ՀՀ քննչական կոմիտեում ներդրվել է անչափահասների մասնակցությամբ քրեական գործերով ՔԿ քննիչների մասնագիտացման հատուկ դասընթաց, որի մասնակիցներն այսօր ստացան հավաստագրեր։
ՀՀ քննչական կոմիտեն կազմավորումից ի վեր հատուկ ուշադրություն է դարձնում քրեական վարույթի ընթացքում անչափահասների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրներին, ձեռնարկում հնարավոր միջոցներ՝ մասնագիտացված քննիչներ ունենալու և վարույթի ընթացքում անչափահասների իրավունքները պաշտպանելու, բարոյահոգեբանական առանձնահատկությունները հաշվի առնելու ուղղությամբ։
Անչափահասների մասնակցությամբ քննչական գործողությունները նրա համար հնարավորինս բարենպաստ պայմաններում անցկացնելու, հնարավոր կաշկանդող ազդեցությունը բացառելու նպատակով ՀՀ ՔԿ-ն տարածքային տարբեր ստորաբաժանումներում կահավորել է առանձին քննչական սենյակներ՝ հաշվի առնելով անչափահասների առանձնահատկությունները։ Միաժամանակ քայլեր են ձեռնարկվում՝ քննիչների նեղ մասնագիտացումն ապահովելու ուղղությամբ՝ ելնելով անչափահասների հոգեբանական, տարիքային, սոցիալական առանձնահատկություններից՝ տարբեր մարզերում կազմակերպելով կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ։
Կատարված աշխատանքների արդյունքում ՀՀ ՔԿ-ն արդեն հասել է որոշակի դրական արդյունքների, սակայն կարևորելով հիմնախնդիրը՝ 2017թ. հունվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ներդրվել է անչափահասների դատավարական մասնակցությամբ քրեական գործերով ՔԿ քննիչների մասնագիտացման հատուկ դասընթաց, որն իրականացվել է «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայկական մասնաճյուղի հետ համատեղ՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ:
Կարդացեք նաև
2017թ. մարտի 17-ից մինչև մայիսի 5-ը ՀՀ ՔԿ տարբեր մարմինների և ստորաբաժանումների 21 քննիչներ անցել են մասնագիտացված դասընթաց, որի ընթացքում քննիչներին ներկայացվել է օրենքի հետ առնչություն ունեցող և դատավարական տարբեր կարգավիճակ ունեցող անչափահասների հետ վարվեցողության կանոնները, դրանց առանձնահատկությունները, հոգեբանական առանձնահատկությունները, անչափահասների համար «անվտանգ» միջավայրի ստեղծման նախապայմանները:
«Անչափահաս մեղադրյալի, տուժողի, վկայի համար քննիչը ոչ միայն գործը քննող անձ է, այլ նաև՝ ուսուցիչ։ Ի շնորհիվ ձեզ՝ նրանք ոչ միայն պետք է հասկանան ու ըմբռնեն, որ այս կամ այն արաքը չի կարելի անել, այլ նաև՝ ինչու չի կարելի անել»,-խոսքն ուղղելով մասնագիտացված քննիչներին՝ ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։
Դասընթացն իրականացվել է ոլորտի 7 մասնագետների կողմից, որոնց թվում ոչ միայն քրեական իրավունքի և դատավարության մասնագետներ, այլ նաև հոգեբաններ, սոցիալական աշխատողներ։
«Փրոջեքթ Հարմոնի» միջազգային կազմակերպության հայկական մասնաճյուղի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը բարձր գնահատեց ՀՀ ՔԿ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալագրեր հանձնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին,ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանին, ՔԿ իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանին։
ՀՀ քննչական կոմիտեում պարբերաբար ուսումնասիրվում են երեխաների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ.-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում անչափահասների մասնակցությամբ քննված 107 քրեական գործերով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացություններով ուղարկվել դատարաններ: Այդ քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված 167 անձանցից 136-ը եղել են անչափահասներ և նրանց մասնակցությամբ քննված քրեական գործերի մեծ մասը ՝ 52-ը, հարուցվել են գողության հատկանիշներով (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված): Մնացած քրեական գործերից 9-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 4-ը` ՀՀ 104-րդ հոդվածով (սպանություն), 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և այլն:
2016թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է գտնվել անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 200 քրեական գործ, որոնցից 4-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Այդ քրեական գործերից 4-ը վերաբերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն և այլն: Քրեական գործերով որպես մեղադրյալներ ներգրավված անձանցից 24-ն անչափահաս են, որոնցից 9-ը՝ 14-16 տարեկան, 15-ը՝ 16-18 տարեկան: Վարույթում գտնվող գործերով եղել է 175 տուժող, որոնցից 47-ը՝ մինչև 12 տարեկան, 14-ը՝ 12-14 տարեկան, 72-ը՝ 14-16 տարեկան, 42-ը՝ 16-18 տարեկան: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 71 քրեական գործ՝ 83 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 2 քրեական գործ՝ 3 անձի վերաբերյալ):
Ներկայացված թվերը փաստում են, որ երեխաների նկատմամբ, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունները զգալի թիվ են կազմում Հայաստանում, ինչը պահանջում է հատուկ ուշադրություն բարձրացված խնդրի նկատմամբ:
ՀՀ քննչական կոմիտե