«Շուշիի ազատագրումը մեր ազգի ոչ միայն ռազմական հաղթանակն էր, այլ նաև բարոյական»,- մայիսի 6-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Շուշիի ազատագրմանը, ասաց ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Նա հավելեց, որ այդ ժամանակ Հայաստանին մնացել էր 29.8 հազար կմ2 տարածք, որը ևս վտանգի տակ էր, և մնում էր միայն զենք վերցնել և պայքարել հանուն նրա, որ վերջ տրվի մեր ժողովրդին հալածելու քաղաքականությանը. «Մի գեղեցիկ օր, այս ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով մեր սերունդներին բախտ վիճակվեց երկար տարիներից հետո գոնե մեկ պատմական հաղթանակ տանել և սկսել մեր երկրի, մեր հայրենիքի վերանորոգման սուրբ գործը: Եվ այդ սուրբ գործի՝ հաղթանակի գագաթ հանդիսացավ մեր պատմական Շուշիի ազատագրման գործընթացը, որը կատարվեց հայ հրամանատարի, հայ զինվորի, հայ ֆիդայինի, հայ ազատամարտիկի և հայ ժողովրդի հավաքական ուժի համատեղ օգտագործման շնորհիվ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ