է ռուսաստանաբնակ գործարար Գրիգոր Ղուկասյանը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամներԱլինա Փահլևանյանը, Երվանդ Երզնկյանը, Նորայր Դավթյանը, Թովմաս Պողոսյանը, Մարտին Վարդազարյանը, Դավիթ Ղազարյանը, նաև՝ Ռուբեն Մաթևոսյանը, Անժելա Աթաբեկյանը, Մեդեա Աբրահամյանը և այլք:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհավորեց ներկաներին՝ համահայկական մշակութային փառատոնի մեկնարկի առթիվ, կարևորեց երկրորդ համահայկական մշակութային փառատոնի ծնունդը՝ որպես հայապահպանության հզոր ազդակ:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ համահայկական մշակութային ձեռնարկները հսկայական ներդրում են հայ մշակույթի զարգացման գործում՝ փոխանցելով ազգային շունչն ու ոգին:
Կարդացեք նաև
Փառատոնը մեկնարկեց «Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման արարողությամբ և անվանական ծառատունկով: Կաղնու անվանական ծառեր տնկեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավարը, գեղարվեստական խորհրդի անդամներ՝ հայտնի երգահաններ, երաժիշտներ, արվեստագետներ, մտավորականներ: Տեղի ունեցավ այգու հիմնադրման ամսաթվով սափորի ամփոփման արարողություն: «Նաիրի» երաժշտական այգում հետագայում կտեղադրվեն հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձաններ, կկառուցվի հայ երաժշտության պատմությունը ներկայացնող թանգարան:
ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն